Սամվել Նաջարյան. «Պետք չէ, որ տրակտորը գնա, վիտրինայում դրվի»
Հայաստանում չի մշակվում մոտ 110-115 հզ. հա հողատարածք
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Բագրատ Սարգսյանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց, որ 2010 թ.-ին ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է տնտեսության զարգացման գերակա ուղղություն, սակայն այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չեն:
«Շատ հեշտ է հռչակել գերակա ուղղություն, բայց շատ դժվար է այդ ուղղությամբ ծրագրավորված, ուսումնասիրված միջոցառումներ, մշակված ծրագրեր ներկայացնելը և այդ ծրագրերը իրականություն դարձնելը»,- ասաց պատգամավորը:
Նախ, Բագրատ Սարգսյանի խոսքերով, ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է գյուղատնտեսական մթերք արտադրողին ու մշակողին լրավճարներ (սուբսիդիա) տրամադրելը` արտադրությունը խթանելու նպատակով: Մինչդեռ Հայաստանում այս կարգի լրավճար չեն տրամադրում:
Բանախոսը նշեց, որ 2007 թ.-ին շուրջ 247 մլն դրամ է հատկացվել հողօգտագործողներին` որպես սուբսիդիա, առավելապես Արագածոտնի մարզի ցորեն մշակող տնտեսություններին: 2008 թ.-ին այդ գումարը կտրուկ աճել է, և կառավարությունը բյուջեով 1 մլրդ 594 մլն է հատկացրել հողօգտագործողներին: 2009 թ.-ին բյուջեով հատկացրել է 1 մլրդ 602 մլն, բայց օգտագործել է 1 մլրդ 582 մլն-ը: Մինչդեռ 2010 թ.-ին, երբ գյուղատնտեսությունը հռչակվել է գերակա ուղղություն, այդ գումարը 1 մլրդ 54 մլն-ով պակասել է:
Բագրատ Սարգսյանի խոսքերով` պարարտանյութի հարցում պետությունը ևս չի աջակցում գյուղացիներին: «Նախորդ տարիներին 15 մլն դոլարի հաշվարկով ճապոնական կառավարությունը սուբսդիա էր տրամադրում, որպեսզի պարարտանյութ հատկացվեր գյուղացիներին էժան գներով: Արդեն 2-րդ տարին է, այդ սուբսիդավորումը նույնպես չկա: Այդ ուղղությամբ արդեն քաղաքականությունը բաց է թողնվել այն իմաստով, որ շուկան ազատականացվել է: Եվ եթե նախորդ տարիներին պարարտանյութը 3.500 դրամ էր, անցյալ տարի 6.500 դրամից մինչև 10-12 հզ. դրամի է հասել: Սերմնացուի հարցում 500 տ որակյալ գարու սերմ պետք է Ռուսաստանից ներկրվի, և առայժմ ուրիշ սերմնանյութի պահանջարկ գուղացիները չեն ներկայացրել»,- ասաց նա:
Բագրատ Սարգսյանի խոսքերով` պետությունը չի իրականացնում նաև իր կարգավորիչ դերը գյուղմթերքների մթերման կազմակերպում, վերահսկողություն և ֆինանսավորման գործում: «Պետությունը պարտադիր պետք է մթերման գործընթացին միջամտություն ունենա»,- ասաց Բագրատ Սարգսյանը:
Հանձնաժողովի անդամի խոսքերով` ի տարբերություն այլ երկրների` Հայաստանում սահմանված չեն նաև գյուղատնտեսական մթերքների առավելագույն և նվազագույն գներ:
«Այսօր մեր երկրում մթերվում է ստարտեգիական կարևորության գյուղատնտեսական մթերք` հաց: Եվ ինչպես ֆինանսական աշխարհում Սորոսը կամ մյուս խոշոր ֆինանսիստները կարողանում են ճգնաժամեր առաջացնել, դոլարի կուրս բարձրացնել-իջեցնել, շատ հնարավոր է` վաղը մեզ մոտ հացի գինը մի անգամից բարձրանա, որովհետև համարյա մոնոպոլիա է, և մինմում-մաքսիմում գներ դրված չեն: Վաղը կարող է ցորենի գինը դառնալ 400-500 դրամ: Ենթադրում եմ, չեմ ասում` անպայման այդպես կլինի: Բայց քանի որ գյուղատնտեսական մթերքների նկատմամբ մինիմում-մաքսիմում գնային վերահսկելի քաղաքականություն դրված չէ, դա նշանակում է, որ պետությունը իր այս կարգավորիչ դերը չի կատարում»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանում մշակվում է մոտ 300-305 հզ. հա հողատարածք, սակայն ընդհանուր հողատարածքները հասնում են 420 հզ հա-ի: Այսպիսով, չի մշակվում մոտ 110-115 հզ. հա հողատարածք:
«Հայաստանում 339.200 հողի մշակ կա: Ընդհանուր հողերը բաժանված են 1 մլն 200 կտորի: Բնական է` դա դժվարացնում է գյուղատնտեսության ինտենսիվ, արդյունավետ մշակությունը»,- ասաց Բագրատ Սարգսյանը:
Գյուղատնտեսության ամենակարևոր բաղադրիչներից մեկը` ոռոգման գինը, բարձրանում է: Բագրատ Սարգսյանի խոսքերով` ոռոգումը գյուղատնտեսության մեջ միակ համակարգն է, որ կայացել է և իրոք արդյունավետ է աշխատում: Թեև առանձին մարդկ կարող են դժգոհել, սակայն, նրա համոզմամբ, վերջին 2-3 տարիներին ջրի մատակարարման վերաբերյալ դժգոհություններ չկան:
«Մեխանիկական ոռոգման պայմաններում ջրի արժեքը մինչև 17 դրամ է, իսկ ինքնահոս ոռոգման պայմաններում շատ ավելի էժան: 2009 թ. միջին գինը 9 դրամ էր սահմանված, այս տարի 2 դրամ թանկացել է` դարձել 11 դրամ` 1 խ. մ.-ի հաշվարկով: Տարբեր մշակաբույսեր մշակելու պայմաններում 1 հա-ի հաշվարկով ջուրը մինիմում 55 հզ, մինչև 100 հզ. և ավելի դրամ է կազմում, որ գյուղացին ի վիճակի չէ վճարելու: Եվ եթե գյուղատնտեսությունը հռչակել ես գերակա ուղղություն, բնական է, որ պետք է կանգնես գյուղացու, արտադրողի կողքին, բայց ամեն գնով և սուբսիդիան ես կրճատում, և պարարտանյութերի հաշվով ես կրճատում, և ոռոգման ջուրն է թանկացվում: Ճիշտ է` մի քանի օր առաջ կառավարությունը որոշում ընդունեց 583 մլն հատկացնել ոռոգման սուբսիդավորմանը, բայց դա բավարար չէ»,- ասաց Բագրատ Սարգսյանը:
Նա նշեց, որ այսօր ամբողջությամբ ապահովված չէ նաև գյուղատնտեսության անվտանգությունը: Հայաստանում գյուղատնտեսությունը տարեկան միլիարդների կորուստ է կրում կարկուտների պատճառով: Հակակարկտային կայանները շատ քիչ են:
«Մի հակակարկտային կայանն արժե 15 հզ. դոլարի սահմաններում և ապահովում է 100 հա տարածքի անվտանգությունը: Կարելի է շատ արագ այդ սարքերից տեղադրել և ամբողջ վտանգավոր գոտիները փակել»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով գյուղտեխնիկային` նա նշեց, որ խորհրդային տարիներին` 1976-1988 թթ., տարեկան Հայաստան ներմուծվել է շուրջ 1000 տրակտոր: Մինչդեռ 1998 թ.-ից մինչև 2009 թ.-ը` 11 տարվա ընթացքում, Հայաստան է ներմուծվել 818 տրակտոր: Մեր պատությունը գյուղատնտեսության տրակտորային պարկը համալրել է հնդկական, չինական, ճապոնական կառավարությունների դրամաշնորհներով գնված տրակտորներով: Այս տարվա ընթացքում ևս 51 ճապոնական տրակտոր է հատկացվելու:
«Այսօր Հայաստանում մեխանիզացիայի շատ մեծ պահանջարկ կա: Այդ ուղղությամբ ևս ոչինչ չի արվում: Ստեղծվում են մեքենատրակտորային կայաններ, բայց դա հայեցակարգ է, որն առայժմ ԱԺ-ում ուսումնասիրվում է, որպեսզի ԱԺ-ը հաստատի հայեցակարգը հետագայում: Բայց ֆինանսավորան աղբյուրները հայեցակարգում նշված չեն»,- ասաց Բագրատ Սարգսյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` «Չինվան» գյուղտեխնիկայի արտադրական ձեռնարկության տնօրեն Սամվել Նաջարյանը, նշեց, որ վերոնշյալ 818 տրակտորը 5-6 ֆիրմայից է` հնդկական, բելառուսական, չինական, ճապոնական, իտալական:
«Մոտավորապես 7-8 երկրից գրանտներով այսօր տրակտորներ են մտել: Դրանք չեն սպասարկվում: Ես համարում եմ, որ Հայաստանը պետք է 1-3 տիպի տրակտորների վրա կանգնի, որպեսզի կարողանանք դրանց պահեստամասերը ապահովել: Ճապոնական տրակտորներ կան, որ մի անգամ 20 հատ ենք ստացել ճապոնական գրանտով, մի անգամ` մոտ 50 հատ: Այդ տրակտորների 30-40 %-ը այսօր չի աշխատում: Միայն հասարակ շարժիչի մի հատ փոքր պահեստամաս փչանալու դեպքում Ճապոնիայից բերելը ահավոր մեծ խնդիր է, բայց 50 հատ տրակտորի համար ոչ ոք սպասարկման խնդիր չի վերցնի իր վրա: Այս գրանտների 90 %-ը չի սպասարկում այս տրակտորները: Պետք է մեխանիզմով ապահովելուց հետո նաև սպասարկման կետեր ստեղծել»,- ասաց Սամվել Նաջարյանը:
Նա հավելեց, որ իրենք ընտրում են տրակտորիստների այն գյուղերից, որոնց տրակտոր են վաճառել, այդ տրակտորիստներին սովորեցնում սպասարկել տրակտորը, նրանց պահեստամասեր տալիս:
«Մեր օգուտը նա է, որ մեր արտադրած պահեստամասը մենք վաճառում ենք: Մեխանիզմների հետ կապված ամենից կարևոր խնդիրը սպասարկումն է: Այսինքն` մեխանիզմով ապահովելը ինքնանպատկ չպետք է լինի, որ տարբեր տեղերից նվերներ ստանանք տրակտորներ, բերենք լցնենք: Պետք չէ, որ տրակտորը գնա, վիտրինայում դրվի: Պիտի հողի վրա ինքը աշխատի»,- ասաց Սամվել Նաջարյանը:
2004 թ.-ից մինչև այսօր «Չինվան» ձեռնարկությունը հավաքել և վաճառել է 200-250 հատ տրակտոր: Կազմակերպությունը սկսել է գործել 2003 թ.-ից: Այդ ժամանակ են գնել առաջին պահեստամասերը, ներմուծել և սկսել հավաքման աշխատանքները: Այնուհետև սկսել են գործիքներ արտադրել:
«Շատ կարևոր է, որ այսօր գյուղացին մեխանիզացիա ունենա: Բայց դրա հետ միասին պետք է գյուղացին հնարավորություններ ունենա: Տարեկան 1000 տրակտորի պահանջարկ կա: Բայց գյուղացին հնարավորություն չունի այդ մեխանիզմները գնելու: Բանկեր կան, լիզինգներով տալիս են, վարկեր կան, գյուղատնտեսության աջակցման ծրագրեր կան: Բայց այդ ծրագրերով հանդերձ գյուղացին հնարավորություն չի ունենում ինքն այդ մեխանիզմը գնելու»,- ասաց «Չինվան» ձեռնարկության տնօրենը:
Ըստ նրա` գյուղացին պետք է կարողանա վաճառել իր արտադրանքը և մեխանիզմ գնել այդ փողով: «Իսկ այսօր եթե 50-100 դրամով խնձոր, 20-30 դրամով ծիրան են վաճառում, գյուղացին ո՞նց կարող է պարարտանյութ կամ մեխանիզմ գնել»,- ասաց Սամվել Նաջարյանը: Նրա կարծիքով` գրանտներով ոչ թե պետք է այդքան շատ տրակտորներ գնել, այլ վերամշակման հոսքագծեր բերել: Մթերողները պետք է ոչ թե 4-5 հոգի լինեն, այլ 10-30 կազմակերպություն, որպեսզի մրցակցություն լինի, գյուղացիների արտադրանքի գինը բարձրանա: Ինչպես նաև անհրաժեշտ է լուծել հակակարկտային կայանների տեղադրման խնդիրը:
«Չինվան» ձեռնարկության տնօրենի կարծիքով` քանի որ Հայաստանում ամբողջ հողատարածքները բաժանված են մանր կտորների, հարկավոր է գյուղացիներին մանր, օրինակ` 18-40 ձիաուժ ունեցող մեխանիզացիաներով ապահովել: Երբ այդ հողակտորները մեծացվնեն, դառնան մեծ ֆերմերային տնտեսություններ, արդեն հարկավոր կլինեն 50-80 ձիաուժ ունեցող տրակտորներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել