HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Մարտի 26-ին շարունակվեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա: Նույն օրը կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգորնախարարների խորհրդի հերթական նիստը, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես հայտնում է ՀՀ Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման,  հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության և  միգրացիոն քաղաքականության բնագավառներում փոխգործակցության, իրավապահ մարմինների միջև համագործակցության ակտիվացման և մի շարք այլ  հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին և ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակի առթիվ ընդունվելիք ուղերձի նախագիծը: Նույն օրը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի հետ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ սերտ համագործակցության ակնկալիք ունի` երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար: Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Գրիշենկոն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների, ինչպես նաև քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter