«Եթե ոռոգման ջուրը լինի, բոլորը լավ կապրեն»,- համոզված է ճոճկանցի երիտասարդը
Լոռու մարզի Ճոճկան գյուղում 2 հազար մարդ է ապրում: Ճոճկանցիներն իրենց գոյությունը պահում են բանջարաբուծությամբ, ցանում են հացահատիկային կուլտուրաներ` ցորեն եւ գարի: Վերջին 2-3 տարիներին գյուղացիները ցանում են նաեւ արեւածաղիկ:
«Արեւածաղիկը շահութաբեր է, իրացվում է, դրա համար էլ գյուղացիները շահագրգռված են արեւածաղիկ ցանել: Գյուղում հին այգիների վերականգնման միտում է նկատվում: Մեր գյուղը ժամանակին պտղաբուծական մեծ տնտեսություն է եղել: Անասնապահությունն էլ է զարգացած եղել:
Պատկերացրեք` ամբողջ Թումանյանի շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները խորհրդային տարիներին գյուղի այգիներում չէին կարողանում Ճոճկանի ծառերի պտուղն ամբողջությամբ հավաքել, այդքան հզոր տնտեսություն է եղել: Ցուրտ եւ մութ տարիներին ոռոգման ջուր չլինելու պատճառով Ճոճկանի այգիները վերացել են: Մարդիկ ծառերը հատել են, այգիները վարելահողեր են դարձրել, ցորեն ու գարի են ցանել, որ մի կերպ ապրեն: Հիմա արդեն սկսել են այգիները վերականգնել»,- պատմեց Ճոճկանի համայնքապետ Սամվել Գիգոլյանը:
Նա հայտնեց, որ գյուղի համար կենսական են խմելու ջրի մատակարարաման, գյուղամիջյան ճանապարհների նորոգման, մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման խնդիրները:
«Ներհամայնքային ոռոգման ցանցը վերանորոգման խիստ կարիք է զգում, մարտի 28-ին մրցույթ է հայտարարվելու. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շուրջ 100 մլն դրամ գումարով վերանորոգվելու է գյուղի ոռոգման ներքին ցանցի 5,3կմ հատվածը` մեր ներքին ցանցը 37կմ է»,-ասաց համայնքապետը:
Ճոճկանը 2009 թ. համայնքի բյուջեի սեփական եկամուտները կատարել է 99,6 տոկոսո, հողի հարկը կազմել է 144,8 տոկոս:
«Մենք մեր հարկային եկամուտները նախորդ տարիների համեմատությամբ բարձրացրել ենք: Մենք հարկեր վճարելու գործում գյուղացիներին չենք պարտադրել, սակայն բացատրական աշխատանքներ ենք տարել: Մեր բյուջեն աճողական է: Բյուջեի սեփական հարկային եկամուտները 2009 թ. պլանավորվել են 14,6 մլն դրամ, եկամուտների մուտքերը ապահովել ենք 14,4 մլն դրամ: Բյուջեի հարկային եկամուտները 2009 թ. կազմել են 32,9 մլն դրամ: Այս գումարներից 12,5 մլն դրամի աշխատավարձի վճարում է կատարվել, 3,2 մլն դրամ կազմել են կենսաթոշակային վճարները, 700 հազար դրամ գյուղացիներին սոցօգնություն եւ այլ ծախսեր են կատարվել: 2010 թ. բյուջեի հարկային եկամուտները պլանավորվել են 37,5 մլն դրամ, սեփական հարկային եկամուտները կազմել են 16,6 մլն դրամ: Պաշտոնական դրամաշնորհը 20,9 մլն դրամ է»,- բացատրեց համայնքապետը:
Ճոճկանում 2009 թ. շուրջ 1000 հա վարելահողերից մոտ 120հա աշնանացան է արվել: Գյուղի 1000 հա վարելահողերից ոռոգելի են 780 հա-ը: «Մարդիկ հիմա գարնանացանի են նախապատրաստվում: Մի 40 հա այգի ունենք, նորատունկ այգիներ էլ ունենք: Վարելահողերը հիմնականում դրվելու են գարնանացանի տակ: Հույս ունեմ, որ այս տարի գյուղում մի 50 հա այգի տնկվի»,- ասաց համայնքապետը:
Նա տեղեկացրեց, որ նորաբաց մանկապարտեզի համար համայնքի բյուջեից հատկացվել է 4,8 մլն դրամ: Սամվել Գիգոլյանը հույս է փայփայում, որ մանկապարտեզի շենքի վերանորոգման որոշ աշխատանքներ կկատարեն:
Ճոճկանում 180 խոշոր եղջերավոր անասուններ կան:
«Ահագին պակասել է թիվը: 289 գլուխ էլ խոզ ունենք »,- ասաց համայնքապետը: Ըստ տարածված լուրերի` Ճոճկանում խոզերի ժանտախտ հիվանդություն է գրանցվել:
Համայնքապետն ասաց, որ մարզի եւ Թումանյանի տարածաշրջանի անասնաբույժները այցելել են գյուղ, անալիզներ վերցրել: Նա համոզված է, որ գյուղի խոզերը հիվանդ են աֆրիկյան ժանտախտով:
Ըստ Ս. Գիգոլյանի` բոլոր նշաններն առկա են, դրա համար էլ գյուղացիներին զգուշացրել է անասունները գոմերից չհանեն, ախտահանեն, պրոֆիլակտիկ միջոցառումներ տանեն:
«Բայց դե ժանտախտին բուժում չկա: Մի ամիս առաջ գյուղում մի 32 գլուխ խոզի անկում է եղել: Խոզի տերը վարկով էր էդ խոզերը առել: Մեծ վնասի տակ ընկավ: Մարտի 18-ին էլ գյուղում 11 խոզ է սատկել: Հիվանդության նշանը երեւալուն պես գյուղացիները խոզը մորթում են»,- տեղեկացրեց համայնքապետը: Նա ասաց, որ գյուղում սոցիալական ծանր վիճակ է: «Անցյալ տարի էլի մի քիչ լավ էր, էս տարի խայտառակ վիճակ է»,- ասաց Ս. Գիգոլյանը:
Զրույցին մասնակցող գյուղացիներից ոմանք գտնում էին, որ իրենց պետք է ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր տրամադրել, քանի որ 1-2 տարով վերցրած վարկով գյուղացին չի կարող իր գյուղատնտեսական բիզնեսն այնպես կազմակերպել, որ եկամուտ ունենա:
Երկարաժամկետ ասելով` ճոճկանցիները նկատի ունեն առվազն 5 տարի: «Եթե մի տարվա մեջ բնական աղետից էդ գյուղացին բերքից տուժի էլ, հաջորդ տարի վնասը գոնե կվերականգնի»,- բացատրեց գյուղացիներից մեկը:
Սամվել Գիգոլյանը գյուղացիների ապրելակերպի բարելավման միակ ելքը տեսնում է հողի մշակման մեջ: Դրա համար 2009 թ. համայնքի բյուջեից 2,8 մլն դրամով գյուղի համար վարող տրակտոր է գնել: «Գարնանացանի ժամանանակ 2009-ին մեր վարելահողերի 70 տոկոսը մշակվել է գյուղացիների կողմից: Տրակտորի օգտագործման ծախսերն էլ գյուղապետարանը կիսել է գյուղացիների հետ»,- տեղեկացրեց Ս. Գիգոլյանը:
Համայնքապետարանը ներկայումս երկու «Բելառուս», շարքացան, կուլտիվատորներ, վարող տրակտորներ եւ այլ մեխանիզացիա ունի: Նա իր գոհունակությունը հայտնեց ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանին` այս տարի համայնքապետարանին ցուցաբերած աջակցության համար:
«Մեր պատգամավորը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված գյուղի ոռոգման 5,3 կմ ցանցի վերանորոգման համար իր միջոցներից վճարել է ծրագրով պահանջվող համայնքի 2,8 մլն դրամ ներդրումը»:
Գյուղացիների հետ զրույցից պարզեց, որի գյուղի կյանքում թեեւ որոշ փոփոխություններ նկատելի են, սակայն ճոճկանցիները դժգոհ են իրենց ապրելակերպից:
«Գյուղի փողոցներում լուսավորություն է քաշվել, մանկապարտեզ է բացվել, ճոճկանցին այսօր հողը մշակելով է ապրում, բայց նորմալ չի ապրում»,- ասաց Ս. Ասլանյանը: «Գյուղում բոլորը չէ, որ լավ են ապրում, բայց եթե ոռոգման ջուր լինի, բոլորը լավ կապրեն»,- ավելացնում է երիտասարդ Վաչե Վարդումյանը:
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել