«Շենգենյան» արտոնագրի տրամադրման կարգը փոխվում է
Ապրիլի 5-ից 10 տարուց ավելի տարիք ունեցող անձնագրերում «Շենգենյան» վիզա չի տպվի
2010 թ. ապրիլի 5-ից ուժի մեջ կմտնի «Արտոնագրերի մասին» եվրահամայնքի օրենսգիրքը: Ապրիլի 5-ից հյուպատոսական ընդհանուր կանոնները, որոնք մինչ օրս սահմանում էին «Շենգենյան տարածքի» ատրոնագրերի տրամադրման կարգը, կփոխարինվեն վերոնշյալ օրենսգրքով:
Այսօր Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսին «Շենգենյան տարածքի» 6 անդամ-երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի և Լիտվայի հյուպատոսական ծառայությունների ներկայացուցիչները ներկայացրին այս փոփոխությունները:
Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը նշեց, որ բավականին շատ օրենքներ, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էին տալիս, պետք է փոխարինվեն նոր օրենսդրությամբ: Հյուպատոսի խոսքերով` նոր օրենսգրքի նպատակն է ավելի դյուրին դարձնել տեղաշարժերը ԵՄ տարածքում, ավելի շատ թափանցիկություն ապահովել վիզայի տրամադրման գործընթացում և կարգավորել կարճաժամկետ տևողությամբ, այսինքն` առաջին հերթին զբոսաշրջության և ընտանեկան նպատակներով այցելությունների համար տրվող արտոնագրերը:
«Մենք` «Շենգենյան գոտու» հյուպատոսական ծառայությունների ներկայացուցիչներս, արդեն իսկ իրավունք չունենք 10 տարուց ավելի տարիք ունեցող անձնագրերի մեջ վիզաներ տպելու: Սա նոր օրենսգրքի ամենակարևոր դրույթներից մեկն է: Ես հասկանում եմ, որ այն կարող է շատ հարցերի տեղիք տալ, բայց այդ մասին հայկական պատկան իշխանությունները իրազեկված են եղել»,- ասաց Ֆրեդերիկ Գրապենը:
Մնացած դրույթները, հյուպատոսի խոսքերով, ավելի տրամաբանական ու հայտնի են: Պետք է ունենալ ճամփորդություն կատարելուց հետո ևս 3 ամսվա ելքի վավերականության ժամկետով անձնագիր: Անձնագիրը պետք է լինի ֆիզիկապես կենսունակ, այսինքն` ունենա կնիքների համար ազատ առնվազն 2 էջ:
«Մենք գիտենք, թե մերժվելու դեպքում որքան հաճախ են մարդիկ հարցնում, թե ինչու են մերժվել: Համապատասխան ծառայությունները կարգավորող ղեկավար մարմինների մտահոգությունն է անել այնպես, որ նոր օրենսգրքի` ուժի մեջ մտնելուց հետո ամենաուշը մինչև 2011 թ. ապրիլի 5-ը, վիզաների ցանկացած մերժման պատճառաբանություն գրավոր ներկայացվի հետաքրքրված անձանց»,- ասաց Ֆրեդերիկ Գրապենը:
Նա հավելեց, որ որքան դիմումատուի կողմից հյուպատոսական ծառայությանը ներկայացվող փաստաթղթերը լիարժեք են, ընդգրկուն, տրամաբանորեն կապակցված, այնքան նվազում է մերժվելու հավանականությունը, և այնքան ավելի կարճ ժամանակում փաստաթղթերը կքննվեն:
Լրագրողներից մեկը հարցրեց, թե նոր օրենսգիրքը կոնկրետ ինչո՞վ է հեշտացնում վիզաների տրամադրման գործընթացը, օրինակ` վիզա ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը պակասելո՞ւ են: Ֆրեդերիկ Գրապենը նշեց, որ օրենսգիրքը ուժի մեջ է մտնում ապրիլի 5-ից մեկ տարվա ընթացքում` մինչև 2011 թ. ապրիլի 5-ը: Երբ օրենսգիրքը լիովին հաստատվի, ավելի պարզ ու հեշտ կլինի ստանալ կարճաժամկետ այցելության նպատակով տրվող վիզա, որոշ դեպքերում` մի քանի տարվա համար տրվող վիզա:
«Ենթադրենք` կոնկրետ ՀՀ քաղաքացին մի քանի անգամ արդեն հնարավորություն ունեցել է ճանապարհորդելու, և եթե պարզվում է, որ այդ քաղաքացու հետ կապված ոչ մի խնդիր չկա` ոչ մի օրենք չի խախատվել, և երբ մարդը արդեն կարդարացնի իրեն տրամադրված վիզան, բնականաբար որոշակի ժամանակ անց նա կմտնի հույս ներշնչող քաղաքացիների ցանկ, և հաջորդ անգամ վիզա տրամադրելու գործընթացը անհամեմատ ավելի հեշտ ու դյուրին կլինի նրա համար: Այդուհանդերձ, որոշակի թվով փաստաթղթեր պահանջվելու են այս նոր օրենսգրքի` ուժի մեջ մտնելուց հետո ևս»,- ասաց Ֆրեդերիկ Գրապենը:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ի՞նչը կարող է հիմք լինել մերժման և քաղաքացու` «հուսալի ցուցակում» հայտնվելու կամ չհայտնվելու համար` Ֆրանսիայի հյուպատոսը պատասխանեց, որ, եթե, ենթադրենք, տվյալ անձը դիմել է 60- օրյա վիզա ստանալու համար, բայց վերադարձել է 150 օր հետո, կամ ասել է, որ գնում է տվյալ նպատակով, սակայն իրականում այլ նպատակով է գնացել, ապա կհայտնվի անցանկալիների ցուցակում:
«Մի տիկին ինձանից խնդրեց 28 օրվա վիզա, մնաց 2,5 տարի: Տրամաբանական է, որ նա հայտնվի անցանկալիների ցուցակում»,- ասաց հյուպատոսը` միաժամանակ հավելելով, որ մերժման դեպքում իրենք «խաչ չեն քաշում», և կարելի է նորից դիմել այն պահից, երբ մերժման դրդապատճառն իրեն սպառած կլինի:
Շարունակելով ներկայացնել ապրիլի 5-ից ուժի մեջ մտնելիք փոփոխությունները` Ֆրեդերիկ Գրապենն ասաց, որ նախատեսված են «Շենգենյան» արտոնագրերի տրամադրման պարզեցման այլ միջոցներ ևս: Օրինակ` տարանցիկ B կատեգորիայի վիզաները դուրս կբերվեն շրջանառությունից: Այդ վիզան ճանապարհորդին հնարավորություն էր տալիս շրջագայել Եվրոպայով և փաստորեն, ընդամենը դուրս գալ օդանավակայանի տարածքից: Այժմ այն կփոխարինվի շատ կարճաժամկետ տարատեսակի` տրանզիտ C կատեգորիայի վիզաներով:
Ֆրանսիայի հյուպատոսն ասաց, որ պարզեցման գործընթացին առնչվող 3 կետ կա, որոնք պետք է հստակ գիտակցել: Առաջին` այսուհետև հայտ ներկայացնողները պետք է համապատասխան ծառայությանը թողնեն գրավոր հանձնառություն, որ պարտավորվում են անպայման նախանշված ժամկետում վերադառնալ իրենց երկիր: Երկրորդ կետը վերաբերում է անձնագրերի վավերականությունը, իսկ 3-րդ կետով «պետք է ապացուցվի, որ վիզա ստանալը պատրվակ չէր «Շենգենյան տարածք» մուտք գործելու համար»:
«Հաճախ մեզ հարց են տալիս` ինչո՞ւ եք այս փաստաթուղթն ուզում, այն մյուս փաստաթուղթն ուզում, մի 3-րդ կարգի փաստաթուղթ ուզում: Այն պարզ պատճառով, որ ինքնին մուտքի-ելքի արտոնագիրը ընդամենը այն տարրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս «Շենգենյան գոտի» թափանցելու, որովհետև սահմանային ծառայության պատասխանատուները միանգամայն իրավասու են և երբեմն անգամ պարտավոր են պահանջել ճանապարհորդից ներկայացնել այս կամ այն փաստաթուղթը: Եվ եթե պահանջում ենք այս կամ այն փաստաթուղթը, պարզապես այն պատճառով է, որ չենք ցանկանում, որ սահմանային համապատասխան ծառայության ներկայացուցիչը կապվի մեզ հետ և ասի, որ ձեր երկրի այսինչ քաղաքացին գտնվում է միջազգային չեզոք գոտում, որովհետև հարցնելու պահին չի կարողացել ներկայացնել պահանջվող փաստաթղթերից որևիցե մեկը»,- ասաց Ֆրեդերիկ Գրապենը:
Նրա պրակտիկայում նման դեպքեր շատ են եղել: Օրինակ` շատ տարեց մարդիկ, հասնելով Ֆրանսիայի օդանավակայան, չեն կարողացել դուրս գալ օդանավակայանից` պահանջվող փաստաթղթերից որևէ մեկը չունենալու պատճառով:
Ասուլիսի մյուս մասնակիցներից մեկը` Հայաստանում Գերմանիայի հյուպատոս Ֆրանկ Ռադկեն, նշեց, որ ԵՄ վիզաների վերաբերյալ նոր օրենգիրքը ճանապարհորդներին զերծ չի պահելու սահմանային ծառայությունների հետ շփվելու անհրաժեշտությունից: Նրա խոսքերով` մաքսատներում ու սահմանակետերում աշխատող պատասխանատուները և իրավունք, և պարտավորություն ունեն ստուգելու, թե ճանապարհորդի ներկայացրած փաստաթղթերը իրեն Եվրոպայում տեղաշարժվելու հնարավորություն տալի՞ս են:
«Օրինակ` նրանք շատ հաճախ բժշկական ապահովագրության հանգամանքը խիստ հսկողության տակ են վերցնում: Իրավունք ունի նաև, եթե զբոսաշրջության նպատակով է գնում, ստուգել, թե արդյոք ամրագրված հյուրանոցը կա՞, թե՞ այդ ընթացքում արդեն գոյություն չունի: Սա մի կողմից արվում է, որպեսզի հենց ճանապարհորդին պաշտպանեն և նաև հետևյալ տեսանկյունից ելնելով. երբ այստեղ Հայաստանի քաղաքացին հայտ է ներկայացնում վիզա ստանալու համար, ներկայացնում է փաստաթղթերի մի փաթեթ, որը ոչ մի նմանություն չունի այն փաստաթղթերի հետ, որոնք ինքը կարող է ներկայացնել սահմանին»,- ասաց Ֆրանկ Ռադկեն:
Նրա համոզմամբ` ճանապարհորդի համար պետք է խնդիր չլինի սահմանապահին ասել, թե ուր և ինչու է գնում:
Ֆրեդերիկ Գրապենն էլ նշեց, որ «Շենգենյան գոտու» հյուպատոսները չեն ցանկանում խոչընդոտել, որ հայերը ճամփորդեն: Ընդհակառակը` որքան շատ հայերը ճամփորդեն, այնքան երիտասարդությունը վերապատրաստվելու, կրթվելու հնարավորություն կունենա: «Եվ ինչպես ասել է մի գրող, որքան ավելի շատ երիտասարդները և ոչ միայն երիտասարդները հնարավորություն ունենան այլ երկրների օդը շնչելու, այնքան ձեր երկիրը, այս դեպքում` կոնկրետ Հայաստանը, ավելի կզարգանա»,- ասաց Ֆրեդերիկ Գրապենը:
Նա նշեց, որ օրենսգրքի կիրառումից սկսած` թևակոխում ենք փորձնական մի շրջան, քանի որ փոփոխությունը վերաբերում է «Շենգենյան տարածքի» աշխարհում բոլոր հյուպատոսություններին:
«Խնդրում եմ նաև չմոռանաք, որ մենք բոլորս` որպես տարբեր երկրիների ներկայացուցիչներ, բացի մեր ստանձնած եվրահամայնքի պարտավորություններից, ունենք մեր համապատասխան երկրների կանոնները հարգելու և կենսագործելու պարտավորություններ: Սրանով էլ պայմանավորում է այն հանգամանքը, որ երբեմն մի տարատեսակի փաստաթուղթ, որը չի պահանջում մեկ այլ երկրի հյուպատոսական ծառայություն, պահանջում է նույն «Շենգենյան գոտու»` այստեղ գտնվող, մեկ այլ հյուպատոսական ծառայություն: Պահանջվող փաստաթղթերը կախված կլինեն նաև մեր գործընկերներից, որոնք աշխատում են ոչ թե այստեղ, այլ սահմանների վրա, և որոնք մեզ կուղղորդեն` ասելով, թե ինչ տարատեսակի փաստաթղթեր մենք այստեղից պիտի պահանջենք նախքան վիզան տալը»,- ասաց Ֆրեդերիկ Գրապենը:
Նա տեղեկացրեց, որ նոր օրենսգրքով վիզայի ստացման սակագնի փոփոխություն նախատեսված չէ: Անդրադառնալով վիզայի համար դիմելուց հետո վիզայի ստացման ժամկետին` նա նշեց, որ այդ գործընթացը պետք է խիստ կանոնակարգվի, սակայն չի կարող ասել, թե կոնկրետ որքան կտևի, քանի որ հյուպատոսներն իրենց պատկան նախարարություններից դեռևս համապատասխան հրահանգ չեն ստացել:
«Ասեմ այն կատեգորիայի վիզաների մասին, որոնց հետ ես եմ շփվում: Առավոտյան եկան ինձ դիմեցին: Երբ ներկայացված փաստաթղթերում ամեն ինչ նորմալ է, 2 օր հետո վիզան տրվում է: Եթե փաստաթղթերը լրիվ չեն, բնականաբար, մենք ստիպված ենք այդ հայտը ներկայացնողին հետ կանչել և հարցեր տալ: Շատ հաճախ բավականին կամովին հյուպատոսները հնարավորություն են տալիս, որ մարդիկ պահանջվող փաստաթղթերը էլի բերեն, հասցնեն: Մի անգամից կարճ չեն կապում»,- ասաց Ֆրեդերիկ Գրապենը:
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե անձը վիզա ստացել է մինչ ապրիլի 5-ը, և այդ վիզան տրվել է, ենթադրենք, մեկ տարով` Ֆրեդերիկ Գրապենը և Ֆրանկ Ռադկեն պատասխանեցին, որ ապրիլի 4-ից առաջ տրված բոլոր վիզաները մնում են ուժի մեջ, և անձը կարող է մեկնել ապրիլի 5-ից հետո, եթե վիզան ստացել է ապրիլի 5-ից առաջ:
Թեև «Արտոնագրերի մասին» եվրահամայնքի օրենսգրքով նախատեսված փոփոխությունները վերաբերում են կարճաժամկետ վիզաներին, սակայն երկարաժամկետ վիզաների կարգը ևս մեկ փոփոխություն է կրել:
«Օրինակ` ձեր ընտանիքում ունեք մի ուսանող երիտասարդ, որը, ասենք, ուսումնառությունը ստանում էր Ֆրանսիայում և ով, դրանով հանդերձ, կարիք ուներ, ասենք, Գերմանիայում կամ Իտալիայում դասախոսությունների մասնակցելու: Նախկինում նման կարգավիճակով մարդուն հարկավոր պիտի լիներ 2 վիզա: Իսկ սրանից հետո արդեն` այն մտահոգությամբ, որ ավելի դյուրին դարձվի այդ գործընթացը, նմանատիպ միջամտությունը կատարելու համար ընդամենը մեկ վիզայի հարկ կլինի»,- ասաց Ֆրեդերիկ Գրապենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել