Գլխավոր դատախազությունն արձագանքել է «Հետքի» հրապարակումներին
Քննիչից վերցրել են աղջնակի բռնաբարության քրեական գործի վարույթը
ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը նամակ է գրել «Հետքի» խմբագրությանը, որում մասնավորապես նշված է.
««Հետք» ինտերնետային թերթում վերջին մեկ ամսվա ընթացքում եղել է երկու հրապարակում Լոռու մարզի Նեղոց գյուղում 11-ամյա աղջնակի բռնաբարության մասին՝ կասկածի տակ դնելով նախաքննության օբյեկտիվությունը:
Դատախազությունը դրական է գնահատում Ձեր արձագանքը նշված դեպքին, հետեւողականությունը եւ մտահոգությունը քրեական գործի նախաքննության նկատմամբ: Տեղեկացնում եմ, որ դատախազական հսկողության արդյունքում նույնպես ի հայտ են եկել որոշ խախտումներ, թերացումներ, որոնց վրա Լոռու դատախազությունը գրավոր հրավիրել է Լոռու մարզի քննչական բաժնի պետի ուշադրությունը: Բացի այդ՝ Լոռու մարզի դատախազը գրավոր ցուցում է տվել քրեական գործը վերցնել քննիչի վարույթից եւ նախաքննությունը հանձնարարել Թումանյանի բաժնի պետին: Բացի այդ ցուցում է տրվել կատարել անհրաժեշտ այն քննչական գործողությունները, որոնք կապահովեն քննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը:
Քրեական գործի նախաքննությունը գտնվում է դատախազության առանձնակի հսկողության ներքո: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել