HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ նախագահը իրավունք չունի առաջարկել ԼՂՀ տարածքների ճակատագրի վերաբերյալ տարբերակ»

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում մարտի 26-ին կայացավ երիտասարդական խորհրդակցություն` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի` Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած այցի ժամանակ հնչեցրած հայտարարության առիթով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման արդյունքում երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որում մասնավորապես ասված է. «Դուք բազմիցս հայտարարել եք, որ Ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններն ընթանում են խեղաթյուրված ձեւաչափով, քանի որ այդ բանակցություններին ուղղակիորեն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը: Բացի դրանից` Դուք բազմիցս ողջունել եւ իրականացրել եք վերաբնակեցման քաղաքականությունը, վստահեցրել այդ տարածքներում ապրող մեր հայրենակիցներին, որ այդ տարածքները մեր երկրի անբաժան մասն են` ամրագրված ԼՂՀ Սահմանադրությամբ: Այդ առիթով ցանկանում ենք եւս մեկ անգամ հայտնել մեր երախտագիտությունը եւ պաշտոնապես Ձեր կողմից հնչեցված քաղաքականությանը զորավիգ լինելու մեր պատրաստակամությունը: Վստահ ենք, որ Ձեր կողմից վերոհիշյալ ուղղությամբ վարվող քաղաքականությունը կմնա անփոփոխ: Արդարեւ, ԼՂՀ իրավազորության տակ գտնվող տարածքների տերն են հանդիսանում ԼՂՀ քաղաքացիները, ուստի` ԼՂՀ տարածքի ցանկացած փոփոխություն պետք է կատարվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Հաշվի առնելով վերոնշյալը` մեր կարծիքով, ՀՀ նախագահը կարող է արտահայտել իր անձնական կարծիքը տարածքների վերաբերյալ, բայց իրավունք չունի, որպես ՀՀ նախագահ, առաջարկել ԼՂՀ այդ տարածքների ճակատագրի վերաբերյալ   ցանկացած տարբերակ` առանց համաձայնեցնելու ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի հետ: Սիրիայում ՀՀ նախագահի ելույթը կասկածի տակ է դնում ինչպես ԼՂՀ Սահմանադրությունը, այնպես էլ ԼՂՀ օրինական իշխանությունների ընտրած քաղաքական կուրսը: Մենք ժխտողական վերաբերմունք ունենք ՀՀ նախագահի վերոնշյալ կեցվածքին եւ գտնում ենք, որ ժամանակն է համաձայնագիր ստորագրվի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ, որում հստակեցվի երկու պետությունների իրավունքներն ու պարտականությունները ԼՂՀ ճանաչման գործընթացում: Մենք` ներքոստորագրյալներս, քաջ գիտակցելով մեր` այս երկրի ապագայի տերն ու ժառանգորդը լինելու անժխտելի իրավունքը, հավաստիացնում ենք, որ թույլ չենք տա մեր անկախ ու անվտանգ ապրելու գրավական հանդիսացող մեր երկրի  տարածքային ամբողջականության հարցը  որեւէ քաղաքական շահարկման եւ սակարկման առարկա դարձնել: Վերոհիշյալ մոտեցումը հստակ ամրագրվել է 22.11.08թ եւ 18.03.09թ. Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների միացյալ հայտարարությամբ: Հավաստիացնում ենք Ձեզ, որ մենք` Արցախի երիտասարդներս, անկոտրում ենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու մեր նպատակներում, քանզի քաջ գիտակցում ենք, որ ԼՂՀ տարածքային ամբողջականության խախտումը ծնելու է նոր պատերազմ, նոր ավեր, նոր զոհեր»: «Արցախի ԵՄՔԸ» «Հայկի  սերունդ» ԵՀԿ ԱԺԿ երիտասարդական թեւ «Ապառաժ» երիտասարդական միություն «Երիտասարդ քաղաքագետների ակումբ» Արցախի թեմի երիտասարդաց միություն ՀՅԴ Արցախի Երիտասարդական միություն ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկյան» ուսանողական միություն «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter