HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել է Շուշիի կենտրոնական փողոցների հիմնանորոգումը

Շուշիի Գ.Նժդեհ եւ Ա. Մանուկյան փողոցների հիմնանորոգմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է քաղաքի մի շարք սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների վերականգնումը: Փողոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Հեռուստամարաթոն 2009-ին Ռուսաստանի հայ համայնքի կատարած նվիրատվություններով: Կոյուղագծի, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցումից հետո փողոցներն ու մայթերը (ընդհանուր երկարությունը շուրջ 950 մ) կասֆալտապատվեն, կկահավորվեն: Փողոցների երկայնքով կտեղադրվեն լուսատուներ: Աշխատանքները կեզրափակվեն փողոցները մայթերից տարանջատող 1,5 մ լայնությամբ սիզամարգերի կանաչապատումով: «Շուշեցիներն արդեն չէին հավատում, որ քաղաքում որեւէ բան դեպի լավը կփոխվի: Հատկապես այս փողոցները վաղուց բարեկարգման կարիք ունեին: Այստեղ մարդկանց մեծ անցուդարձ կա. մոտակա շենքի բնակիչներ հաճախ օգտվում են հեռախոսակայանից, բանկից, գալիս են մշակույթի տուն, իսկ փողոցները տխուր վիճակում են»,- իր մտահոգությունն է հայտնում Շուշիի վարչակազմի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի վարիչ Գրիգորի Ավանեսյանը: Ա. Մանուկյան փողոցում է գտնվում նաեւ հրշեջ ծառայության կենտրոնը: Մեծ թվով այցելուներ ունի նույն փողոցի վրա գտնվող «Կանաչ Ժամը»` Հովհաննես Մկրտիչ եկեղեցին` կառուցված 1847 թվականին: Շուշեցիների բացատրությամբ` «Կանաչ» անունը պայմանավորված է եկեղեցու գմբեթի գույնով: «Հիմնադրամն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում Շուշիի  ենթակառուցվածքների վերականգնմանը. հույս ունենք, այս կերպ խորացնել շուշեցիների կապը սեփական հողի ու ջրի հետ: Շատ գնահատելի կլիներ, եթե  Շուշիի վերածննդին ուղղված աշխատանքները չսահմանափակվեին միայն մեր ծրագրերով»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Այս մասին հատյնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter