HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Գրեգորի Տաբատաձե. «Հայաստանը ինձ համար երկրորդ Վրաստան է»

«Դեռ 6-րդ դասարանում ասել եմ, որ դեսպան պիտի դառնամ: Հիմա ես անում եմ այն, ինչ իմ մանկության երազանքն է եղել»,- պատմում է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրեգորի Տաբատաձեն: Նա արդեն 20 տարի է դիվանագիտական գործունեությամբ է զբաղվում:

«Գինին թող մեզ մնա, կոնյակը` ձեզ, իսկ օղին` ռուսներին»

Դեսպանի հայրը գինեգործ է: «Ինձ համար լավ տրամադրություն ունենալը, երգելը, պարելը, լավ կենացներ ասելը սովորական բաներ են: Ես հարգում եմ գինին: Շատ չեմ խմում, իսկ խմելիս էլ` միայն շատ համեղ գինիներ»,- պատմում է Տաբատաձեն: Գինին դեսպանը ընտրում է` հաշվի առնելով տարվա եղանակը եւ թե ինչ է ուտում: Դեսպանը պատմում է, որ ըստ նախնիների սովորության` նոյեմբերից-հունվարը կարմիր գինու շրջանն է, որի հետ խորոված եւ տապակած միս պետք է լինի, մարտից հետո սպիտակ գինի են խմում: Հայկական գինիներից հավանում է հատկապես Իջեւանի գինին, Արենին, ասում է` շատ հետաքրքիր համ ունեն, ավելի թթու են, քան վրացականը:

«Եվրոպայում մեր կիսաքաղցր գինիները ընդունված չեն, իսկ հայկական գինիներում զգացվում է հողի հզորությունը: Ես կարող եմ ասել, որ ձեր կոնյակը շատ լավն է, մենք այդպիսին չունենք, գինին թող մեզ մնա, կոնյակը` ձեզ, իսկ օղին` ռուսներին»,- առաջարկում է վրաց դեսպանը:

Մայրը, ով 2002 թ. մահացել է, մասնագիտությամբ կենսաբան էր, դասախոսում էր եւ աշխատում Կենսաբանության ինստիտուտի Պարազիտաբանության ամբիոնում. «Նա միշտ կատակում էր` ասելով, որ ցանկանալով ավելի լավ ճանաչել իր կրտսեր երեխային` սկսել է ուսումնասիրել պարազիտներին»: Մինչդեռ Տաբատաձեն հավաստիացնում է, որ ինքն ամենեւին էլ «պարազիտ» չէր եւ դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Ընտանիքում երեք երեխա են. քույրն արվեստագետ է, եղբայրը` տնտեսագետ, զբաղվում է բիզնեսով, դեսպան եղբոր խոսքերով` ամենաշատ փողն ունի:

Գրեգորի Տաբատաձեն երբեւէ բիզնես չի ունեցել. «Ինձնից լավ բիզնեսմեն դուրս չի գա: Ես կարծում եմ, որ ավելի լավ է լինել այն մարդկանց շարքում, ովքեր իրենց հայրենիքի համար են գործում եւ ոչ թե միայն իրենց»: Բայց դեսպանը չի դժգոհում իր աշխատավարձից, ավելին` վարդերի հեղափոխությունից հետո նրա աշխատավարձը 17 անգամ ավելացել է:

Գրեգորի Տաբատաձեն ծնվել է1963 թ. Վրաստանում: Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: 1991 թվականից աշխատանքի է անցել Վրաստանի ԱԳՆ-ում: 1996-1999 թթ. ստանձնել է Իրանում Վրաստանի առաքելության ղեկավարի տեղակալի, 2003-2006 թթ.` Թուրքիայում Վրաստանի դեսպանության դեսպանորդի պաշտոնները, 2007 թ. նշանակվել է Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Օմանի Սուլթանությունում Վրաստանի դեսպանության դեսպանորդ:

«Չեմ կարող ասել, որ այստեղ ժողովուրդը դժգոհ է իշխանությունից»

«Հայաստանում եւ Վրաստանում խոսքի ազատություն կա, բայց մի քիչ պակաս է լրագրողական պատասխանատվությունը, չնայած նախկինում էլ ավելի պակաս էր: Լրագրողը պետք է պատասխանատվությամբ վերաբերվի ամեն գործի, որպեսզի չփչացնի այն: Մենք պիտի իմանանք, թե ինչպես օգտագործենք մեզ տրված ազատությունը: Հայաստանում եւ Վրաստանում կան թե անկախ, թե իշխանական լրատվամիջոցներ»,- նշում է Հայաստանում Վրաստանի դեսպանը:

2 տարի Գ. Տաբատաձեն որպես լրագրող աշխատել է վրացական «Հանրապետություն» պաշտոնաթերթում` միջազգային հարաբերությունների բաժնում: «Դա ԽՍՀՄ-ի փլուզման վերջին 2 տարիներն էին, երբ մենք զգում էինք, որ անկախությունը գալիս է եւ ուզում էինք մարդկանց ասել, որ անկախությունը մեծ պատասխանատվություն է եւ կախված է շատ մեծ բաներից: Պետք է սեփական տնտեսությունը, բանակը, դիվանագիտությունը մշակել: Ցավոք, այդ ժամանակ մարդիկ պաշտոնաթերթ չէին կարդում, այն դժվար էր նաեւ ընկալելու համար»,- պատմում է նախկին լրագրողը: Իսկ Հայաստանում եւ Վրաստանում ժողովրդավարական հասարակություն կառուցելու գործընթացներն, ըստ դեսպանի, իրարից չեն տարբերվում:

«Իշխանությունը լսում է` ինչ է ասում ժողովուրդը եւ ինչ մոտեցում ունի: Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը գոհ լինի իր իշխանությունից: Չեմ կարող ասել, որ այստեղ ժողովուրդը դժգոհ է իշխանությունից, ես չեմ տեսել դժգոհություն նաեւ սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ: Ես գոհ եմ նաեւՀայաստանի իշխանության վարած քաղաքականությունից իմ երկրի նկատմամբ: Հայ-վրացական հարաբերությունները երկու հավասար, ժողովրդավարական երկրների հարաբերություններ են: Ես երջանիկ եմ, որ ներկայացնում եմ իմ երկիրը Հայաստանում: Հայաստանն ինձ համար մի երկրորդ Վրաստան է»,- նշում է դեսպանը: Ըստ Տաբատաձեի` հայերի եւ վրացիների միջեւ նմանություններ շատ կան` բարեկամությունը, վերաբերմունքը մեծերի եւ կանանց նկատմամբ, ջենտլմենությունը, հարազատ քաղաքի մասին մտածելը, մարդու պատվի զգացումը: «Ես շրջում էի Թբիլիսիի թաղամասերով եւ տեսնում, թե ինչպես հայ եւ վրացի երեխաները միասին խաղում էին եւ մտածում էի` Թբիլիսին շատ բան է կորցնելու, եթե նման բաներ չլինեն, իսկ ադրբեջանցիների, ռուսների, ուկրաինացիների եւ քուրդերի երեխաները միասին էին խաղում»: Երկու երկրների միջեւ տարբերությունն, ըստ դեսպանի, այն է, որ հայ ժողովուրդն ավելի ավանդապահ է, քան վրաց ժողովուրդը: Վրաց դեսպանը նաեւ հայերեն բառեր գիտի, օրինակ` համեցեք, ոնց ես, բարեւ ձեզ, կամաց-կամաց, որտեղ ես:

«Ինձ դուր է գալիս, որ Երեւանի փողոցներում ժողովուրդը շատ է, ես չեմ հավանում, երբ եվրոպական երկրների փողոցներում ժողովուրդը քիչ է լինում, վերջերս նման միտում նկատում եմ նաեւ Վրաստանում: Ես հիշում եմ մեր ծնողների ժամանակները, երբ նրանք քայլում էին Ռուսթավելի պողոտայով: Ինձ դուր չի գալիս, երբ հին շենքերը քանդում են: Ես շատ լավ եմ հասկանում, որ կյանքն առաջ է գնում, բայց պետք է գոնե ֆասադը պահպանել»,- ասում է դեսպանը:

Դեսպանի կնոջ տատը հայ է

Գ. Տաբատաձեն շատ հայ ընկերներ ունի, այդ թվում` գործարարներ, քաղաքական գործիչներ, ովքեր հիմա Հայաստանում պաշտոններ են զբաղեցնում, բայց չցանկացավ անուններ նշել. «Ես Հայաստանից ընկերներ ունեմ, որոնց հետ Կաhիրեի համալսարանում միասին սովորում էինք, եւ հիշում եմ, թե ինչպես էինք բաժանում սուպի պակետները»: Հայկական խոհանոցից դեսպանը սիրում է տոլմա, քյուֆթա, նշում է` մեր ուտելիքները շատ նման են: Դեսպանը սիրում է կարմիր գինի ըմպելով արվեստի մասին գրքեր կարդալ: Շատ է սիրում նաեւ զենքը եւ զենքի պատմությունը:

Վրաց դեսպանը նաեւ զենք է ունեցել, ասում է` մեծ պատասխանատվություն է այն պահել: Գ. Տաբատաձեն նախընտրում է եվրոպական իմպրեսիոնիստներին, շատ է հավանում նաեւ Մարտիրոս Սարյանի գործերը: Դեսպանի կինը երաժիշտ է, ներկայումս չի աշխատում: Գ. Տաբատաձեն նշում է, որ դեսպանի կին լինելն արդեն իսկ աշխատանք է, եւ նա մասնակցում է բարեգործական միջոցառումներին առաջին տիկնոջ, արտգործնախարարի տիկնոջ հետ:

«Կնոջս մի տատը արմատներով հայ է, իսկ մյուսի համար չեմ կարող ասել, դեռ պարզում եմ»,- ասում է դեսպանը: Նա ունի մի դուստր, որը տնտեսագիտություն եւ միջազգային հարաբերություններ է սովորում ԱՄՆ-ի համալսարանններից մեկում: Դուստրը նաեւ երգում է: Տաբատաձեն դեմ չի, եթե աղջիկը հայի հետ ամուսնանա: «Ես երազում եմ մեր երկրի տարածքային ամբողջականության եւ դեօկուպացիայի մասին: Ես նաեւ երազում եմ ապագա սերնդի առողջության եւ բարգավաճման մասին»,- ասում է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրեգորի Տաբատաձեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter