
Դատական ակտերի հարկադիր կատարողները Աննա Փամբուխչյանին եւ նրա որդիներին գրավոր ծանուցել էին, որ պատրաստվում են վտարել նրանց Նոր-Արեշ 46 փողոցի 37 տնից, քանի որ ԱՄՆ-ում բնակվող Սոնյա Թովմասյանը դիմել էր դատարան` «իր գույքն ապօրինի տնօրինող» եղբոր կնոջն ու որդիներին տանից վտարելու պահանջով: Սակայն այսօր Փամբուխչյանը մեկ այլ գրություն է ստացել, որտեղ նշված է, որ ԴԱՀԿ-ի գործողությունները կասեցված են:
Պատճառն այն է, որ դեռեւս 1998 թվականին Էրեբունու տարածքի ժողդատարանի կայացրած վճռով ճանաչվել է վիճելի տան նկատմամբ Աննա Փամբուխչյանի եւ նրա որդիների բնակտարածության օգտագործման իրավունքը: «Թողնել նրանց բնակվելու նշված տանը պատասխանողի հետ համատեղությամբ»,- գրված է դատարանի վճռում:
Չնայած այս հանգամանքին` դատական ակտերի հարկադիր ծառայությունը պատրաստվում էր ընտանիքին վտարել տնից: Այժմ Աննա Փամբուխչյանը փորձում է կադաստրից ստանալ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականը: «Արդեն 4-րդ դիմումն եմ ուղարկել, նրանք անընդհատ մերժում են, մեկ ասում են, որ տունը արգելանքի տակ է, մեկ ուզում են, որ լիազորագիր ներկայացնենք տան սեփականատիրոջից»,- «Հետքին» ասաց Աննա Փամբուխչյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել