
Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի համայնքապետարանին կից խարխուլ, կիսաքանդ շինության մեջ դեռեւս 1990-ականների սկզբին տեղավորվել եւ բնակվում է Անահիտ Բաբաքյոխվյանի երեք հոգուց բաղկացած ընտանիքը:
«Եկեք, մեր Անիի ավերակները նկարեք,- այս խոսքերով մեզ ներս է հրավիրում տիկին Անահիտն ու պատմում,- հող չունենք, ոչինչ չունենք:
Նեղն ենք եղել, պարտքերի մեջ խրված ենք եղել, ծախել, կերել ենք: 90-ականների սկզբից եկել ենք այստեղ: Հիմա դեռ չեն ասում` դուրս եկեք, բայց եթե դուրս գանք, չգիտենք` ուր ենք գնալու»:
Տիկին Անահիտը 1984 թ. ամուսնացել, եկել է այս գյուղ: Այդ ժամանակ համայնքապետն այս տարածքը անժամկետ տրամադրել է ընտանիքին, ու մինչ օրս նրանք այստեղ են ապրում: «Եթե ուզենանք առնենք, ահավոր գներ են ասում, գումար չունենք»,- ասում է տիկին Անահիտը:

Տարածքը, որտեղ բնակվում է ընտանիքը, նախկինում ճաշարան է եղել: Հիմա այն կիսաքանդ վիճակում է, խոնավ պատերին դիպչելիս հողը թափվում է: Տանիքը նույնպես քանդված է, անձրեւների ժամանակ սենյակն ամբողջովին ջրով է ողողվում:
«Ասում են` եթե ֆինանս ունես, սեփականացրու, բայց չունենք: Բայց եթե չսեփականացնենք, երեքով դրսում կմնանք: Ամուսինս էլ երկրորդ կարգի հաշմանդամ է, աշխատելու հնարավորություն չունի»,- պատմում է նա:
Ընտանիքը շինությունը վերանորոգելու հնարավորություն էլ չունի: Եթե անգամ վերանորոգեն էլ, նրանք չգիտեն` դեռ որքա±ն ժամանակ կկարողանան այստեղ բնակվել, եւ թե ո±ր օրը նրանք դրսում կհայտնվեն:
«Որտեղից կանչում են գործի, գնում եմ: Ունեւորները սեփականություն ունեն, դաշտեր, եթե կանչում են գործի, գնում եմ: Որ մտնեք խանութ, պարտքերի մեծ ցուցակ է գրած: Աշխատում ենք մի բան ստեղծենք, որ կարողանանք գոնե մի քիչ պարտքերը փակել: Ուրիշ կերպ հնարավոր չի»: Ամբողջ ձմեռ ընտանիքը ստիպված է պարտքերով գոյատեւել, քանի որ ձմռանը դաշտերում աշխատանքի կարիք չկա:
Տիկին Անահիտի ամուսինը Բաքվից է գաղթել, ոչինչ չունի այստեղ, հաշվառված է հարեւան Զորակ գյուղում: Այս ընտանիքի միակ եկամուտը 16 հազար դրամ հաշմանդամության թոշակն է: «Ոչ ոք չունենք, որ կողքից օգնի, գյուղապետն էլ չի օգնում»,- ասում է նա:
Տիկին Անահիտի 24-ամյա որդին ներկայումս գտնվում է պայմանական ազատազրկման մեջ: Նա երիկամների հիվանդություն ունի, ինչի պատճառով ազատվել է զինծառայությունից: Հիվանդության պատճառով չի կարողանում ծանր ֆիզիկական աշխատանք կատարել, իսկ տան խոնավ պայմանները նպաստում են հիվանդության զարգացմանը:
«Գոնե կարողանամ այս տարածքը սեփականացնեմ, իմ անունով լինի, վաղը ինձ չհանեն փողոց գցեն: Ֆինանս չկա, որ գոնե շիֆեր առնենք, փակենք տանիքը: Տանը ջուր չունենք, դրսում է, հնարավորություն չունենք ջուրը ներս բերելու»:
Ընտանիքը նպաստ չի ստանում: Տիկին Անահիտի խոսքով` իրենց նպաստ չեն տալիս` պատճառաբանելով, թե ամեն ինչ ունեն, եւ իրենց բալերը չեն բավականացնում:
Վերջին շրջանում սննդամթերքի թանկացումից հետո ընտանիքի վիճակն ավելի է վատացել. «Ճիշտ է, միս, երշիկ չենք առնում, բայց միեւնույն է` ազդում է: Եթե 1000 դրամով մի ձեթ վերցնես, չես զգա՞ թանկացումը»,- ասում է տիկին Անահիտն ու ավելացնում, որ ծանր պայմաններին շատ ավելի հեշտ կլիներ դիմակայել, եթե որեւէ մեկը կարողանար օգնել իրենց` սեփականաշնորհել տան տարածքը. «Գոնե իմանամ, որ վաղը փողոցում չենք հայտնվի»,- ասում է նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել