Ստորագրվել է 2,2 մլն դոլար արժողությամբ եռամյա ծրագիր
Մարտի 23-ին Վիեննայում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելան և Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ալեքսանդր Զմեևսկին ստորագրել են «UNIDO-ի ներդումների և տեխնոլոգիաների խրախուսման գրասենյակների ցանցի հիմնում (ITPO) Եվրասիական տնտեսական համայնքի (EurAsEc) անդամ երկրներում և Հայաստանում» եռամյա ծրագիրը:
Ինչպես հայտնում է ՀՀ Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ծրագիրը, որի արժողությունը 2.2 մլն ԱՄՆ դոլար է, ֆինանսավորում է ՌԴ-ն: Ստորագրման արարողությանը ներկա էին EurAsEc-ի երկրների և Հայաստանի մշտական ներկայացուցիչները, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության աշխատակիցներ:
Ծրագրի հիմնական նպատակն է` բարենպաստ միջավայր ստեղծել դեպի EurAsEc-ի երկրներ և Հայաստան ներդրումների հոսքի աճի համար, ավելացնել բարձր տեխնոլոգիաների և ներդրումների հոսքը դեպի արդյունաբերական հատված, աջակցել տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկությունների հիմնմանը: UNIDO-ի ծառայություններն ուղղվելու են կառավարություններին, հանրային և մասնավոր հաստատություններին, տեղական ձեռնարկություններին և ներդրողներին աջակցմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել