«Սարդարապատ»-ը քննարկեց Սփյուռք-Հայաստան կոնֆերանսի արդյունքները
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը մարտի 26-ին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) գրասենյակում կազմակերպել էր հերթական կլոր սեղանը` Վաշինգտոնում տեղի ունեցած «Սփյուռք-Հայաստան, անկախության 20 տարի» քաղաքական կոնֆերանսի արդյունքների վերաբերյալ:
Միջոցառման բանախոս, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, ով մասնակցել էր կոնֆերանսի աշխատանքներին, ներկայացրեց վաշինգտոնյան հանդիպումների և կոնֆերանսի ընթացքում մի շարք զեկույցներից իր տպավորություններն ու նկատառումները:
Վաշինգտոնյան կոնֆերանսի մասնակիցները տեսակետ են հայտնել, որ Հայաստանի իշխանություններին անվերապահ աջակցություն ցուցաբերելու արտերկրի հայության մի մասի որդեգրած դիրքորոշումը նպաստել է Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը` միաժամանակ փաստելով, որ ժողովրդավարական սկզբունքները նույնքան կարևոր են և անհրաժեշտ ավանդական կուսակցությունների, ազգային և հասարակական կազմակերպությունների գործունեության համար:
Կլոր սեղանի մասնակիցները կարծիքներ հնչեցրին այն մասին, որ մարտիմեկյան ողբերգությունը և հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դարձան պատճառ արտերկրում բնակվող հայությանը երկարատև թմբիրից արթնանալու համար, որի արդյունքում կարող են ծնվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սպասարկման համար նոր ձևափաչեր:
Իրողությունները վկայում են, որ և արտերկրում, և Հայաստանում առկա քաղաքական դաշտում ավանդական կուսակցությունների մենաշնորհը վաղուց իրեն սպառել է, և նոր ձևաչափերով ազգային-քաղաքական կազմավորումների ստեղծման անհրաժեշություն է առաջացել:
Քննարկման ընթացքում կարծիք հնչեց, որ «Սփյուռք-Հայաստան, անկախության 20 տարի» քաղաքական կոնֆերանսը թերևս ամենակարևոր նմանօրինակ միջոցառումն էր վերջին շրջանում, որն արժանի է հետագա ուսումնասիրության ու վերլուծության:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ
26.03.10 Երևան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել