Առողջապահության նախարարությունն Անիի տարածաշրջանի հիվանդներին առաջարկում է բուժվել Գյումրիում
Շիրակի մարզի Մարալիկի Առողջության կենտրոնը սպասարկում է Մարալիկ քաղաքն ու 16 գյուղական համայնքներ: Վերջին տարիներին վնասով աշխատող կենտրոնի վիրաբուժական, թերապեւտիկ, մանկական եւ ինֆեկցիոն բաժանմունքները Կառավարության 2009 թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1052 որոշմամբ դադարեցնելու են իրենց գործունեությունը: Գործելու են միայն համաբուժարանը, գինեկոլոգիական բաժանմունքն ու շտապօգնության ծառայությունը: Ստացիոնարի փակման արդյունքում 16 բուժաշխատողներ համալրելու են գործազուրկների բանակը:
«2009 թ. դեկտեմբերի 22-ին նախարարության կողմից կենտրոնին նոր ռեանիմոբիլ է տրամադրվել, որպեսզի կարողանանք հիվանդներին տեղափոխել Գյումրի,- ասում է Մարալիկի Առողջության կենտրոնի տնօրեն Սուսան Պետրոսյանը,- աշխատակազմի կրճատումից հետո կաշխատի մեկ բրիգադ` բուժքույրը, կարգավորողն ու վարորդը: Մենք այդքան հիվադներ չունենք, դրա համար էլ ստացիոնարը փակում են: Վերջին տարիներին էլ մշտապես վնասով ենք աշխատել: 2009 թ. ստացիոնարի վնասը կազմել է 4 մլն 224 հազար դրամ, իսկ շտապօգնությանը` 4 մլն 791 հազար: Միայն պոլիկլինիկան է շահույթով աշխատել, որն էլ փակել է վնասը»:
2008 թ. Կառավարությունը 7 մլն դրամ աջակցություն է տրամադրել կենտրոնին, սակայն սա էլ խնդիրը չի լուծել: Անցած տարեվերջին կենտրոնի կրեդիտորական պարտքը կազմել է 5 մլն 800 հազար դրամ: 2009 թ. պետպատվերը եղել է 111 մլն դրամ, կատարողականը` 108 մլն:
«2009 թ. ընդհանուր եկամուտը 11 մլն 430 հազար էր նախատեսված, սակայն փաստացի այն կազմել է 11 մլն 300 հազար դրամ: Դե, Կառավարությունն էլ, փաստորեն, չի կարող անընդհատ ֆինանսավորել եւ աջակցել վնասով աշխատող կազմակերպությանը ու որոշվեց գնալ օպտիմալացման ճանապարհով,- բացատրում է կենտրոնի տնօրենը,- մեզ ժամանակ են տվել մինչեւ այս տարվա հուլիս ամիսը, եթե կարողանանք վնասը փակել, հնարավոր է բաժանմունքները նույն ձեւով շարունակեն իրենց աշխատանքը»:
«Էս քյասիբի հիվանդանոց է,- ասում է կենտրոնի կրտսեր բուժաշխատող Բելլա Պետրոսյանը,- ով փող ունի, բուժման համար գնում է Երեւան: Մեզ մոտ գալիս են էն չունեցողները, աղքատ խավը: Անին մարզի աղքատ տարածաշրջաններից է: Հիմի որ մեր կենտրոնի որոշ բաժանմունքներ փակվեն, ուրեմն փող չունեցող աղքատ հիվանդը ստիպված մնալու է տանը, որովհետեւ շատ-շատերը հնարավորություն չունեն թեկուզ հարեւան Արթիկում բուժում ստանալ, էլ ուր մնաց, թե գնան Գյումրի, Երեւանի մասին էլ չեմ խոսում»:
Մանկական բաժանմունքի ղեկավարի կաբինետում հավաքված բուժաշխատողներն իրար հերթ չտալով պատմում էին, թե որքան լավ կոլեկտիվ ունեն, որքան հոգատար են հիվանդների նկատմամբ եւ թե որքան սխալ որոշում է տարածաշրջանը կենտրոնի համապատասխան բաժանմունքներից զրկելը, հատկապես վիրաբուժական բաժանմունքից:
«Էս տրասի վրա ինչքան վրաերթ կեղնի, հիվանդներին առաջնահերթ մեր հիվանդանոց կբերեն, էլի մենք ենք առաջնային բուժօգնություն ցույց տվողը,- տեղեկացնում է բուժաշխատողներից Շահան Սամվելյանը,-արդյո՞ք փակելը ճիշտ է, մարդ է ու արյունահոսում է, էդ մարդուն ֆելդշերի հսկողությամբ ռեանիմոբիլով մինչեւ Գյումրի հասցնեն, կմեռնի, է»:
Գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Լյուդմիլա Թադեւոսյանը կասկած հայտնեց, որ վիրաբուժական բաժանմունքի փակվելուց 2 տարի անց իրենց բաժանմունքն էլ կփակվի: «Եթե մենք տեղում չկարողանանք վիրահատական միջամտություններն ապահովել, ապա շատ հնարավոր է, որ մեր հիվանդների թիվն էլ պակասի եւ ուշ թե շուտ մենք էլ հայտնվենք փակման վտանգի առաջ»,- ասում է Լ. Թադեւոսյանը:
Կենտրոնի աշխատակցուհիները հիշեցին երկու տարի առաջ կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում գրանցված արտառոց` որովայնային հղիության դեպքը: Տիկին Թադեւոսյանը պատմեց, որ աղջկա բախտից հղիությունը զարգացել էր նորմալ, եւ անգամ ուլտրաձայնային հետազոտությունները չեն հայտնաբերել փաստը, որ պտուղը զարգանում է ոչ թե մոր արգանդում, այլ որովայնում:
Իսկությունը պարզվել է միայն վիրահատական միջամտության ժամանակ: Վիրահատությանը մասնակցած Գյումրիի ծննդատան բժիշկ Ֆելիքս Գրիգորյանին, Մարալիկի Առողջության կենտրոնի վիրաբույժ Գրիգոր Խաչատրյանցին եւ գինեկոլոգ Լյուդմիլա Թադեւոսյանին հաջողվել է փրկել եւ մանկիկի եւ մոր կյանքը: Ծնվել է 3 կգ 900 գրամ քաշով տղա երեխա:
Այդ մասին գրվել է «Առողջապահություն» ամսագրի 2008 թ. 4-րդ համարում եւ օտարալեզու պարբերականներում` հայտնի դարձնելով ոչ միայն դեպքի անմիջական մասնակիցներին, այլեւ Մարալիկի բժշկական կենտրոնը:
Հիվանդասենյակներից մեկում զրուցում եմ Քարաբերդ գյուղի բնակչուհի, 24-ամյա Ծաղիկ Դավթյանի հետ: «5 ամսական հղի եմ, կույր աղիի սուր պրիստուպ ունեի, գիշերով բերեցին հիվանդանոց, պարզվեց, որ պայթել էր,- պատմում է երիտասարդ կինը,- շատ շնորհակալ եմ բժիկներից, համ իմ կյանքը փրկեցին, համ երեխուս»:
Քարաբերդը Մարալիկից 10 կմ է հեռու եւ դժվար է պատկերացնել, թե ինչ կպատահեր, եթե Ծաղիկին հարկ լիներ տեղափոխել 35 կմ հեռավորության վրա գտնվող Գյումրու ծննդատուն:
Մեկ այլ հիվանդասենյակում մարալիկցի Սեդա Համբարյանն է: Տարեց կինը 6 ամիսը մեկ այցելում է կենտրոն: «Ես կասեի` մշտական ունեմ,- կատակում է 68-ամյա Սեդա Համբարյանը,- սիրտ-թոքային անբավարարություն ունեմ: Կմտածեմ, որ էս հիվանդանոցը փակվավ, ինչխ պիտի էրթամ Լենինական, իմ թոշակովս հնարավո՞ր է շաբաթըմ ուրիշ տեղ բուժվել: Ի՞նչ են մտածել մեր վերեւները, որ մե ամբողջ տարածաշրջանի հիվանդանոց կփակեն»:
Հիվանդանոցի փակման որոշմամբ անհանգստացած են նաեւ տեղի եւ հարակից բնակավայրերի բնակիչները: Մեկ ամիս առաջ տարածաշրջանի 17 համայնքապետերի եւ Մարալիկի ավագանու անունից նույնաբովանդակ նամակներ են հղվել երկրի վարչապետին:
«Խնդրել ենք, որպեսզի Կառավարությունը վերանայի անցած տարի սեպտեմբերին ընդունած որոշումը: Մեր Առողջության կենտրոնը սպասարկում է տարածաշրջանի 22 հազար բնակչությանը, միայն Մարալիկում 7200 բնակիչ կա: Հույս ունենք, որ Կառավարությունն ընդառաջ կգնա, հնարավորություն կտա, ժամանակ կտա, որպեսզի խնդիրը կարգավորվի: Ինչպե՞ս կարելի է ժամը 18-ից հետո մի ողջ տարածաշրջան թողնել ֆելդշերի հույսին: Առայժմ պատասխան չենք ստացել: Սպասում ենք»,-ասում է Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել