Ժամկետանց շիլաներից մինչեւ քաղաքականություն մեկ քայլ է
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խիստ նեղացել է «Հետքից»: Նա դեմքի տհաճ արտահայտություն ընդունեց, երբ տեղեկացավ, որ Ազգային ժողովում իրեն լուսանկարողը «Հետքի» լրագրողն է:
Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի չորրորդ գումարման 10-րդ նստաշրջանի բացման առիթով խորհրդարան եկած պատգամավորը նախ նստած տեղից դժգոհեց, որ Հայաստանում լրատվամիջոցները շատ են եւ իր պատկերացմամբ՝ մոտ 5000 լրագրող կա, այնուհետ ավելացրեց, թե գրեթե բոլորը «ստից-մտից բաներ են գրում»:
Սամվել Ալեքսանյանի նեղսրտելն «իրական» պատճառներ ունի: Պատգամավորին դուր չեն եկել մեր մի քանի հրապարակումներն այն մասին, որ իրեն պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում ժամկետանց մանկական շիլաներ են վաճառվում:
Քանի որ պատգամավորները սովորություն չունեն 30 րոպեից ավել նստած մնալ պատգամավորական աթոռին, Սամվել Ալեքսանյանն էլ նիստը սկսվելուց 30 րոպե անց դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից եւ մոտեցավ ինձ:
Ներկայացնում ենք «ոտքի վրա» պատգամավորի եւ «Հետքի» լրագրողի կարճ զրույցը:
Ասում եք՝ ինչու՞ եք «Հետքից» նեղացել:
Ի՜, բա ինչ ստից բաներ կա՝ գրում եք:
Օրինակ՝ ի՞նչ ստից բան ենք գրել:
Օրինակ՝ էս վերջում ինչ-որ կերերի մասին էիք գրել:
Բայց քաղաքացին էր դժգոհել, որ ժամկետանց մանկական կեր է գնել Ձեր խանութից:
Ցավդ տանեմ, լսի, օրական 5000 մարդ ա մտնում, տարբեր մարդիկ են մտնում: Կարող ա զակազով մեկն ուղարկել ա, պիտի վերցնեք գրե՞ք:
Բայց նրա ձեռքին կտրոն կար, որ այդ կերը Ձեր խանութից է գնել: Խմբագրությունում էլ կա ապացույց:
Այ մեռնեմ ջանիդ, ուզու՞մ ես մի հատ կտրոնով գամ ու ասեմ՝ սենց-սենց պրոբլեմ կա:
Այսինքն՝ Ձեր խանութներում ժամկետանց սնունդ չի վաճառվու՞մ:
Չէ, չէ, չի վաճառվում:
Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչու՞ այդ աղմուկը բարձրացավ:
Ես էլ քեզ ասում եմ, որ զակազով ուղարկել էին:
Իսկ ու՞մ «զակազն» է:
Ես ի՞նչ իմանամ, ցավդ տանեմ:
Սովորաբար Ազգային ժողովի աշխատանքներին չեք մասնակցում, այսօր ի՞նչ առիթով եք խորհրդարան եկել:
Ես միշտ էլ գալիս եմ:
Ինչու՞ Ձեզ չեմ տեսնում, եթե գալիս եք:
Երեւի դուք չեք գալիս:
Ես եմ միշտ գալիս:
Չէ, ես եմ գալիս:
Շարունակելո՞ւ եք զբաղվել քաղաքականությամբ:
Հլա 6 ամիս ժամանակ կա, հլը կորոշենք:
Դուք ամեն անգամ ասում եք, որ ոչ մի սեփականություն չունեք: Կասե՞ք, թե հանրությանը հայտնի Ձեր սեփականությունից որը Ձերը չէ:
Է՜, էլի սկսիր, իրականում ոչինչ չունեմ:
Այս ասելուց հետո պատգամավորն անմիջապես լքեց խորհրդարանի տարածքը: Քիչ հեռվում նրան սպասում էին նաեւ այլ լրագրողներ, սակայն Սամվել Ալեքսանյանը բոլորին ձեռքով «ցտեսություն» ասաց ու շտապեց դուրս՝ պատճառաբանելով՝ «շատ վռազ եմ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել