HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտարկումներ հնի, նորի և Երևանի մասին

Ալեն Ամիրխանյան 1990-ական թվականներին ես մի քանի տարի Երևանում ապրելու առիթն ունեցա: Այդ տարիները նորանկախ Հայաստանի և հայերի համար ծանր ու տառապալից տարիներ էին` 1988թ. Սպիտակի երկրաշարժ, Լեռնային Ղարաբաղի համար մղված պատերազմ իր հետևանքներով` կորուստներ և տնտեսական շրջափակում: Սակայն այդ ամենը ծանոթ պատմություն և թարմ հիշողություն է բոլորի համար: Ուզում եմ ձեզ հետ կիսել իմ այդ օրերի դիտարկումները Երևանի մասին, ֆիզիկական քաղաքի մասին, որի հնագույն մնացորդները հիմնարար կերպով վերափոխվել էին Խորհրդային տիրապետության 70 տարիների ընթացքում: Դիտարկումներս որոշ դեպքերում կարող են միամիտ թվալ, որոշ դեպքերում`  քաղաքականապես սխալ, երբեմն նաև` վիճարկելի: Հույս ունեմ, որ ըմբռնումով կվերաբերվեք տողերիս, քանի որ գրել եմ բարի մտադրություններով` հավատալով, որ հնարավոր է գտնել քաղաքակիրթ և փոխադարձաբար հարգալից լուծում Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի  շուրջ  մայրաքաղաքում վերջերս ծագած քաղաքացիական ճգնաժամի հանգուցալուծման համար: Դիտարկում 1. Երևանը սիրված քաղաք էր և ծառայում էր մարդկանց ու մշակույթին Խորհրդային շրջանում Երևանը մեծ հոգատարությամբ և սիրով կերտվել էր որպես մի քաղաք, որը պետք է ծառայեր մարդկանց և մշակույթին: Քաղաքը նախագծված չէր պետությունը փառաբանելու համար: Իրականում մշակութային հաստատությունները գերիշխում էին քաղաքում և գրավում քաղաքի ամենաազդեցիկ կետերը: Անգամ Լենինի հրապարակում (ներկայիս Հանրապետության հրապարակ) կառավարական շենքերով շրջապատված Ազգային պատկերասրահը ամենից ազդեցիկ տեղն էր զբաղեցնում: Կառավարական շինությունները ասես իրար ձեռք բռնած ծառայում էին Ազգային պատկերասրահը պահպանելուն, մի հաստատություն, որը հիմնադրվել էր տվյալ մշակույթի կողմից ստեղծված գեղարվեստի լավագույն ստեղծագործությունները պահպանելու նպատակով: Թամանյանի կողմից նախագծված Հյուսիսային պողոտան, որը դեռևս կառուցված չէր, պետք է միացներ Ազգային պատկերասրահը Օպերայի հետ, դրանք դարձնելով տեղանքի ամենաբարձր շինությունները: Երևանը նաև ակնհայտորեն արդյունաբերական քաղաք չէր: Արդյունաբերական քաղաքներում սովորաբար այն  տպավորությունն ես ստանում, որ մարդիկ արտադրական գործընթացի մաս են կազմում, ինչպես ասենք հումքը և վառելիքը: Անշուշտ գոյություն ունեին արդյունաբերական թաղամասեր, սակայն քաղաքը նրանց շուրջը չէր ծավալվում: Եվ ամենից կարևորը` քաղաքը նախատեսված չէր մեքենաների համար: Մարդիկ հանգիստ քայլում էին ցանկացած ուղղությամբ, մասնավորապես քաղաքի կենտրոնում: Ընդ որում` միևնույն տեղը հասնելու համար նրանք կարող էին օգտվել տարբեր ճանապարհներից: Առավել երկար հեռավորությունների համար մարդիկ օգտվում էին քաղաքային փոխադրամիջոցներից` տրամվայ, մետրո, ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, որոնք նրանց տեղափոխում էին տարբեր ուղղություններով: Քաղաքն առատ էր հասարակական վայրերով, և մարդիկ սիրում էին օգտվել այդ հասարակական վայրերից, որոնք ձգվում էին լայն մայթերից դեպի կիսասեփական «հայաթներն» և փարթամ զբոսայգիները: Նվազագույնի էին հասցված քաղաքական գործիչներին նվիրված հուշարձանները: Ստալինի հսկայազանգված արձանը վերջինիս մահից հետո արագ փոխարինվել էր Մայր Հայաստանի հուշարձանով: Ամենից աչքի ընկնող արձանը Լենինի արձանն էր Հանրապետության հրապարակում, որն արդեն իսկ հանվել էր նախքան իմ Հայաստան ժամանելը: Քաղաքի ամենանշանակալից վայրերը հատկացված էին նկարիչներին, երաժիշտներին ու բանաստեղծներին: Ցանկացած քայլի քաղաքում հանդիպում էիր շենքերի վրա տեղակայված հուշատախտակների, սովորաբար սքանչելի քանդակագործությամբ, որոնց վրա մատնանշվում էր տվյալ շենքում բնակված գիտնականի, նկարչի, բանաստեղծի և երաժշտի անունը: Յուրաքանչյուր հուշատախտակով, յուրաքանչյուր հուշարձանով և յուրաքանչյուր հրապարակով քաղաքն ասես փառաբանում ու ամրագրում էր գիտության և արվեստի բնագավառներում ձեռք բերած նվաճումները: Դիտարկում 2. Արժեքավոր պատմությունը ոչնչացված էր Ինչպես լսեցի, այն ամենն, ինչ ես տեսնում էի Երևանում կառուցվել էր ոչնչացված պատմական կառույցների և տեղանքի վրա: Նման վայրագությունը Խորհրդային շրջանի անդառնալի սխալներից էր: Մոսկվա կինոթատրոնի տեղում ոչնչացվել էր Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին: Վերացվել էր գեղեցիկ ռուսական եկեղեցին և նույն տեղում կանգնեցվել Ստեփան Շահումյանի հուշարձանը: Ոչնչացվել էին նաև Երևանի ամրոցի մնացորդները` գաղութային անցյալի դառը հիշատակները: Քրիստոնյա հայերի մուտքն ամրոց արգելված էր: Այն նախատեսված էր միայն պարսից իշխանավորների, նրանց էմիսարների և վաճառականների համար: Հավանաբար հենց հանուն այդ դառը անցյալի այն պետք է պահպանվեր: Այն պետք է պահպանվեր հիշեցնելու համար այն ժամանակները, երբ օտարերկյա նվաճողների կամքով հայերը զրկված էին իրենց հողի վրա տեղաշարժվելու ազատությունից:  Չկար նաև ամրոցի շրջակայքի «բազարի» տարածքը` իր մեծ հրապարակով և հարակից նեղ ու գալարապտույտ փողոցներով: Բարեբախտաբար Կապույտ գմբեթով մզկիթը նույն ճակատագրին չարժանացավ և պահպանվեց, թեև նախկին պերճանքից զուրկ: Այն սեղմվեց նոր անտարբեր կառույցների արանքում: Մի՞թե չէր կարելի նոր քաղաքը կառուցել առանց հնությունները ոչնչացնելու: Այդուհանդերձ, մտածում էի, որ դեռևս հնարավոր է պահպանել Երևանի կենտրոնը` Լալայան փողոցով և նեղ ճանապարհների ու մոգական բակերի ցանցով, որոնք դեռևս գոյություն ունեին 1990-ականների սկզբներին: Եթե ոչ յուրքանչյուր առանձին շինություն, ապա գոնե պատմական կենտրոնի ոգին կարելի է պահպանել: Այդ տարածքի ճակատագրի մասին կատաղի քննարկումներ ընթացել են դեռևս խոհրդային շրջանում: Ի վերջո Թամանյանը նախագծել էր Հյուսիսային պողոտան այն կառուցելու մտադրությամբ: Ինչպես պարզվեց, Խորհրդային Միության փլուզումը միայն հետաձգեց այդ տարածքների կորուստը: Երբ 2000-ականներին անշարժ գույքի հանդեպ հետաքրքրությունը ներխուժեց հայկական իրականություն, քաղաքի պատմական անցյալի ոչնչացումը նոր թափ ստացավ: Իշխանությունները սկսեցին հին շինություններից հանված քարերի համարակալման գործընթաց` այն տպավորությունը ստեղծելով, որ դրանք պահպանվելու են ու հետագայում օգտագործվելու պատմական շենքերի վերակառուցման համար: Այսօր Հայաստանում շատերին է հուզում այն հարցը, թե որտեղ են «պահպանվում» այդ քարերը: Դիտարկում 3. Երևանում կային ժամանակակից գանձեր Ես հաճախ էի զբոսնում Երևանի փողոցներով: Զմայլվում էի Կասկադի, հուզվում Ծիծեռնակաբերդի և հմայվում Կոմիտասի անվան կամերային համերգասրահի ճարտարապետությամբ` բոլորն էլ արդիական  գանձեր: Սակայն միայն մեկ ճարտարապետական գոհար` Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, ինձ վրա անկրկնելի տպավորություն թողեց: Այդ շինությունը հայտ էր այն մասին որ Հայաստանն առաջադեմ երկիր է, որը պատրաստ է գեղագիտական երկխոսության մեջ մտնել աշխարհի հետ: Ամառային կինոթատրոնը կառուցվել է 1960-ական թվականներին և հիմնված է Կոնստրուկտիվիզմի շարժման սկզբունքների վրա: Թեև այդ շարժումը կտրուկ կերպով արգելվեց Ստալինի կողմից վաղ 1930-ականներին, այն, որոշ սահմանափակումներով, վերածնունդ ապրեց Խրուշչովի իշխանության ժամանակաշրջանում` 1960-ականներին: Կոնստրուկտիվիզմը գերել և ոգեշնչել է բազմաթիվ արվեստագետների և արվեստի հաստատությունների Արևմուտքում: Այն այսօր էլ շարունակում է ներշնչանքի աղբյուր հանդիսանալ: Արդի ճարտարապետության գերաստղեր, որոնց թվում նաև Զահա Հադիդը և Ռեմ Քուլհաասը, անմիջականորեն ներշնչված են Կոնստրուկտիվիզմի ստեղծագործություններից: Արևմուտքի ժամանակակից արվեստի խոշորագույն թանգարաններից շատերն իրենց հավաքածուներում ընդգրկել են Կոնստրուկտիվիզմի գեղանկարներ, քոլաժներ և կիրառական արվեստի այլ նմուշներ: Այդ շարքում են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը, Լոնդոնի Թեյթ ժամանակակից արվեստի թանգարանը, Լոս Անջելեսի Համերի թանգարանը և սա դեռ լիարժեք ցուցակը չէ: Իմ առաջին ծանոթությունը Կոնստրուկտիվիզմի հետ տեղի ունեցավ 1980-ականներին` նախքան Խորհրդային Միության փլուզումը, Մինեափոլիսի Վոլքեր Արվեստի Կենտրոնում: Այնտեղ Կոնստրուկտիվիզմի մի սքանչելի ցուցահանդես էր կազմակերպվել, որը հետագայում շրջագայեց ԱՄՆ բազմաթիվ քաղաքներով: 1960-ականներին` Կոնստրուկտիվիզմի կարճատև վերածննդի ժամանակահատվածում, կառուցված այս ամառային կինոդահլիճն իր մեջ ներառել էր այդ շարժման լավագույն և բարձրագույն ձեռքբերումները: Իր հանդգնությամբ այն հրաժեշտ տվեց ստալինյան ժամանակաշրջանին բնորոշ ծանր, պաշտոնական և որոշ դեպքերում ճնշող տպավորություն թողնող կառույցներին: Այն միևնույն ժամանակ նոր շունչ հաղորդեց Թամանյանի և նրա հետևորդների խաղուն կլասիցիզմով հագեցած քաղաքին: Ստալինյան սարսափներից հետո այն ոգու` կոլեկտիվ ոգու, ազատության փառաբանություն էր, գովերգելով ազատ ոգու վերածնունդը: Եվ այդ ամենն արված էր պարզությամբ ու նրբագեղությամբ: Իր նրբագեղությամբ այն կարող էր համեմատվել միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ: Այն բացառիկ ասեղնագործություն էր այս ֆորմալիստական, 19-րդ դարաշրջանին նմանվող քաղաքի կտավի վրա: Այն եզակի նմուշ էր այն բանի, թե ինչպես կարելի է սահուն կերպով համատեղել հին ու նոր գեղագիտությունը, հին ու նոր արժեքները: Կոմպոզիցիայի տեսանկյունից Ամառային կինոդահլիճը զարմանալի արդյունքների է հասել: Միևնույն կառուցվածքի մեջ այն համադրել է կայունության և թռիչքի զգացողությունները` երկու հակասություն մի ամբողջության մեջ: Այն դարձավ նույն փողոցի վրա գտնվող Օպերայի համալիրի հանճարեղ անտիթեզիս, ստանալով կատարյալ ներդաշնակություն: Ամառային կինոդահլիճը վեհաշուք չէր: Այն խորհրդանշական չէր: Այն պատմական չէր: Նրանից պարզապես ուրախություն էր բխում, կոլեկտիվ ուրախություն: Այն նախագծված էր հանրամատչելի արվեստի` կինոյի համար: Այն ամեն լավագույնն ինչին հասել էր Կոնստրուկտիվիզմը բյուրեղացված էր այս աշխատանքում: Նայելով այդ կառույցին ես մտածում էի որ այն մեծագույն նվեր է ապագա սերունդներին: Սերունդ առ սերունդ երիտասարդ հայերը կմեծանան` աչքի առաջ ունենալով այդ կառույցը: Եթե միայն ամեն սերունդ կարողանար միայն մեկ նման նվեր թողնել ապագային: Ես չափազանց միամիտ էի: Անգամ Ամառային կինոդահլիճի նման գլուխգործոցները կարող են ցանկացած իշխանության կամայական քմահաճույքի զոհ դառնալ: 2010թ. մայրտի 4-ին, մութ և հարցականներ պարունակող գործընթացի պայմաններում, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը հանել պատմա-մշակութային կառույցների ցանկից: Այդ ցանկի մեջ գտնվելը կառույցի պահպանման գրավականն էր: Սույն որոշումը ճանապարհ հարթեց Ամառային կինոդահլիճի ոչնչացման համար: Տարածքի ներկա սեփականատերը այն նվիրաբերել է Հայաստանի Առաքելական Եկեղեցուն, որն էլ մտադիր է քանդել Ամառային կինոդահլիճը և նույն տեղում «վերակառուցել» Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին: Դժվար չէ պատկերացնել, թե այդ որոշումն ինչ ցնցող ազդեցություն ունեցավ: Դրանից առնվազն բարբարոսության հոտ է գալիս: Ինչպես ճանաչված ճարտարապերության պատմաբան Սամվել Կարապետյանն է պնդում, անհեթեթություն է մտածել, որ կարելի է վերակառուցել Ս. Պողոս Պետրոսը: 1930-ականներին հողին հավասարեցված եկեղեցին միայն մասնակիորեն կարող էր տեղակայված լինել Ամառային կինոդահլիճի տարածքում, եթե ընդհանրապես եղել է այդ մասում: Որքան հայտնի է բոլորին, եկեղեցու կառույցից որևէ շինանյութ կամ քար չի պահպանվել: Նշանակում է, որ կառուցվելու է մի բոլորովին նոր եկեղեցի մի տարածքում, որի վրա չի գտնվել Ս. Պողոս Պետրոսը: Ասել է թե սույն նախաձեռնությունը որևէ կապ չունի Ս. Պողոս Պետրոսի վերակառուցման հետ: Պատմա-մշակութային կառույցների ցանկից Ամառային կինոթատրոնի հանվելուց անմիջապես հետո հասարակության լայն շրջանակներում Ամառային դահլիճի ոչնչացման դեմ ուղղված դիմադրության շարժում սկսվեց: Այս հոդվածը գրելու ժամանակ Ֆեյսբուքում տեղակայված «ՊԱՀՊԱՆԵՆՔ ԿԻՆՈ ՄՈՍԿՎԱՅԻ ԲԱՑՕԹՅԱ ԴԱՀԼԻՃԸ» արդեն 5000 մարդ է միացել: Նրանց թիվն աճում է ժամ առ ժամ: Սույն նախաձեռնության կազմակերպիչները արդեն սկսել են ստորագրահավաք անցկացնել Ամառային դահլիճի փրկության համար: Մինչ այժմ արդեն 20000 մարդ ստորագրել է այդ միջնորդությունը: Այն հարցը, թե արդյոք հայերը նոր եկեղեցիների կարիք ունեն, թե ոչ, սույն քննարկության խնդրո առարկա չի կարող լինել: Այդ քննարկումը մեզ շեղում է հիմնական հարցից, այն է` մեր անցյալի արժեքները պահպանելու մեր պարտականությունից: Ամառային կինոդահլիճը մեր անցյալի մեծագույն արժեքների նմուշներից մեկն է: Կասկածից դուրս է, որ ցանկացած ոք, ով ուզում է աղոթել և մոմ վառել, պետք է ունենա այդ տեղը: Սակայն աղոթելու և մոմ վառելու համար առաջարկել մի տեղ, որը պետք է կառուցվի ոչնչացնելով մշակութային գոհար կարող է միայն Թալիբներին բնորոշ լինել, և ոչ Հայ Առաքելական եկեղեցուն: Ես աղոթում եմ հանուն նրա, որ Հայ Առաքելական Եկեղեցին վերանայի իր որոշումը: Աղոթում եմ հանուն նրա, որ անթիվ սերունդներ դեռ զբոսնեն Ամառային կինոթատրոնի մոտ` զմայլվելով նրա ջերմ դյութանքով, և խորհեն հնի ու նորի, անցյալի ու ներկայի, պատմության ու ապագայի կապի մասին: Վերջ Ալեն Ամիրխանյանը քաղաքաշինարար է, որն ապրում է անցյալում, ներկայում բայց ավելի հաճախ ապագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter