Հայ-թուրքական փորձագիտական քննարկումներ Երևանում
Արմենիա Մարիոթ հյուրանոցում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) անցկացրեց հայ-թուրքական փորձագիտական քննարկումներ` Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (ԳՔՄԿ) մասնակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
Հանդիպմանը մասնակցեցին մի շարք հայտնի փորձագետներ ու ԶԼՄ մասնագետներ Թուրքիայից և Հայաստանից: Մասնակիցների կազմում էին Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, դեսպան Յալըմ Էրալփը (Թուրքիա), դեսպան Դավիթ Հովհաննիսյանը (Հայաստան), թուրք հայտնի լրագրող, քաղաքական մեկնաբան ու գրող Մեհմեթ Ալի Բիրանդը և
այլոք: Մանսնակիցներին իրենց ողջույնի խոսքը հղեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԳՔՄԿ տնօրեն Մենսուր Աքգյունը:
Դեսպան Յովանովիչը մասնավորապես ասաց. «Այսօրվա հանդիպումը մասն է գործընթացի, որն օգնում է դնել ավելի մեծ տարածաշրջանային ինտեգրման հիմքերը` մի բան, որն ըստ մեզ շատ կարևոր է, մի բան, որ կբերի տարածաշրջանային կայունության և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ու զարգացման ավելի բարձր մակարդակի»: Նա նշեց, որ այլ
երկրների փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակության դերակատարներն անհատապես, իսկ ավելի հաճախ` համախմբված կերպով, ողջ աշխարհով մեկ սկսել են խաղալ նոր ու կարևոր դեր ճգնաժամերի հաղթահարման մեջ: «Յուրաքանչյուր գործունեություն, լինի դա վերնախավում, միջին և կամ հասարակական ավելի ցածր մակարդակներում, եթե այն ուղղված է միջսահմանային հարաբերությունների վերափոխման, իր ներդրումն ունի առաջընթացի և ճգնաժամի հաղթահարման
ավելի նպաստող մթնոլորտի ձևավորման մեջ, և մենք հույս ունենք, որ այս նախաձեռնությունը մեզ մեկ քայլ ավելի կմոտեցնի Թուրքիայի ու Հայաստանի միջև բարելավված երկխոսությանն ու համագործակցությանը»:
Հանդիպումը հանդիսանում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը» նախագծի մի մասը, որը նպատակ ուներ կապեր հաստատել և զարգացնել փոխըմբռնումը հայ և թուրք ոչ-կառավարական, լրատվական և գործարար օղակների ներկայացուցիչների միջև: Քննարկման
ընթացքում արձանագրությունները հատուկ ուշադրության չարժանացան. մասնակիցները փորձեցին վերլուծել հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձան այն հարցին, թե ինչ քայլեր պետք է արվեն հանրային դիվանագիտության շրջանակներում` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին աջակցելու համար:
ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց. «Կարևոր է, որ չնայած քաղաքական դրության ներկա վիճակին, Թուրքիայի մեր գործընկերներն այցելում են Հայաստան` հանրային դիվանագիտության քննարկումների համար: Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունն անկեղծ ջանքեր է գործադրում երկու երկրների միջև կապերի կարգավորման ուղու վրա առկա
արգելքները հաղթահարելու համար: Մենք` Հայաստանում, աջակցում ենք այս ջանքերին»: Այս մասին հայտնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել