
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը քիչ առաջ «Տեսակետ» ակումբում նշեց, որ ազատագրված տարածքների ինչ-որ մասը պետք է հանձնենք Ադրբեջանին` պատերազմից խուսափելու համար: «Արդյո՞ք դուք հարցրել եք Ղարաբաղի ժողովրդի կարծիքը»,- «Հետքի» հարցին Սուրեն Սուրենյանցը պատասխանեց: «Ես պոպուլիստ չեմ, քաղաքական գործիչները հաճախ ժողովրդի հետ ազնիվ զրույցի ժամանակ փորձում են համոզել` ինչու է այս կամ այն լուծումը պետք: Ես չեմ կարծում, որ միայն հասարակական կարծիքն է քաղաքական վարքագիծ ձեւավորում, կա նաեւ հակառակ տրամաբանությունը, երբ քաղաքական գործիչները հստակ ասելիքով հասարակական կարծիք են ձեւավորում»:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը նշեց, որ ի սկզբանե այդ տարածքներն ազատագրվել են Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու նպատակով: «Այդ տարածքների մասին խոսելիս ես գերադասում եմ օգտագործել «անվտանգության գոտի» արտահայտությունը: Անվիճելի է, որ դրանց մի մասը որոշակի ժամանակահատվածում բանակցությունների արդյունքում Ադրբեջանին են վերադարձվելու, որ քաղաքական գործիչը ձեզ հակառակը կասի...»:
Իսկ ժողովուրդը ի՞նչ կասի:
Ցանկացած փոխզիջում խիստ ցավալի է, բայց կա ռեալ իրականություն: Իսկ Ադրբեջանի ժողովուրդը ի՞նչ կասի:
Մենք պետք է Ադրբեջանի ժողովրդի մասի՞ն մտածենք:
Այդ դեպքում կարգավորում չենք անի: Եթե երկու կողմերը մնում են կարծր իրենց դիրքորոշման մեջ, կարգավորում չի լինի, կարգավորման այլընտրանքը պատերազմն է: Ես չեմ ուզում պատերազմ լինի, եթե պատերազմ լինի, կմտածեմ` մասնակցեմ պատերազմին, թե ոչ: Քաղաքական գործչի ֆունկցիան ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելն է, իսկ եթե պատերազմ լինի, ես կվարվեմ այնպես, ինչպես իմ պետության շահերն են թելադրում: Բնականաբար, կդադարեցնեմ զբաղվել քաղաքականությունով եւ կզբաղվեմ նրանով, ինչը պատերազմի ռեժիմն է թելադրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել