HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարկեր, վարկեր, վարկեր...

Արարատի մարզի Դարակերտ գյուղ կատարած մեր այցի ժամանակ առաջինը հանդիպեցինք համայնքապետ Ղուկաս Սիմոնյանին: Նա բավականին տխուր ու մտահոգ էր: Քիչ հետո անկեղծանալով` ասաց, թե ցանկացել է իրեն բարձրահարկ շենքի տանիքից վայր գցել, քանի որ շատ վարկեր ունի, դոլարի կուրսն էլ գնալով աճում է, իսկ բանկերը վարկը տալիս են դոլարով: «Այնքան լավատես եմ եղել իմ կյանքում, բայց գնալով հավատս ու հույսս բացարձակ կորցնում եմ»,- հուսահատ ասաց համայնքապետը: Ղ. Սիմոնյանը պատմեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն իր համագյուղացիների վրա ավելի շատ է ազդել, քան մյուսների, քանի որ դարակերտցիների կեսից ավելին վարկեր են վերցրել ու չեն կարողանում մարել: Գյուղացիները վարկի դիմաց գրավ են դրել սեփական տները, հողամասերն ու ավտոմեքենաները: Համայնքապետը նույնպես վարկ է վերցրել: Ջերմոցային տնտեսությունը զարգացնելու համար նա «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից 110 հազար դոլար վարկ է վերցրել: «Օրական քնից արթնանում ենք` դոլարի կուրսը բարձրանում է, մեր վարկերն էլ դոլարով են: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը վարկերը դոլարով է տալիս ու դոլար էլ պահանջում է: Վարկը վերցրել եմ այն ժամանակ, երբ դոլարը 303 դրամ էր, իսկ հիմա 400-ից անցել է: Ես չեմ հասկանում, թե այդ քաղաքականությունը մեզ մոտ ոնց են տանում: Ռուսաստանում ամեն օր 20-30 կոպեկով դոլարն իջնում է, մեզ մոտ ընդհակառակը` բարձրանում է: Պարզապես մեզ մոտ լավ, հզոր մաֆիա կա»,- ասում է Ղուկաս Սիմոնյանը: Նրա կարծիքով` շուկայում դոլարն արհեստական պակասեցնում են, դեֆիցիտ է առաջանում, ու մեխանիկորեն կուրսը բարձրանում է: Համայնքապետի կարծիքով` պետությունը պետք է երաշխավորի գյուղացու համար եւ «վերացնի լողացող կուրսի քաղաքականությունը»: «Այդ դեպքում մարդ կիմանա, թե իր վերցրած դոլարի դիմաց ինչ պիտի փակի: Պետությունից դոլարները վերցնում ենք, իրենք էլ իրենց բիզնեսն են անում, ու արանքում մենք ենք տուժում: Արտադրում ենք, մեր արտադրածն էլ արժեք չունի, որովհետեւ Թուրքիայից ներկրումը շատ մեծ է»,- նշում է Ղ. Սիմոնյանը: Գյուղացիները վարկը վերցնում են հիմնականում սերմացու ձեռք բերելու եւ գյուղացիական տնտեսությունները զարգացնելու նպատակով: Դարակերտի համայնքապետը մտահոգված է, որ «Ձյունիկ» անունով մի ընկերություն ցանկացած պահի, մեկ զանգով կարող է Թուրքիայից բերել այնքան պոմիդոր, վարունգ ու կարտոֆիլ, որ շուկաները ողողվեն թուրքական էժան արտադրանքով: «Միայն մեկ ավտոմեքենայի բերքը վաճառելու դեպքում իմ համայնքի բյուջեի չափով եկամուտ են ստանում: Սա է մեր կյանքը»,- ասում է համայնքապետ Ղ. Սիմոնյանը: Նա համոզված է, որ գյուղացուն նեղ վիճակի մեջ են գցում, որպեսզի մեծահարուստները հետո գան ու նրանց հողերը գնեն: «Միանշանակ նպատակը դա է»,- համոզված է համայնքապետը: Դարակերտի ջերմոցային մշակաբույսեր մշակող գյուղացիներն անցյալ տարի այս օրերին բողոքի ակցիաներ էին կազմակերպում Կառավարության շենքի առջեւ: Այս տարի նույնն անել չեն պատրաստվում: Համայնքապետն ապարդյուն է համարում բողոքի ակցիաները. «Ոչ մի արդյունք չունեցանք, ընդհակառակը` ավելի շատ պոմիդորով բեռնված ավտոմեքենաներ Թուրքիայից բերեցին: Պոմիդորն էլ մաքսայինում ձեւակերպեցին սոխ, որն ավելի էժան են մաքսազերծում: Պոմիդորի մաքսային վճարը 450-500 դրամ է: Եթե այդքան մաքսավճար տան, պարզ է, որ այստեղ չեն կարող 500 դրամով պոմիդոր վաճառել»,- ասում է Ղ. Սիմոնյանը: Ջերմոցատերերը հայտնվել են անելանելի դրության մեջ: Մի կողմից վարկերը պետք է փակեն, մյուս կողմից էլ` ապրիլի 1-ից գազն է թանկանում: Գյուղացիները ջերմոցները տաքացնում են գազով, իսկ արտադրական գազը դոլարով են հաշվում, ինչն ամենեւին ձեռնտու չէ գյուղացիներին: Մեր այն հարցին, թե վերջին տարիներին զգացե՞լ են պետության ուշադրությունը, Դարակերտի համայնքապետը բացասական պատասխան տվեց. «Եթե խոսքը Գերասիմ Ալավերդյանի մասին է, ապա ոչ մի ուշադրություն չենք զգացել, Արամայիս Գրիգորյանի ժամանակ էլ նույնն էր: Գյուղատնտեսության բնագավառի մասին ինչ ասում են, սաղ սուտ է: Իրենք չգիտեն էլ, թե գյուղերում ինչ է արտադրվում ու ինչ է վաճառվում: Ինչ թիվ իրենց պետք է, այն էլ հրապարակում են: Երեւի վիճակագրական վարչությունում էլ թվերը կեղծում են ու կեղծված ասում»: Ղուկաս Սիմոնյանը արդեն 10 տարի ղեկավարում է համայնքը եւ փաստում է, որ 1991-ից հետո Դարակերտը ոչ մի հարցում առաջընթաց չի գրանցել: Ըստ նրա` լավ են ապրել միայն 1990-93 թթ: Այդ ժամանակ դարակերտցիների մի մասը Թուրքիայից կենցաղային ապրանքներ ու սնունդ է ներկրել ու առեւտրով զբաղվել: Համայնքապետը նշեց, որ դրանից հետո թուրքերի հետ առեւտուրը դարձել է մի քանի «լավ տղերքի» բիզնեսը, ու գյուղացիներն այլեւս չեն կարողացել այդ գործը շարունակել: «Անձամբ ես 6 տարի թուրքերի հետ առեւտուր եմ արել: Լավ տղերքը տեսան, որ դրա մեջ փող կա, մեր ձեռքից խլեցին: Բոլոր դեպքերում էլ առեւտուրն արդարացված է, բայց դա ոչ բոլորի համար է: Այսօր անհատը չի կարող որեւէ բան որոշել, անպայման պետք է հովանավոր ունենա, մաքսայինում էլ բացարձակ հարկ չվճարի: Ես այնքան լավատես եմ եղել, որ հիմա լացս է գալիս»,- ասում է համայնքապետը: Նա հորդորում է «չհավատալ հեռուստաեթերից հնչող լավատեսական հայտարարություններին ու սուտ ռեպորտաժներին», քանի որ գյուղում կյանքը մեռած է: Ս. Ղուկասյանը վստահեցնում է, որ եթե մաքսակետերում ներկրվող ապրանքները հայտարարագրվեն եւ հարկ ու տուրքերն ամբողջությամբ վճարվեն, «պետության համար ամեն ինչ լավ կլինի»: Ըստ համայնքապետի` գյուղում բնակչության աճ չկա: Ամեն տարի Դարակերտում բնակչության թվի մոտ 30 տոկոսի նվազում է արձանագրվում: Տարեկան գրանցվում է մոտ 22 ծնունդ, 35 մահ, մոտ 40 մարդ էլ հեռանում է գյուղից: Երիտասարդները գյուղը լքում են իրենց ընտանիքներով: Ղ. Սիմոնյանի ներկայացմամբ` գնացողները նախընտրում են թեկուզ դրսում պատերի տակ հայտնվել, բայց գյուղում չապրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter