HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սեփական երկրում գյուղացին վարկավորվում է արտարժույթով

«Մեր գյուղում 300 տնտեսություն է, 80 տոկոսը վարկառու են, հըլը մարդ կա, որ 2-3 տեղից կօգտվի,- ասում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ Երվանդ Մանուկյանը,- ես, օրինակ, 12 տարի է ԱԿԲԱ-ից կօգտվիմ: Բանկը հըլը մարզում մասնաճյուղ չուներ, մենք մի քանի հոգով դիմել-ստացել ենք Երեւանի իրանց գլխամասայինից, էն ժամանակ դրամով կուտային, 2 տարի դրամով ենք ստացել, հիմի դարձրել են դոլարով, ու հենց էդ հանգամանքն էլ մեզի շատ կխեղճցնե: Անցած տարի վարկը փակելուց 320 հազար դրամի չափով տուժվա, բացի տոկոսներից` էդքան ավել գումար եմ մուծել»: 2008 թ. գյուղատնտեսական աշխատանքների համար Երվանդ Մանուկյանը դիմել եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից ստացել է 4000 դոլար, տարեկան 16 տոկոս տոկոսադրույքով: Վարկը տրվել է մեկ տարի 8 ամիս ժամկետով: «Էն ժամանակ որ վարկ կվերցնեի, դոլարը 307 դրամ էր, վարկը մարել եմ 2009 թ. նոյեմբերի 20-ին, դոլարը դարձել էր 382,- պատմում է հացիկցի վարկառուն,- կարտոֆիլի բերքը լրիվ չէի իրացրել, գիտեք, էլի, հիմի ամեն ինչի մեղավորը համաշխարհային ճգնաժամն է, ստիպված եղա ուրիշ բանկից վերցնելու, որ հանկարծ ԱԿԲԱ-ին պարտք չմնամ, դատական քաշքշուկի մեջ հանկարծ չընկնիմ»: Բոլոր վարկառուների նման, հացիկցի Երվանդ Մանուկյանը եւս փորձել է բողոքել արտարժույթով տրվող վարկային գումարի դեմ եւ ստացել նույն պատասխանը, ինչ բոլորը: «Ես ասի` ինձ դրամով տվեք, ինչի՞ դոլարով կուտաք, իրանք էլ, թե` խնդրեմ, պրոբլեմ չկա, տանք դրամով, բայց մեկ է` հաշվելու ենք դոլարի ներկա պահի կուրսով, դրա համար էլ դոլարով վերցրի, որովհետեւ, եթե անգամ դրամով վերցնեի, մեկ է` դոլարով պիտի փակվեի,- պարզաբանում է Ե. Մանուկյանը,-ես կհասկնամ, որ բանկը չի ուզե ռիսկի գնա: Մե տարիմ վարկը դրամով տվեցին, էդ տարին դոլարի կուրսի կտրուկ փոփոխություն էղավ, իրանք տուժեցին: Էդ մե տարին է եղել, որ վարկ վերցրած գյուղացին շահել է, այսինքն` դոլարն էժան է առել»: Վերցրած գումարը Երվանդ Մանուկյանն ամբողջությամբ ներդրել է գյուղատնտեսության մեջ: «Բանկը, որպես այդպիսին, շատ օգուտ է գյուղացուն, էն իմաստով, որ գյուղատնտեսական վարկ է տալիս, բայց իր հետագա գործողությունները հեչ օգուտ չեն բերե գյուղացուն,- ասում է հացիկցի վարկառուն,- պարզաբանեմ ասածս. լավ է, որ վարկ կուտա, բայց տոկոսներն են բարձր: Ընդհանրապես, գյուղացուն պիտի վարկ տան երկար ժամանակով ու ցածր տոկոսադրույքներով: Հող ու տուն գրավ չեն վերցնե, մենակ շարժական գույք, բայց եթե Լեննական տուն ունենայի` երկրորդ տուն, անպայման կվերցնեին: Ու էդ գրավի հետ կապված մի վատ բան էլ կա. համարյա կես գին կգնահատեն, օրինակ` կոմբայնիս մենակ երկու անիվը 2000 դոլար արժե, բայց իրանք էդ հսկա մեքենան 800 հազար դրամ են գնահատել»: 2009 թ. նոյեմբերին նախորդ վարկը փակելուց հետո, նույն թվականի դեկտեմբերի 10-ին Երվանդը հերթական վարկն է վերցրել, այս անգամ` 1300 դոլար, 340 օր մարման ժամկետով, 20 տոկոս տոկոսադրույքով: Տոկոսադրույքն այս անգամ 16-ից բարձրացել է, քանի որ գյուղի վարկառուներից մեկը երկու ամիս ուշացրել է մուծումները, թերացել պայմանագրով ամրագրված պարտականություններում: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի եւ Երվանդ Մանուկյանի միջեւ կնքված 3 թերթից բաղկացած պայմանագրի 3-րդ թերթը կոչվում է «Կոշտ գրավի պայմանագիր», որտեղ նշված է, որ բանկը Երվանդ Մանուկյանին տրամադրել է 560 հազար դրամ, որի դիմաց վարկառուի տրամադրած գրավը` գյուղտեխնիկան, գնահատվել է 800 հազար դրամ: «Եթե ես էղնիմ էդ կոմբայնը վաճառողը, հնարավոր է 15 հազար դոլարով էլ վաճառեմ, բայց իրանք 800 հազար դրամ են գնահատել,- օգուտն ու վնասն է հաշվում Երվանդ Մանուկյանը,- բանկին պետք է, որ իրա գումարը ետ բերի, դրա համար էլ իրան հեչ պետք չէ, որ թանկ ծախե: Մեր գյուղում, ինչքան գիտեմ, դեռ դատական գործ չի եղել, թե չէ` էլ չէին տա վարկ, բայց եղել է, որ վարկը փակելու համար մարդիկ սեփական ուղեւորատար մեքենաներն են վաճառել»: Երվանդ Մանուկյանը չկարողացավ բացատրել, թե ինչու է մի տեղ նշված 1300 ԱՄՆ դոլար, մյուս թերթում` 560 հազար դրամ: Ասում է, որ սովորաբար գյուղացին սկսում է պայմանագիրն ուսումնասիրել, երբ խնդիրներ են առաջանում: Ամեն դեպքում, ինքը վարկը ստացել է դոլարով եւ հիմա էլ, երբ ամսական մուծումներ է անում, հարկ է լինում դոլար գնել: «Էս է, ապրիլին պիտի 93 դոլար տանիմ, մուծեմ: Գիտեք, որ դոլարի կուրսն էլի բարձրացել է: Փաստորեն, ես էս տարվա վարկը վերցրել եմ, երբ որ դոլարը 382 դրամ էր, հիմի դարձել է 404, մինչեւ տարվա վերջ Աստված գիտե, թե ինչ թիվ կկանգնի,- հաշվարկում է վարկառուն,- ախր հեչ մեկի պետքը չէ, թե մենք սաղ ծախսերը դրամով կենենք` վար է, ցանք է, սալյարկա է, պարարտանյութ է: Գիտեք, էլի, ապահովագրություն, բան, գյուղատնտեսության մեջ չկա: Պայմանագրի մեջ էլ կնշվի, որ բնական աղետների դեպքում բանկը պատասխանատվություն չի կրե»: 12 տարվա վարկառուի փորձ ունեցող հացիկցի Երվանդ Մանուկյանը, ամեն դեպքում, այն մտքին է, որ առանց վարկավորման այսօր գյուղացին կես հեկտար էլ չի կարող մշակել, սակայն պետք է վարկի տրամադրման պայմանները մեղմացնել, որպեսզի գյուղացին էլ օգուտ ստանա, որ չհիասթափվի, չգնա երկրից: «Կարո՞ղ է էս գրածիցդ հետո բանկն էլ ընձի վարկ չտա,- հրաժեշտ տալիս ծիծաղելով հարցրեց Երվանդ Մանուկյանը,- չնայած, ինչ որ ասել եմ, իրանք էլ շատ լավ գիտեն, էս երկրի սաղ վարկառուներն էլ գիտեն: Կըսենք, կըսենք, հեչ բան չի փոխվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter