HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Պարտատերերը խեղդում են

Վանաձորցի Համլետ Ռամազյանը պարտատերերից ազատվելու երկու ելք է տեսնում՝ կամ վճարել նրանց, կամ մի օր տնից դուրս գալ ու անհետ կորչել։ Իսկ ինչպե՞ս նա վճարի 1 մլն 200 հազար դրամը, երբ անգործ է, վատառողջ եւ հաշմանդամ մորից բացի ոչ ոք չունի աշխարհում։ Ընտանիքի միակ եկամուտը մոր հաշմանդամության 8000 դրամ թոշակն է։ Պարտք վերցնելիս ոչ թե չի մտածել այն վերադարձնելու մասին, այլ հենց այդ նպատակով էլ վերցրել է. ինչ-որ մեկից գումար ճարելով՝ վճարել է նախկին պարտքը, ապա փնտրել մեկ այլ պարտատուի՝ ազատվելու երկրորդից, հետո էլ այս վերջինն է դարձել անհամբեր, եւ այսպես՝ հերթական ու անվերջ պարտատերեր ու պարտատուներ։ Սրան գումարած` նաեւ ապառիկ վերցված սննդի եւ կոմունալ ծախսերի կուտակված պարտքերը։ Իսկ երբ պարտքը վերադարձնելու օրը նոր պարտք տվող չի գտնվել, Համլետը ստիպված դիմել է բարձր տոկոսներով գումար տվող վաշխառուներին։ Եվ պարտքը ոչ թե մարվել, այլ տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկվել է՝ Համլետին ու նրա մորը մատնելով ծայրաստիճան հուսահատության։ Նրանք ելք չեն գտնում՝ դուրս գալու այս խճճված հանգույցից։ Պարտատերերին թիվ ու հաշիվ չկա։ Գալիս աղմուկ-աղաղակ են բարձրացնում, կռվի տեսարաններ սարքում, սպառնում, խանգարում հարեւանների հանգիստը։ 21 տարեկան Համլետն արդեն հիվանդ է. եռարմատ ներվի բորբոքում ունի։ Համլետը խաչբառներ է վաճառում, զբաղվում շրջիկ մանրածախ առեւտրով։ Միջնակարգը գերազանցությամբ է ավարտել, եւ հավանաբար կյանքն այլ կերպ կդասավորվեր, եթե Համլետը բարեկեցիկ ընտանիքում ծնվեր։ Ծնողների ամուսնալուծությունից հետո Համլետի մայրը երեխայի հետ վերադարձավ մոր տուն։ Երբ երկրաշարժից այն ավերվեց, ընտանիքն այնուհետեւ բնակություն հաստատեց Վանաձորի Աղայան 65/17 հասցեում գտնվող երրորդ կարգի վթարային շենքում։ Այն ժամանակ էլ սոցիալապես անապահով պայմաններում էին ապրում, բայց տատիկի մահից հետո մոր եւ որդու նյութական վիճակը վատթարացավ։ Քանի դեռ նա կենդանի էր, քեռիներն օգնում էին իրենց մորը, իսկ նրա մահից հետո այլեւս ոտք չդրեցին մայրական տուն։ «Քեռուս տեսել եմ, բարեւել, ստացել «զահռումար» պատասխանը»,- ասում է Համլետը։ Հարեւաններն ասել էին, թե մայրը հավատացյալ է, նրանց տուն «քույրիկներ» են գնում-գալիս, տունը հավաքույթների սրահ է դարձել։ Այնինչ մայր ու որդի ավետարանչականների հավաքույթներին էին հաճախում՝ օգնություն ստանալու նպատակով։ Համլետը մինչեւ 18 տարին լրանալը պետք է նպաստ ստանար նրանցից։ «Մի քիչ էլ աղքատությունը ամաչացնում էր, որպեսզի հարազատ ընդունեն մեզ»,- խոստովանում է Համլետը։ Տատից ժառանգություն մնաց երկսենյականոց բնակարանը՝ չվճարված կոմունալ վարձերով։ Պարտքի պատճառով բնակարանը հոսանքազրկվեց, եւ նրանք մոտ 3 տարի ապրեցին առանց լույսի։ Էլեկտրացանցի պահանջը բավարարելու համար (վերջինս դատական պատասխանատվության էր ենթարկել պարտազանցներին) որոշեցին վաճառել իրենց միակ ունեցվածքը։ Հարցը դատական կարգով լուծվելու դեպքում տունը կբռնագրավվեր միայն էլեկտրաէներգիայի պարտքի դիմաց։ Ուստի նրանք որոշեցին անձամբ վաճառել իրենց բնակարանը եւ տնօրինել գումարը։ Այն վաճառվեց 315 հազար դրամով, եւ ամբողջը ծախսվեց պարտքերը վճարելու համար։ Լույսի պարտքը կազմում էր 175 հազար դրամ, ջրինը՝ 77 հազար, որի դիմաց զեղչով վճարեցին 30 հազար դրամ, աղբի դիմաց՝ 37 հազար՝ դարձյալ զեղչով։ Մարեցին նաեւ խանութների պարտքերի մի չնչին մասը։ «Ինչքան մթերային խանութ կա, բոլորին պարտք էինք»,- պատմում է Համլետը։ Տունը վաճառելուց հետո մայր ու որդի մնացին առանց ծածկի։ Վարձով բնակություն հաստատեցին Սունդուկյան 75 հասցեի տանը։ Այդ ժամանակ նրանք դեռեւս եկեղեցու հովանավորության տակ էին եւ երեք ամիսը մեկ 50 ԱՄՆ դոլար էին ստանում։ Յուրաքանչյուր եռամսյակի վերջում տանտերը որպես տան վարձ հաշվապահից վերցնում էր այդ գումարը։ Երբ եկեղեցուց ստացվող գումարը դադարեցվեց, նա սկսեց մայր ու որդուց պահանջել տան վարձը։ Այն ուշացնելու համար մի անգամ նույնիսկ ցանկացավ բռնագրավել նրանց ունեցած միակ զույգ մահճակալը։ 2007-ից նրանք մի կերպ պատսպարվեցին Ուսանողական 10/327 հասցեի հանրակացարանի շենքի մի սենյակում։ Սա թեեւ անվճար, բայց ժամանակավոր կացարան է։ Արդեն այստեղ էլ են հասցրել բոլոր հարեւաններից պարտք վերցնել եւ մի պարտքի դիմաց տալ իրենց հեռուստացույցը։ Համլետին այլ բան չի մնում, քան սպասեցնել տալ պարտատերերին. օրինակ՝ 100 հազար դրամ վճարելիք պարտքը պիտի վերադարձվեր փետրվարի 27-ին, այն հետաձգվեց մինչեւ մարտի 4-ը, ապա վերջին օր նշանակվեց մարտի 5-ը, հետո նորից հետաձգվեց։ Հոկտեմբեր-նոյեմբերից վերցրած պարտք ունի, որ կազմում է 130 հազար դրամ։ Պարտատերերը խեղդում են, բայց Համլետը չի մեղադրում նրանց. «Բա ես ո՞նց մուննաթ գամ,- ասում է ու վկայակոչում նրանցից մեկին,- իրա տան փետի փողից ա տվել»։ Մնում է անհույս ու անպատասխան օգնություն խնդրել բոլոր հասցեներով՝ սկսած տեղական իշխանություններից ու նախարարություններից մինչեւ բանկեր ու նույնիսկ Զվարթնոց օդանավակայան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter