
Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակի». փաստաբանը կծանոթանա պատասխանին
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում լսվեց «Ժամանակ» օրաթերթի (հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ) վերաքննիչ բողոքն ընդդեմ Բելլա և Սեդրակ Քոչարյանների:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ, հունիսի 6-ին մասնակի բավարարել էր Բելա և Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի:
Դատարանը պարտավորեցրել էր «Ժամանակ» օրաթերթին հերքել «Արյունը` քոչարյաններից, կայֆը` Ծառուկյանից, իսկ հակացնցումը` Լֆիկից» խորագրով (25.09.2010թ., թիվ 157 (1858) համարի 5-րդ էջ), «Ադամանդե Ռոբ» խորագրով (29.09.2010թ., թիվ 159 (1860) համարի 1-ին էջ), «Volvo+Spayka=Սեդրակ Քոչարյան» (07.10.2010թ. թիվ 165 (1866) համարի 1-ին էջ) խորագրով տպագրված հոդվածներում ընդգրկված Բելա և Սեդրակ Քոչարյանների պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և հերքումը տպագրել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո նույն` օրաթերթում «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածներում հրապարակված տեղեկատվությանը: Նաև` «Ժամանակ» օրաթերթից հօգուտ Բելա և Սեդրակ Քոչարյանների բռնագանձել 1.000.000 դրամ` վիրավորանքի և 2.000.000 դրամ` զրպարտության միջոցով վերջիններիս պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման գումար:
Նիստին ներկա օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ ինքը բողոքի պատասխանը չի ստացել և դրա համար դատարանից խնդրեց երկու շաբաթ ժամանակ, որպեսզի ծանոթանա պատասխանին: Դատարանն ընդունեց փաստաբանի միջնորդությունը: Սակայն հայցվոր կողմի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը խնդրեց դատարանին, այնուամենայնիվ, հրապարակել պատասխանը, բայց դատարանը գտավ, որ կողմը պետք է նախօրոք ծանոթ լինի պատասխանի հետ, հետևաբար ընդունեց Բաղդասարյանի միջնորդությունը և դատական նիստը երկու շաբաթով հետաձգեց:
Մեկնաբանել