HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Բա ու՞ր մնաց Սահմանադրությունը ԼՂՀ ԱԺ պատգամավոր, իշխանական Ազգային ժողովրդական կուսակցության անդամ Վահրամ Աթանեսյանը լիովին ընդունելի է համարել Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները ազատագրված տարածքների հնարավոր վերադարձի մասին: «ՉԻ» - Տարօրինակն այստեղ կոնկրետ այս պատգամավորի կարծիքը չէ: Բանն այն է, որ գոյություն ունի մի փաստաթուղթ, որը, կարծում ենք, պիտի ծանոթ լիներ Վահրամ Աթանեսյանին: Այդ փաստաթուղթը կոչվում է «ԼՂՀ Սահմանադրություն», և դրանում, պատկերացրեք, սևով սպիտակի վրա գրված է, որ Ղարաբաղն ազատագրված տարածքներ չունի, այդ տարածքները ԼՂՀ անբաժանելի մասն են: Այլ կերպ ասած, Ղարաբաղի իշխող կուսակցության ներկայացուցիչը, առավել ևս` պատգամավորը, պարտավոր է հարգել իր երկրի Սահմանդրությունը և դրան հակասող հայտարարություններ չանել (եթե նույնիսկ «հոգով-սրտով» կողմ է Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերին): Եթե պատգամավորն ինքն իր երկրի Սահմանադրությանը լուրջ չի վերաբերվում, ինչպե՞ս է պահանջելու, որ ուրիշները լրջորեն վերաբերվեն Ղարաբաղի անկախությանը: Այնպես որ` կոնկրետ Ղարաբաղի ժողովրդի համար այդ «փոխզիջումը» նախ և առաջ իրավական խնդիր է, և հենց այդ հարթությունում էլ պետք է քննարկվի առաջին հերթին: Իրար բան են հասկացնում Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստում, ինչպես արդեն հաղորդել ենք, քննարկվել է Վարդան Այվազյանի հարցը, որը Գագիկ Ծառուկյան-Ներսես Երիցյան վեճում զգուշորեն պաշտպանել էր Գագիկ Ծառուկյանին: ՀՀԿ-ն նրան խիստ նկատողություն էր հայտարարել: Այդ նիստին ներկաները ուշագրավ մանրամասներ են պատմում: Գործադիր մարմնի քվեարկության ժամանակ Այվազյանին նկատողություն հայտարարելու հարցում դեմ է քվերակել միայն Հովիկ Աբրահամյանը: Իր քվեարկությունը ԱԺ նախագահն արդարացրել է, ասելով, որ ինքը դավաճան ու քցող չէ` նկատի ունենալով իր և Գագիկ Ծառուկյանի խնամիությունը: Ինչին ի պատասխան` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե նա դավաճան լիներ, այս թիմում չէր լինի: Այս խոսակցությունից ներկաները հասկացել են, որ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերություններում որոշակի լարվածություն կա, և նրանք ակնարկների լեզվով իրար բան են հասկացնում: Զգում են Քաղաքական շրջանակներում շարունակում են խոսել արտահերթ ընտրությունների մասին, առջևում Կոնգրեսի ապրիլի 6-ի հանրահավաքն է և գազի համաժողովրդական հայցը: Նախօրեին էլ պարզվեց, որ իշխանությունները նորից փորձում են հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքից: Հիշեցնենք, որ Գյումրիում հրաժարվել էին ՀԱԿ-ին դահլիճ տրամադրել` ընդդիմադիր ակտիվի հետ հանդիպման համար: Երեկ թերթի հետ զրույցում, մեկնաբանելով այդ փաստը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասաց. «Գյումրիում Կոնգրեսն ունի շատ հզոր կառույց: Իշխանությունները զգում են, որ Գյումրիում մեր դիրքերը շատ արագ աճում են և անօրինական միջոցներով փորձում են այդ ալիքի դեմն առնել»: Ու քանի որ, ըստ Զուրաբյանի, Սերժ Սարգսյանը օտարերկրյա ներկայացուցիչներին խոստացել էր ապահովել հավաքների ազատությունը, ապա իրենք փորձում են, դիվանագիտական լծակներ օգտագործելով, վերականգնել տարածքներից ազատորեն օգտվելու իրենց իրավունքը: «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեր երկրին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, որովհետև դա քաղաքական այս լարվածության լուծման միակ ձևն է»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Տարեկան մեկ անգամ կթույլատրեն աղոթել եկեղեցում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար տեր Էրթուղրուլ Գյունայը բավարարել է նախարարությանը կից մշակութային հարստությունների և թանգարանների գլխավոր տնօրինության Վանի Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցու վերաբերյալ 2009թ. դեկտեմբերի 20-ին հղած դիմումը` թույլատրելով տարեկան մեկ անգամ կրոնական արարողություն կատարել այնտեղ: Նախարարի ստորագրությամբ որոշման մեջ ասվում է. «Նախարարությունը հարմար է համարում թույլատրել հոգևոր զբոսաշրջության շրջանակում Վանի Աղթամար կղզու եկեղեցու այցելուների հոսքը չխոչընդոտող մասում սահմանափակ թվով այցելուների մասնակցությամբ տարեկան մեկ անգամ` սեպտեմբերի երկրորդ շաբաթվա մեջ որևէ օր` ժամն ու տևողությունը նահանգապետարանի որոշմանը թողնելու պայմանով կրոնական բովանդակությամբ ծիսակատարություն կազմակերպել»: Թուրքիայի դեսպանը կվերադառնա Շվեդիա Լարվածությունը թուլանում է թուրք-շվեդական հարաբերություններում. Ստոկհոլմում Թուրքիայի դեսպան տիկին Ցերգուն Կորթյուրքը այս կամ հաջորդ շաբաթ վերադառնում է Ստոկհոլմ` գործունեությունը շարունակելու: Այս մասին «CNN TURK»-ով հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն: Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևին հակազդելու նպատակով մարտի սկզբին Անկարան հետ էր կանչել իր դեսպանին: Ովքե՞ր են իրար խառնվել «Ինձ թվում է` հիմա խառնվել են իրար այն մարդիկ, ովքեր զբաղված են ուրիշներին վիրավորելով ու զրպարտելով և լավ հասկանում են, որ այս օրենքի նախագիծն ուղղված է առաջին հերթին իրենց դեմ: Այս փոփոխությունների արդյունքում ոմանք արդեն լրջորեն կմտածեն` ուրիշների վրա ցեխ շպրտելուց առաջ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես է մենակաբանել իր, Ռուբեն Գևորգյանի և Հովհաննես Սահակյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի անհրաժեշտությունը ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter