«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ
Սոնա Մաշուրյան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տարածքում հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման գործընթացում տեղ են գտել մի շարք խախտումներ եւ բացթողումներ: Այսպիսի եզրահանգման է եկել Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը` ուսումնասիրելով արգելոց-թանգարանի 2007-2008թթ. գործունեության ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը:
ՊՈԱԿ-ը հիմնադրվել է «Էրեբունի (Արին-Բերդ)» քաղաքատեղի (Ք.ա. 8-4 դդ.` զբաղեցնում է 29.6 հա տարածք) «Շենգավիթ» վաղ բրոնզեդարյան բնակատեղի (Ք.ա. 4-3 հազարամյակ` զբաղեցնում է 5.95 հա տարածք) եւ «Կարմիր Բլուր» բնակատեղի (Ք.ա. 7-րդ դար` զբաղեցնում է 39.7 հա տարածք) հնագիտական հուշարձանները պահպանելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ` պեղելու, ամրակայելու, ուսումնասիրելու եւ հանրահռչակելու համար:
Դատախազական մարմինը գտնում է, որ խախտումներն ու բացթողումները վերացնելու համար անհրաժեշտ է հաստատել «Էրեբունի (Արին-Բերդ)» հուշարձանի պահպանական գոտու նախագիծը« միջոցներ ձեռնարկել «Շենգավիթ», «Կարմիր բլուր» հուշարձանների թանգարանների շենքերի վերակառուցման, «Էրեբունի» թանգարանի շենքի վերանորոգման« հուշարձանների տարածքների պարսպապատման, «Կարմիր բլուր» հուշարձանի տարածքում կուտակված կենցաղային եւ շինարարական աղբը հեռացնելու« ինչպես նաեւ` հետագայում աղտոտումը կանխելու ուղղությամբ: Անհրաժեշտ է նաեւ բացառել հուշարձանների պահպանական գոտիներում ապօրինի հողազավթումների եւ ինքնակամ կառուցապատման դեպքերը, բացառել հուշարձանների պեղումներով հայտնաբերված գտածոները թանգարաններ չհանձնելու, պեղված հնավայրերը չամրակայելու դեպքերը, միջոցներ ձեռնարկել ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման (գնումների) գործընթացում, մասնավորապես` հուշարձանների վերականգնման աշխատանքներում` խախտումները բացառելու ուղղությամբ:
Խախտումները վերացնելու ուղղությամբ 2009թ. հուլիսի 31-ին գլխավոր դատախազի տեղակալը հաղորդում է ուղարկել ոստիկանության պետական պահպանության վարչություն` առաջարկելով վերանայել պահպանվող օբյեկտում պահպանություն իրականացնող անձանց շրջանակը, միջոցներ ձեռնարկել պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ, գրությանն ի պատասխան 2009թ. օգոստոսի 30-ին հաղորդվել է, որ հանձնարարվել է մինչեւ պահպանվող տարածքի պարսպապատումը պահեստային ուժերից տրամադրել անձնակազմ` թանգարանի տարածքում ծառայությունն ուժեղացնելու համար, վերանայել պահպանվող օբյեկտում պահպանություն իրականացնող ռազմականացված խմբի շրջանակը եւ կատարել համապատասխան կադրային փոփոխություններ:
2009թ. հուլիսի 28-ին եւ հոկտեմբերի 12-ին գրություններ են ներկայացվել նաեւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով միջոցներ ձեռնարկել «Կարմիր բլուր» հուշարձանի տարածքից շինարարական եւ կենցաղային աղբի հեռացման, ինչպես նաեւ հուշարձանների պահպանական գոտիներում եւ դրանց հարեւանությամբ արձանագրված ապօրինի հողազավթումների դեպքերի առնչությամբ:
Քաղաքապետարանից 2009թ. սեպտեմբերի 15-ին տեղեկացվել է, որ հուշարձանի տարածքում շինարարական աղբի ծավալը մոտավոր հաշվարկներով կազմում է 60.000 խ.մ., որի բարձման ու տեղափոխման աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ է շուրջ 120.0 մլն դրամ, ինչն ընթացիկ տարում հնարավոր չէ կատարել: Աշխատանքները կներառվեն քաղաքապետարանի հետագա տարիների միջոցառումների ծրագրում: Քաղաքապետարանից տեղեկացվել է նաեւ, որ Երեւանի քաղաքապետի 2009թ. դեկտեմբերի 16-ի հ.9818-Ա որոշմամբ հաստատված Էրեբունի ամրոցի վերականգնման ծրագրի համաձայն` պետք է իրականացվի նաեւ թանգարանի տարածքի բարեկարգման, աղբահանության, կանաչապատման եւ այլ աշխատանքներ, որի արդյունքում նախատեսվում է անդրադառնալ Էրեբունի թանգարանի պահպանական գոտուն վերաբերող բոլոր հարցերին:
Երեւանի քաղաքապետի տեղակալի 2009թ. հոկտեմբերի 27-ի եւ 2010թ. հունվարի 11-ի գրություններով հայտնվել է, որ ինքնակամ հողազավթումների դեպքերով վարչական պատասխանատվության են ենթարկվել 8 անձ, որոնք հարուցված վարչական վարույթի շրջանակներում Երեւանի քաղաքապետի կողմից կայացրած որոշումներով նշանակված վարչական տույժերը սահմանված ժամկետում չեն վճարել եւ գումարները բռնագանձելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը հայցեր է հարուցել ՀՀ վարչական դատարան: Կարմիր Բլուր հնավայրի պահպանական գոտում վերացվել է քաղաքացի Խորեն Մելիքջանյանի կողմից կատարված հողազավթումը եւ տարածքն ազատվել է, իսկ մյուս տարածքների փաստացի օգտագործողները դեռեւս չեն հայտնաբերվել:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ. Սիմոնյանը 2009թ. հուլիսի 23-ին նախազգուշացվել է 2000-2009թթ. պեղումների ընթացքում հայտնաբերած շուրջ 40000 կտոր գտածոները թանգարան հանձնելու եւ պեղավայրերն ամրակայելու մասին: Ըստ վերջինիս 2009թ. օգոստոսի 6-ի պատասխան գրության` թանգարան է հանձնվել թանգարանացման ենթակա 2000 կտոր գտածո, վերջին տարիների մյուս գտածոները մշակվում են, վերականգնվում եւ վավերագրվում` թանգարան հանձնելու համար, իսկ պեղավայրերն ամրակայվել են: Ներկայացվել են նաեւ կատարված աշխատանքների լուսանկարները: Մշակույթի նախարարության հնագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալը 2009թ. նոյեմբերի 12-ի գրությամբ հայտնել է նաեւ, որ մնացած 38000 կտոր գտածոներն ուսումնասիրելուց եւ լուսանկարելուց հետո, ընդունված մեթոդական կարգի համաձայն, մի մասը թաղվել է հուշարձանի տարածքում, իսկ մյուս մասը` նշանագրվել ու ցուցակագրվել է, եւ որպես գիտական ինֆորմացիա պարունակող արտեֆակտներ, պահվում է ՊՈԱԿ-ի արխիվում: 2009թ. հոկտեմբերի 10-ին թանգարանի տնօրենից պահանջվել է նաեւ միջոցներ ձեռնարկել արձանագրված ֆինանսական խախտումների կատարմանը նպաստող պայմաններն եւ պատճառները վերացնելու եւ պահպանության իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու վերաբերյալ:
Ուսումնասիրության ընթացքում արձանագրված «Գնումների մասին» Հայաստանի օրենքի պահանջների խախտումների առնչությամբ պատճառված վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել են «Զանգակ-97» ՍՊԸ-ի տնօրինությունը, որի կողմից փաստացի վճարվել է շուրջ 1մլն 130 հազար դրամ: Իսկ «Արագածոտն» ՓԲԸ-ի տնօրեն Լեւիկ Ղուկասյանի կողմից պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու եւ դրանք օգտագործելու միջոցով խաբեությամբ պետական բյուջեի միջոցներից 1.196.2 հազ. դրամ հափշտակելու վերաբերյալ նյութերով 2009թ. հուլիսի 21-ին Հայաստանի քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Խարդախություն եւ Փաստաթղթեր կեղծելը, հարուցվել է քրեական գործ« կատարվում է նախաքննություն: 511.1 հազար դրամի (ներառյալ ԱԱՀ-ն) հավելագրման փաստ է արձանագրվել նաեւ 2007թ. դեկտեմբերի 17-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի եւ «35 միլիմետր» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներում (պայմանագրով վերջինս մինչեւ 2007թ. դեկտեմբերի 31-ը պարտավորվել է կազմել «Շենգավիթ» արգելոց-թանգարանի ցուցադրության նոր պլանը եւ իրականացնել դրա աշխատանքները` 6100.0 հազ. դրամ գումարով):
2009թ. հոկտեմբերի 9-ի որոշմամբ, քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին եւ 325-րդ հոդվածի 1-ին մասերով քրեական գործի հարուցումը մերժվել է համաներման ակտի կիրառման հիմքով, հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված նյութական վնասն ամբողջովին վերականգնվել է: Նույն ընկերությունում նշանակվել եւ կատարվել է պետական բյուջեի նկատմամբ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որի արդյունքներով լրացուցիչ վճարման առաջադրված 425.5 հազար դրամը վերականգնվել է:
2009թ. հուլիսի 24-ին դատախազությունը պահանջել է նաեւ միջոցներ ձեռնարկել հուշարձանների պահպանության նպատակով բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչին ի պատասխան 2009թ. նոյեմբերի 11-ի գրությամբ հայտնվել է, որ թանգարանի տնօրինության եւ Շենգավիթ համայնքի պետական պահակային ծառայության միջեւ ձեռք է բերվել փոխադարձ պայմանավորվածություն` պահակային հսկողությունը կազմակերպելու համար ժամանակավոր տնակ եւ արգելափակոց տեղադրելու մասին:
Պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է նաեւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ու մանկատների 2007-2008թթ. գործունեության ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրվել են «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն», «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», «Գյումրու երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն», «Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների տուն», «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» եւ «Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ապրանքանյութական արժեքների եւ դրամական միջոցների շարժը« գնումների գործընթացի օրինականությունը:
Ուսումնասիրությունների ընթացքում պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցել է երկու քրեական գործ` «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով պետական կազմակերպությանը 2.190,7 հազար դրամի էական վնաս պատճառելու եւ «Կապանի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորա Բաղդասարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով պետական կազմակերպությանը 5.643,2 հազար դրամի էական վնաս պատճառելու վերաբերյալ նյութերով` Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ մյուս 6 պետական ոչ առեւտրային կազմակերպություններում նշանակվել են հաշվապահական ու ապրանքագիտական փորձաքննություններ« որոնց կատարումը դեռեւս չի ավարտվել:
Պետական շահերի պաշտպանության վարչությունը Երեւան քաղաքի դատախազության հետ համատեղ ուսումնասիրել է նաեւ 2008թ. եւ 2009թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի հարուցած եւ նրա դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հողազավթումների եւ ինքնակամ կառուցապատման դեպքերով հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 446 վարույթ, որից 8-ը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, 436-ը` 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետերով, 2-ը` 154-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարչական պատասխանատվության է ենթարկվել 333 իրավախախտն որոնցից գանձվել է 64.880,5 հազար դրամ տուգանքի գումար: Երեւանի քաղաքապետի որոշմամբ վարչական պատասխանատվությունից ազատվել է 71 անձ, իրավախախտման սուբյեկտի սխալ որոշման հիմքով կարճվել է 42 վարույթ: Նշանակված տուգանքի գումարը բռնագանձելու եւ ինքնակամ կառույցը քանդելու պահանջով քաղաքապետարանը դատարան է ներկայացրել 169 հայցադիմում, որից 164-ը` 48.980,0 հազար դրամ բռնագանձելու եւ ինքնակամ կառույցը քանդելու, 5 հայցադիմում` միայն ինքնակամ կառույցը քանդելու պահանջով: Հայցադիմումներից բավարարվել է 67-ը (40 %)` 19.450,0 հազար դրամ բռնագանձելու եւ ինքնակամ կառույցը քանդելու եւ 2-ը` ինքնակամ կառույցը քանդելու պահանջով, մերժվել է 46-ը (27 %)` 13.900,0 հազար դրամ բռնագանձելու պահանջով, պատասխանողի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով կասեցվել է 9 վարույթ` 2.400,0 հազար դրամ բռնագանձելու պահանջով, հայցից հրաժարվելու հիմքով կարճվել է 10.800,0 հազար դրամ բռնագանձելու պահանջով 35 գործի վարույթ (21%), որից 24 հայց` 6.800,0 հազար դրամ պահանջով` տուգանքի գումարը վճարելու հիմքով, 11 հայց` 4.000,0 հազար դրամ պահանջով` անհիմն որոշումները քաղաքապետի կողմից ուժը կորցրած ճանաչելու հիմքով: Ընթացքում է 12 վարչական գործ (7 %), որից 9-ը` 2.400,0 հազար դրամ բռնագանձելու, իսկ 3-ը` ինքնակամ կառույցը քանդելու պահանջներով:
2008թ. և 2009թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում գլխավոր դատախազի տեղակալը, ընդհանուր առմամբ, բողոքարկել է քաղաքապետարանի մասնակցությամբ գործերով կայացված 37 դատական ակտ, որից` վճռաբեկ դատարանը բավարարել է 11-ը, մերժել` 2-ը, վերադարձրել` 23-ը, հետ է վերցվել 1 բողոք: Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները որոշ դեպքերում վարչական իրավախախտումների մասին արձանա,րությունները կազմել են թերի, մակերեսային, չեն նշվել իրավախախտման կատարման ժամանակը, էությունը, ոչ մի արձանագրությունում չի նշվել ինքնակամ կառույցի ավարտվածության աստիճանը, մի շարք դեպքերում սխալ է որոշվել իրավախախտը, չի ճշտվել հողի սեփականության տեսակը, որոնց արդյունքում բազնաթիվ հայցադիմումներ մերժվել են:
Ուսումնասիրության ընթացքում բազմաթիվ խախտումներ եւ բացթողումներ են հայտնաբերվել քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման եւ հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի աշխատանքներում, մասնավորապես` իրավախախտման փաստական հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի քննության, վարչարարության օրինականության, կամայականության արգելման ապահովման, արարքի որակման, վարչական պատասխանատվության կիրառման, ինքնակամ կառույցի տնօրինման հարցերում, որոնց արդյունքում Երեւանի քաղաքապետի կողմից որոշ դեպքերում ընդունվել են անհիմն, անօրինական, իրարամերժ որոշումներ, որոնք էլ հայցերը հաճախակի մերժելու հիմք են հանդիսացել: Օրինակ` 2008թ. նոյեմբերի 7-ին Հակոբ Զորոյանի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել այն բանի համար, որ վերջինս Ջամբուլի փող. 1/1 հասցեի սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, կառուցել է 50քմ մակերեսով շինություն: Իրավախախտն արձանագրությունում հայտնել է, որ բնակարանային սուղ պայմաններից ելնելով` կառուցել է 50 քմ ինքնակամ շինություն, սակայն ոչ արձանագրությամբ եւ ոչ էլ բացատրությամբ չի նշվել իրավախախտման կատարման ժամանակը: Հանձնաժողովի եզրակացության հիման վրա քաղաքապետը 2008թ. դեկտեմբերի 23-ին թիվ վ-40/2 որոշմամբ նրան ենթարկել է 200,0 հազար դրամ վարչական տուգանքի եւ պարտավորեցրել վերացնելու իրավախախտման պատճառներն ու պայմանները: Այնուհետեւ` քաղաքացին դիմում է գրել քաղաքապետին` հայտնելով, որ ինքնակամ շինությունը կառուցել է մինչեւ 2001թ.` խնդրելով ազատել վարչական պատասխանատվությունից: Հանձնաժողովը վերանայել է գործը եւ հաշվի առնելով Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի 2008թ. դեկտեմբերի 16-ի տեղեկանքը` նշված հասցեում գտնվող շինությունը մինչեւ 2001թ. կառուցված լինելու վերաբերյալ, եզրակացություն է ներկայացրել քաղաքապետին` իրավախախտին վարչական պատասխանատվությունից ազատելու մասին, որի հիման վրա քաղաքապետը որոշում է կայացրել նախկին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Փաստորեն, հանձնաժողովի կողմից գործը բազմակողմանի եւ խորությամբ չքննարկելու պատճառով քաղաքապետը նույն գործի վերաբերյալ կայացրել է իրարամերժ որոշումներ:
Հայցային վարույթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչության նախագծերով հարուցված առանձին հայցեր դատարանները մերժել են թերի լինելու հիմքով կամ քաղաքապետարանն ինքն է հրաժարվել դրանցից: Որոշ վարչական գործերով, առանց ճշտելու իրավախախտման դեպքի առկայությունը, սուբյեկտը, վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը սահմանված կարգով եւ ժամկետում իրավախախտին հանձնված լինելու հանգամանքը, վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարելու վաղեմության ժամկետը, իրավաբանական վարչությունը հարուցել է անհիմն հայցեր: Այսպես, Երեւանի թիվ 84 դպրոցի տարածքում, պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում 25 քմ մակերեսով ինքնակամ շինություն կառուցելու համար քաղաքապետի 2008թ. մարտի 23-ի թիվ վ-6/5 որոշմամբ «Փարվանապրում» ՍՊԸ-ի տնօրեն Հայկազ Էլոյանը ենթարկվել է 400,0 հազար դրամ վարչական տուգանքի: Գումարը սահմանված ժամկետում չվճարվելու հիմքով իրավաբանական վարչությունն այն բռնագանձելու պահանջով հայց է հարուցել դատարան: Պատասխանողի կողմից ներկայացվել է հակընդդեմ հայց` քաղաքապետի նշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Որպես երրորդ անձ ներգրավված ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը 2008թ. հուլիսի 14-ի գրությամբ Երեւանի քաղաքապետին տեղեկացրել է, որ տվյալ դեպքում դպրոցի լոկալ ջեռուցման համակարգի կաթսայատան կառուցման պատվիրատուն եւ կառուցապատողը Երեւանի քաղաքապետարանն է, ուստի նա էր պարտավոր շինարարին ապահովել քաղաքաշինական փաստաթղթերով, այսինքն` խախտումը թույլ է տրվել Երեւանի քաղաքապետարանի եւ ոչ թե ընկերության տնօրենի կողմից« արդյունքում` շուրջ 7 ամիս տեւած անհիմն գործընթացն ավարտվել է հայցից հրաժարվելով:
Դատախազական մարմինը գտնում է, որ ինչպես ինքնակամ շինությունների ու ինքնակամ հողազավթումների, այնպես էլ` քաղաքաշինության բնագավառում տեղ գտած խախտումների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական պատասխանատվություն նախատեսել ինքնակամ շենքերին եւ շինություններին էլեկտրական էներգիայի, ջրի մատակարարման, ինչպես նաեւ կապի ու այլ ծառայությունների մատուցման համար: Քաղաքապետարանի աշխատանքներում հայտնաբերված թերություններն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար Պետական շահերի վարչությունը նպատակահարմար է համարում հաղորդում ուղարկել Երեւանի քաղաքապետին` պետական շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները բարելավելու, օրենսդրությամբ վարչական վարույթին ներկայացվող պահանջները, վարույթի իրականացման ժամկետները պահպանելու, 1 տարվա ընթացքում կրկին անգամ վարչական պատասխանատվության ենթարկված անձին քրեական օրենսգրքի 315 պրիմ հոդվածով` Պետական կամ համայնքային սեվականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը, քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով իրավապահ մարմիններին դիմելու, քաղաքապետարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցությունը բարձրացնելու համար: Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված կոնկրետ խախտումների բնույթը եւ պետության շահերին վնաս պատճառելու հանգամանքները պարզաբանելու, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար նյութեր նախապատրաստելու նպատակով Երեւանի քաղաքապետից պահանջվել են կոնկրետ վարչական վարույթների փաստաթղթեր, որոնք դեռեւս չեն ստացվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել