HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բ. Սահակյան. «Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող անձանց հետ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ առանց Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորման: Նա միաժամանակ նշել է, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ մոտեցումները, ինչպես նաեւ փոխվստահության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական մերժումը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները: Բ. Սահակյանը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Արցախի Հանրապետության նախագահը հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները նույնպես նշել են, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նախագահը նշել է, որ այն որեւէ առնչություն չունի ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, եւ դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցելու փորձերը բացասական ազդեցություն են ունենում երկու գործընթացների վրա` մտցնելով փակուղի: Քննարկվել են նաեւ շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter