Սպասարկվել է մինչև տասնութ տարեկան 312 երեխա և պատանի
Գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի առողջապահական բաղադրիչի շրջանակներում Հայաստանի մանուկներ հիմնադրամը և Արմավիր մարզի Քարակերտ համայնքի ամբուլատորիան կազմակերպել են բարեգործական ակցիա և բարձրակարգ ատամնաբուժական ծառայություններ մատուցել տեղի և Բաղրամյան շրջանի հարևան համայնքների երեխաներին:
Հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ` ինչպես հայտնի է, ստոմատոլոիական օգնությունը մատչելի չէ գյուղական վայրերում ապրող բնակչության մեծամասնությանը` համապատասխան մասնագետների, ատամնաբուժարանների և որակյալ ծառայության բացակայության պատճառով, ինչպես նաև բնակչության վճարունակ չլինելու հետևանքով: Արդյունքում, չափազանց տարածված է ատամնափուտը (կարիեսը) և բնակչության գրեթե 100 տոկոսը ունի ատամների խնամքի կարիք` հաճախ սկսած վաղ մանկությունից:
Նմանատիպ առաջին այս ակցիան սկսվել է ս.թ. փետրվարի 1-ին և տևել 30 աշխատանքային օր` տրամադրելով անվճար ստոմատոլոգիական օգնություն բազում կարիքավոր երեխաների: Անհրաժեշտ նյութերով հագեցված Քարակերտի ամբուլատորիայի ատամնաբուժարանում ծրագրի շրջանակներում սպասարկվել է մինչև տասնութ տարեկան 312 երեխա և պատանի:
Ակցիայի ժամանակահատվածում բուժվել է 163 ատամ, հեռացվել` 110-ը, ռենտգեն հետազոտության է ենթարկվել 19 երեխա, 31 երեխայի ցուցաբերվել է խորհրդատվություն և կատարվել է բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա:
Մինչ ատամների ախտորոշման և բուժման բուն գործընթացի սկսելը` կազմակերպվել են առողջապահական կրթության սեմինարներ գյուղական դպրոցներում ու մանկապարտեզներում` նպատակ հետապնդելով հայտնաբերել ատամների հետ կապված խնդիրները, ինչպես նաև բարձրացնել երեխաների, նրանց ծնողների և ուսուցիչների իրազեկությունը ոչ պատշաճ խնամքի արդյունքում առաջացած հետևանքների վերաբերյալ: Առողջապահական այս դասընթացներին զուգահեռ` գյուղի ողջ ազգաբնակչությանը և երեխաներին ու նրանց ծնողներին բաշխվել են բերանի խոռոչի հիգիենան լուսաբանող տեղեկատվական թերթիկներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել