Գյուղացիները հայտնվել են վարկային սարդոստայնի մեջ
Արարատի մարզի Դարակերտ գյուղն ունի մոտ 3000 բնակիչ: Բոլորն էլ զբաղվում են հողագործությամբ: Գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը «Հետքին» փոխանցեց, որ գրեթե բոլոր գյուղացիները մշակում են իրենց հողակտորները, թեեւ արդյունք չեն ստանում: Դարակերտցիների մոտ 90 տոկոսը գյուղատնտեսական վարկ է վերցրել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից ու հիմա հայտնվել անելանելի դրության մեջ, քանի որ չեն կարողանում վարկը մարել:
Գրիգոր Պողոսյանին հանդիպեցինք իր խանութում: Նա նույնպես վարկ է վերցրել ու գրավ դրել սեփական տունը: Ինչպես նա, այնպես էլ շատ գյուղացիներ վարկը վերցրել են այն ժամանակ, երբ դոլարի կուրսը ցածր է եղել, բայց նրանց վիճակն էլ ավելի ծանրացավ, երբ վերջին օրերին դոլարի փոխարժեքը բարձրացավ:
Գյուղացիների վկայությամբ` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը գյուղատնտեսական վարկ տալիս է միայն դոլարով, ինչի արդյունքում իրենք զգալի վնասներ են կրում: Գ. Պողոսյանը բանկից վերցրած վարկի գումարով սերմացու է գնել, դեղձի նոր տնկիներ է դրել ու ջերմոցային տնտեսություն հիմնել:
«Ես վարկ եմ վերցրել այն ժամանակ, երբ դոլարի կուրսը 310 դրամ էր, հիմա արդեն 400 է: Դե հիմա դուք հաշվեք, թե ինչքան եմ տուժում: Ինձ սերմացու էր պետք, վարկ եմ վերցրել, կարտոֆիլի սերմացու եմ առել ու ցանել: Հիմա տունս է գրավ դրված: Եթե այս տարի էլ անցյալ տարվա նման կարտոֆիլը չվաճառվի, ճանապարհները փակվեն ու չկարողանանք երկրից դուրս արտահանել, գրավ դրված տունս կկորցնեմ, որովհետեւ չեմ կարողանալու վարկը փակեմ»,- ասում է դարակերտցի Գրիգոր Պողոսյանը:
Հարցին, թե` վարկ վերցնելիս չէիք մտածու՞մ դոլարի կուրսի հնարավոր բարձրացման մասին, Գրիգորը պատասխանեց, որ մտածել է, սակայն ոչինչ անել չէր կարող, քանի որ կարիքից դրդված է վարկը վերցրել: Հիմա էլ չի մտածում եկամտի մասին, ամեն ինչ անում է, որպեզի կարողանա վարկի տոկոսադրույքները փակել ու վերջնականապես ազատվել վարկային բեռից:
«Որ մտածեի այդ ռիսկերի մասին, ի՞նչ պիտի անեի, ստիպված եմ վերցրել: 300 հատ դեղձի ծառ եմ դրել, էն էլ արդեն ցուրտը տարել է, չգիտեմ, թե ինչ պիտի անեմ: Գյուղատնտեսական վարկը միայն դոլարով են տալիս, դրամով չեն տալիս: Իրենց հետաքրքիր չէ` դոլարի կուրսը կբարձրանա՞, թե՞ կիջնի»,- նշեց Գ. Պողոսյանը:
Ըստ նրա` պետության անելիքն այստեղ բավականին մեծ է: Առաջին հերթին պետք է կարգավորվի դոլար-դրամ փոխարժեքի հարցը եւ կայունություն մտցվի, հակառակ դեպքում` գոնե տոկոսադրույքներն իջեցվեն:
Նույն վիճակում է հայտնվել նաեւ նրա համագյուղացի Սլավիկ Արզմանյանը: Նա նույնպես վարկը վերցրել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից: Նա էլ 8000 դոլար վարկի գումարով կարտոֆիլի սերմացու է գնել, ինչպես նաեւ պոմիդորի ու վարունգի ջերմոցային տնտեսություն հիմնել:
Վարկը վերցրել է տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով` 3 տարի մարման ժամկետով: Ս. Արզմանյանը վարկի դիմաց գրավ է դրել 3000 քմ մակերեսով հողամասը:
«Գյուղացու համար լավագույն տարբերակը կլինի այն, որ երկարաժամկետ վարկեր տրամադրեն, ոչ թե 1-2 տարով տան ու 18-20 տոկոս էլ փող ուզեն: Գյուղացու ոչ մի ապրանքն էլ չի ծախվում: Հիմա ջերմոցային պոմիդոր ենք դրել, մինչեւ մերը հասնի, Թուրքիայից էժան կբերեն, կլցնեն Հայաստան ու մեր ապրանքը կլինի զիբիլ: Մենք պետության կողմից ոչ մի բանով երաշխավորված չենք»,- ասում է Սլավիկ Արզմանյանը:
Նրա խոսքով` բոլոր վարկ վերցնողներն էլ գումարն օգտագործել են գյուղատնտեսության զարգացման համար, սակայն ոչ մեկը եկամուտ չի ստացել, քանի որ դոլարի փոխարժեքը բարձրացել է, իսկ գյուղատնտեսական աշխատանքներում ծառայությունները թանկացել են:
«Առաջ մեկ հեկտար հողը վարում էին 10 հազար դրամով, հիմա 40-50 հազար դրամ է: Տրակտորը կարտոֆիլը քանդում էր 20 հազար դրամով, հիմա 80 հազար դրամ է: Մենք մեզ կախենք, վերանանք ավելի լավ է, քան որ ապրում ենք: Գյուղում ընտանիք կա, որ վարկի տակ է ու սոված է քնում, բա դրանց հալը ո՞նց պիտի ըլնի, մենակ հո ե՞ս չեմ, գյուղի 90 տոկոսն է այդ վիճակի մեջ»,- ավելացրեց նա:
Ս. Արզմանյանը նույնպես դժգոհեց, որ հողագործությամբ զբաղվելը ձեռնտու չէ, քանի որ վնասները շատ են: Նույնիսկ կատակով հեգնեց, երբ հարցրի, թե տարվա ընթացքում ինչքան եկամուտ է ստանում հողից. «Գյուղատնտեսությունը լիարժեք արդարացրել է իրեն` 180 դրամով սերմ ենք առել, հիմա 50 դրամով չենք կարողանում կարտոշկեն իրացնենք»:
Նա նույնպես մտավախություն ունի, որ հնարավոր է չկարողանա վարկի գումարը մարել: Այդ դեպքում ստիպված է լինելու վաճառել տունը, քանի որ հողամասն արդեն գրավ է դրված, իսկ վաճառելու այլ բան չունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել