Վահե Արսեն. «Արվեստը մարդու անկատարության արդյունքում է ծնվում»
«Հետքի» հարցերին պատասխանում է բանաստեղծ Վահե Արսենը
Վերջերս Հոլանդիայում կայացավ Ձեր` «Կանաչ աստվածների վերադարձը» գրքի հոլանդերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսը, որի ժամանակ Ձեզ շնորհվել է նաեւ հոլանդական լավագույն բանաստեղծների «Jambe 2010» ամենամյա մրցանակը: Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը, եւ ի՞նչ են տալիս Ձեզ այս հաղթանակները:
Ամեն ինչ սկսվել է դեռեւս 2 տարի առաջ: Գրքի թարգմանչուհին` Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտարի հետ ծանոթացանք Երեւանում: Նրան դուր էին եկել իմ բանաստեղծությունները: Սկզբում նա թարգմանեց դրանցից մի քանիսը ու կարդաց հոլանդացի հանդիսատեսի առաջ: Դրական արձագանքից ելնելով` դրանից հետո ցանկություն հայտնեց ժողովածուն թարգմանելու: Այդպես համագործակցության հիմքը դրվեց: Իսկ Հոլանդիայում կայացած գրքի շնորհանդեսին եւ մրցանակը հանձնելուն ներկա չեմ եղել: Հաղթանակներն ինձ նյութապես ոչինչ չեն տալիս, իսկ հոգեպես` բավարարվածություն, որ վերջապես օտար աչքը տեսավ, գնահատեց: Գրելիս հատուկ նպատակ չեմ հետապնդում: Նպատակ չկա, գրում եմ առանց ակնկալիքների: Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ Աննան զանգեց ու ասաց, որ ես այդ մրցանակն եմ ստացել:
Իսկ ինչո՞ւ «Կանաչ աստվածների վերադարձը», որքանո՞վ է այս վերնագիրը բացահայտում ժողովածուի բովանդակությունը:
Վերնագիրը երկիմաստ է, եւ իմ կարծիքով` բացահայտում է նաեւ գրքի բովանդակությունը. կանաչը` որպես բնության խորհրդանիշ, մյուս իմաստը` որպես դրամական միավոր` դոլար, որ էլի տիրել է մարդուն, դարձել է նրա գերնպատակը: Գրքի շապիկի նկարի վրա արդեն երեւում է իմաստը: Երկրագունդը վերածվել է մացառուտի, ոչինչ չկա այլեւս, եւ ռոբոտը փրկում է վերջին ծառը: Նկարի անունն է` «Կանաչներից վերջինը»: Ծառը ռոբոտին ամենեւին էլ պետք չէ, իր համար անպետք մի բան է, բայց քանի որ մարդն իր մարդկային որակները կորցրել է, արդեն մարդ չէ, ստիպված ռոբոտն է ստանձնում մարդու դերը: Ու թեև դա իրեն գործնականում պետք չէ, բայց փրկում է նրան, այսինքն ձեռք է բերում «հումանիզմ» ասվածը` ինչի համար մենք ստեղծված ենք եւ ինչ մենք կորցրել ենք:
Երբ մարդիկ սկսում են շատ սիրել կենդանիներին, ինձ թվում է` ոչ թե մարդը չի հասկանում, որ պետք է մարդուն սիրի, ոչ թե կենդանուն, այլ ուղղակի կենդանու մեջ փորձում է մարդ գտնել: Ոչ թե կենդանին է մարդանում, այլ մարդն է կենդանու մեջ մարդ փնտրում:
Մարդն իր մեջ երկու սկիզբ ունի` բարի եւ չար: Մարդու գերնպատակն է բարին զարգացնելը, դրան հասնելը եւ չարը ճնշելը: Իսկ բնության մեջ չարը չկա: Մարդն է, որ իր տեղը հաստատելու, գրավելու համար փորձում է ոչնչացնել, զավթել, սպանել, կործանել: Հետաքրքիր է, որ դու ինչ-որ մեխանիզմի մասնիկն ես, կարեւոր չէ` փոքր կամ մեծ, բայց դու դրա մի մասն ես, քո տեղն ունես ու պետք չէ մեկ այլ մաս հանել` այդ տեղն ավելի մեծացնելու համար:
Ձեր կարծիքով` մեր միջավայրում մարդու ամենակործան գործողություններից ամենավառ դրսեւորումը ո՞րն է:
Քաղաքը: Ես Երեւանը չեմ ճանաչում: Նույն էդ հեռուսատատեսային ռեյտինգների տրամաբանությամբ ավերվում է քաղաքը. կանաչը կանաչի հետեւից, այգին այգու հետեւից: Ամբողջն ավերվում է, ոչ մեկ չի մտածում, որ ծառն ավելի կարեւոր է, քան կանաչը` դոլարը, որ ծառը հավերժության սիմվոլ է, որ իրենց երեխաները չեն ապրելու բնության մեջ, ապրելու են բետոնե քաղաքում, բետոնե պատերի մեջ: Այս ամենում զավթողական մտածողություն կա: Ես սիրում եմ հանճարեղ թամանյանական քաղաքը, շարժման մեջ գտնվող շենքերը, որոնք հիմա այլեւս պատմություն են դառնում, ավերվում:
Իսկ ինչպե՞ս է միտքը բանաստեղծություն դառնում: Ի՞նչն է հուզում Ձեզ, ինչի՞ մասին է Ձեր պոեզիան:
Մարդն իրականում չի փոխվում, ժամանակի մեջ նա նույնն է մնում, հետեւաբար խնդիրը նույնն է մնում, ինչ եղել է դարեր շարունակ: Եթե մարդը դառնա կատարյալ, ինձ թվում է` արվեստի ձեւը կփոխվի: Կարծում եմ` արվեստը մարդու անկատարության արդյունքում է ծնվում: Մարդն արվեստով ձգտում է դեպի կատարելություն:
Ես ինձ մի անգամ բռնացրի, որ լաց եմ լինում գրելիս: Ես ինձ կողքից տեսա, եւ ներսում էի, եւ դրսում: Գրելիս ընդհանրապես կողքի շարժումները չեմ լսում, տրանսային վիճակում եմ հայտնվում, բանաստեղծությունը ծնվում է լրիվ ինտուիցիայի ոլորտում, տուրք եմ տալիս ռիթմին, բաբախմանը, շեշտը դնում եմ ներքին տրոփյունի վրա, դրա համար էլ այն ռացիոնալ վերլուծության ենթակա չէ:
Մարդը հիմա ապրում է վախի եւ մահվան ժամանակաշրջան: Հեռուստատեսությունը միացնում ենք` ինքնաթիռ է ընկել, ինչ-որ մեկն սպանեց իր երեխային, հետո ինքնասպան եղավ, ինչ-որ աղանդավորական խումբ ինքնասպան եղավ, ու մենք սկսում ենք սպասել այդ լուրերին: Այսօր Հայաստանում արվեստը պահանջված չէ: Բոլոր լուրերն ասում են, նոր վերջում անդրադառնում մշակույթին: Այն ամենավերջին տեղում է: Դրա համար էլ մենք ունենք մարդկային արժեքների բացառիկ անկում: Արվեստը, որ միտված է մարդկային հոգին շարժել, չկա: Մենք ապրում ենք պարզունակ երեւույթներում: Սա բացատրում են հասարակության մեծամասնության պահանջարկով:
Ռեյտինգի մասին անընդհատ խոսում են, «ռեյ-ծ-ինգ»: Անընդհատ խոսում են դրա մասին, իսկ ռեյտինգը ո՞ւմ ռեյտինգն է` մտավորականությա՞ն, հանցագործ մասի՞: Ո՞ւմ ռեյտինգն է, ո՞ւմ:
Ինչի՞ հետեւանք է սա, ո՞ւմ է սա պետք:
Առհասարակ, ցածր ինտելեկտով մարդկանց շատ ավելի հեշտ է ղեկավարել. նրանք հարցեր չեն տալիս: Գիտեք, ժողովրդական մի լավ խոսք կա. «Եթե ակոսը ծուռ է գնում, մեծ եզից է»:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել