«Երբ ազերիները կրակում են, բարձր երաժշտություն եմ միացնում, որ նրանք չլսեն կրակոցները, չվախենան»,-ասում է Չինարի գյուղի մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղասյանը:
Չինարին Բերդի տարածաշրջանի ամենահեռավոր բնակավայրն է: Հնում այստեղ բնակատեղի է եղել, սակայն գյուղը համարվում է 113 տարեկան: Բերդ քաղաքից մինչեւ Չինարի 33 կմ է: Մինչեւ Բերդ ճանապարհը բարեկարգ է, ասֆալտապատ: Այստեղից սկսվում է «չարչարանց ուղին»:
Բերդ-Վերին Կարմիրաղբյուր 12 կմ ճանապարհը մեքենաները սովորաբար կես ժամում են հաղթահարում: Փոսերն այնքան մեծ են, այնքան խոր, որ «ճանապարհ» բառն անհարկի է թվում:
Ադրբեջանի հետ 28 կմ սահման ունեցող Չինարիում հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից մինչ օրս 10 ազատամարտիկ եւ 19 խաղաղ բնակիչ է զոհվել:
Վերջին զոհը գարնան առաջին օրը` մարտի 1-ին է եղել, երբ դիպուկահարի կրակոցից զոհվեց չինարեցի 29-ամյա պայմանագրային զինծառայող, երկու երեխաների հայր Սարգիս Ոսկանյանը:
Համայնքի 50-ամյա ղեկավար Սամվել Սողոյանն ասում է, որ Մոսկվայում եւ Կրասնոդարի երկրամասում բնակվող չինարեցիները Սարգիս Ոսկանյանի ընտանիքին օգնել են 4 հազար դոլարի չափով, Մոսկվայում բնակվող չինարեցիների համայնքի խորհրդի նախագահ Սարգիս Վանյանը համայնքապետին հավաստիացրել է, որ եւս 1.5 մլն դրամ օգնություն կցուցաբերեն զոհվածի ընտանիքին:
«2008 թ. հունիսի 18-ին 2 զոհ եւ մեկ վիրավոր ունեցանք: Նրանք խաղաղ բնակիչներ էին, դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում: Այդ դեպքից հետո գյուղում վախ առաջացավ, արտագաղթն աճեց, դպրոցից միանգամից 17 երեխա հեռացավ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2008 թ. ողբերգական դեպքերից հետո տարեցտարի նվազում է գյուղի բնակչության, դպրոց եւ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Իսկ գյուղի պաշտպանունակությունն ամրապնդվում է: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի քանի օր առաջ երրորդ անգամ այցելեց համայնք, հենակետերի ինժեներատեխնիկական ամրացման աշխատանքներ են արվել, որպեսզի բացառվեն ադրբեջանցիների կողմից գնդակոծությունները: Հրաման է տրված, եթե Չինարիի վրա կրակ է բացվում, առանց հրամանի սպասելու, իսկույն պետք է պատասխանել, ինչը նախկինում չէր արվում»,- վկայում է համայնքապետը:
Գյուղի վերեւի` վտանգավոր հատվածում է գտնվում 12-րդ դարում կառուցված Խորանաշատի վանքը: Եկեղեցական տոներին չինարեցիներն այստեղ մոմ են վառում, շրջակայքը մաքրում: Համայնքապետին հարցնում եմ` վտանգավո՞ր չէ գնալը:
«Իհարկե, վտանգ կա, սակայն չինարեցիները համարձակ մարդիկ են»,- պատասխանում է Սամվել Սողոյանը:
Համայնքը գյուղատնտեսական նշանակության 750 հա հող ունի, որից 70 տոկոսն ականապատված է կամ գտնվում է գնդակոծության գոտում:
Գյուղի վերին հատվածում գտնվող հողերն ընդհանրապես չեն մշակվում, կրակի տակ են, այնտեղ տեխնիկա չի կարող մտնել: Ներքեւի հատվածում գտնվող խաղողի այգիները ոռոգվում են գետի ջրով: Անցյալ տարի ԻՖԱԴ կազմակերպության ֆինանսավորմամբ Այգեձորի Ծիլի ծով ջրամբարից ջրագիծ կառուցվեց: Սակայն ոռոգման ներքին ցանցը շատ մաշված է:
Համայնքապետարանը այն նորոգելու համար ծրագիր է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Չինարիի համայնքապետարանը ոռոգման ջրագծի ծրագիր է ներկայացրել Բերդի տարածաշրջանի ջուր օգտագործողների ընկերությանը (ՋՕՈՒ), որը միավորում է 8 համայնք:
Համայնքը ներդնելու է խողովակներ, կկառուցվի 1.5 կմ ոռոգման խողովակաշար, 50 հա հող ոռոգելի կդառնա: Չինարին գյուղտեխնիկայի խնդիր ունի: Խորհրդային ժամանակներից մնացած տեխնիկան քիչ է եւ հնամաշ:
Մինի տրակտորի պահանջ է զգացվում, որպեսզի խաղողի միջշարային տարածությունները մշակվեն: Առավել սուր է խմելու ջրի հիմնահարցը:
Նախկինում ջուր մղվել է 1972 թ. կառուցված պոմպակայաններից, որոնք 1991-ից մինչ օրս չեն շահագործվում: Բնակիչներն օգտվում են գյուղի տարածքում գտնվող 3-4 աղբյուրներից, ջուր կրում ձեռքով, ավտոմեքենաներով, էշերով:
Տարբեր ծրագրերով վերին թաղամասի աղբյուրից պլաստմասե խողովակներով ջրագիծ է կառուցվել, որը սնում է դպրոցը, մանկապարտեզը եւ բժշկական ամբուլատորիան: Այդ ջրագծից օգտվում են նաեւ հարակից տների բնակիչները: Համայնքապետն ասում է, որ ծրագրեր են ներկայացրել, հավանաբար մայիսից հնարավորություն կստեղծվի արտեզյան հորեր փորելու:
Չինարին Տավուշի մարզի 2 համայնքներից մեկն է, որտեղ աշխատավարձի նախկին պարտքեր կան: 2008 թ. հոկտեմբերի 20-ից համայնքը ղեկավարող Սամվել Սողոյանը փաստում է, որ պարտքերից 2009-ին 2.4 մլն դրամ մարվել է:
2010 թ. առաջին եռամսյակում պարտքերից վճարվել է եւս 300 հազար դրամ, ներկայումս աշխատավարձի եւ սոցվճարների պարտքը կազմում է 1.7 մլն դրամ:
Նախատեսված է այս տարի այն ամբողջությամբ փակել: 1287 բնակիչ ունեցող համայնքի 2010 թ. բյուջեն 17 մլն դրամ է, որից պետական լրավճարը` 11.9 մլն:
Չինարեցիների համար կարեւոր է համայնքային կենտրոնի հիմնանորոգումը, որը կատարվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 96 մլն դրամ ֆինանսավորմամբ:
Կենտրոնը պետք է շահագործման հանձնվեր ընթացիկ տարվա ապրիլին, սակայն համայնքապետարանը նաեւ ջեռուցման համակարգի կառուցման խնդիր է առաջադրել, ինչի պատճառով դրա շահագործումը որոշ ժամանակով կհետաձգվի:
Սահմանից 1.5 կմ հեռավորությամբ մանկապարտեզ է գործում, որը 25 սան ունի: Նախադպրոցական հաստատության աշխատանքը գնդակոծությունների պատճառով ընդմիջվել է, սակայն մանկապարտեզը չի փակվել: 2008 թ. հունիսյան զոհերից հետո մանկապարտեզի գոյությունը հարցականի տակ էր:
Համայնքապետն այս հարցում համառություն է ցուցաբերել, աշխատողներին 3 ամիս հարկադիր պարապուրդի համար վճարել է, մինչեւ ծնողները մանուկներին կրկին ուղարկել են: Կրթօջախի տնօրեն Փառանձեմ Աղասյանը ցույց է տալիս շենքի պատերին ադրբեջանական գնդակների հետքերը:
«Երբ ազերիները կրակում են, երեխաներին ապաստարան ծառայող այս սենյակում փակում եմ, բարձր երաժշտություն միացնում, որ նրանք չլսեն կրակոցները, չվախենան: Ամենից շատ ես եմ վախենում, սակայն` ոչ ինձ համար: Վախենում եմ, որովհետեւ պատասխանատու եմ: Մինչեւ որ բոլոր երեխաներին ողջ եւ առողջ տուն չեմ ճանապարհում, չեմ հանգստանում»,- ասում է Փ. Աղասյանը:
Մանկապարտեզին օգնողներ կան: Այս ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գույքով օգնել է մանկապարտեզին եւ դպրոցին, դրամական աջակցություն է ցուցաբերում զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին:
Մեր այցելության օրը Չինարիի մանկապարտեզի սաների աչքերը ժպտացին, երբ տեսան Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Թրփանճեան» գյուղական համայքների զարգացման ծրագրի շահառուների բազում նվերները:
Չինարի ժամանած շահառուները մանկապարտեզին հանձնեցին փափուկ խաղալիքներ, գրենական պիտույքներ, սպիտակեղեն, սրբիչներ, աշխատողների անուններով ասեղնագործված խալաթներ եւ այլն:
Ծրագրի Տավուշի մարզային գրասենյակի ղեկավար Զորայր Կիրակոսյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ոչ թե ծրագիրը, այլ ծրագրի շահառուներն են նման աջակցություն ցուցաբերում:
Անցյալ տարի այս ծրագրի շահառուները նվերներ էին հանձնել տարածքի սահմանամերձ մեկ այլ գյուղի` Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչներին:
Ծրագրի շահառուները Չինարիի 11 հղիներին նորածնի փաթեթ հանձնեցին` մաղթելով, որ սահմանամերձ գյուղում ծնունդներ շատ լինեն:
152 աշակետ ունեցող Չինարիի միջնակարգ դպրոցին ծրագրի շահառուները նվիրեցին դպրոցական կահույք, վարագույրներ, սեղանի սփռոցներ, կրթօջախի հավաքարարներին էլ` ասեղնագործ խալաթներ:
Նվերներ էին նախատեսված նաեւ գյուղի սահմանապահների համար, որոնց հանձնվեցին ենթաօձիքներ եւ գնդակներ: Համայնքապետը եւ չինարեցիները երախտագիտությամբ ընդունեցին նվերները:
Չինարեցիները հյուրասեր, աշխատասեր մարդիկ են: Նրանք կանգնած են հայրենի հողի վրա, միայն թե կարողանան աշխատել:
«Գլխավոր խնդիրը աշխատանք չունենալն է, որի հետեւանքով գյուղից արտագաղթ կա: Հողատարածքների 70 տոկոսը կրակի տակ է, մնացած 30 տոկոսը չի բավարարում կարիքները հոգալուն»,- ասում է համայնքապետ Սաղոյանը:
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել