HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Հայաստանը թալանողները-4 Հայաստանը թալանող պաշտոնյաների հերթական ցուցակն է երեկ տպագրվել ռուսական մամուլը։ Այս անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքին անդրադարձել է «The Moscow Post» պարբերականը։ «Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար բարձրացրեց 7 տոկոսով, իսկ հայ չինովնիկները հաջողացրին բնակչության համար այդ գինը բարձրացնել մոտ 40 տոկոսով»։ Սույն վերտառությամբ հոդվածի տակ այս անգամ խոսքը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանի, ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի և Վոլոդյա Բադալյանի, գործարարներ Միխայիլ Բաղդասարովի և Բարսեղ Բեգլարյանի մասին է։ «Զավզակել են» Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով այն պնդման հեղինակներին, թե Ղարաբաղը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացից դուրս է մղվել Քոչարյանի մեղքով, նրանց «զավզակներ» է անվանել։ «Բանակցային գործընթացի, Քոչարյանի «սխալների» և դրանք «հանճարեղ» կերպով ուղղելու մասին զավզակելուց առաջ հարկավոր էր լավագույնս ուսումնասիրել հարցը։ Առաջին հերթին ասածս վերաբերում է կուսակցական գործիչներին»,- նշել է Սողոմոնյանը։ Հիշեցնենք, որ վերջերս այդ մասին հատկապես բարձրաձայնում են ՀՀԿ-ականները, մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մարտի 22-ի ասուլիսում ասել էր. «Մենք առաջարկում ենք շտկել սխալները, հենց դրանից են նեղանում մեր նախկին իշխանավորները, որ այսինքն ի՞նչ է նշանակում, 10 տարի սխալ էր՝ հիմա շտկու՞մ եք։ Այո, սխալ է տեղի ունեցել։ Հիմա ճիշտ կլինի քաջություն ունենալ՝ այդ սխալն ուղղել, և մենք դա ուղղելու ենք»։ Գրիշա Սարգսյանը՝ վեցի պետ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո սկսվեցին խոսակցությունները, թե ով կզբաղեցնի թափուր մնացած աթոռը։ Շաբաթ օրը պարզվեց, որ Ալիկ Սարգսյանի առաջին տեղակալ է դարձել նրա սանիկը՝ ոստիկանության վեցերորդ վարչության պետ Հունան Պողոսյանը։ Այժմ թափուր է վեցի պետի աթոռը, և խոսակցություններ կան, թե այդ աթոռը զբաղեցնելու է ՀՀ ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի պետ Գրիշա Սարգսյանը։ Գրավոր ներողություն են խնդրել Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ, ապա արդարացված Նաիրի Բադալյանը կրկին ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան՝ դատավարություններին մասնակցելու համար, նա բողոքարկել է դատախազության, ոստիկանության և նախագահի գործողությունները ու պահանջել իր հանդեպ տեղի ունեցածին ճիշտ քրեաիրավական գնահատականներ տալ, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հասարակական ռեաբիլիտացիա ապահովել իր համար, ինչպես նաև փոխհատուցել իր վնասները, որոնք գնահատել է 10 մլն դոլարից ավելի։ Նա պահանջում է իրենից, որպես արդարացվածի, գրավոր ներողություն խնդրել։ Ի դեպ, քրդատդօր-ի 66 հոդվածը նման բան նախատեսում է, սակայն այդպիսի պրակտիկա Հայաստանում մինչ օրս չի կիրառվել, ուստի զարմանալի էր Ն. Բադալյանի ձեռքում տեսնել մի գրություն, որտեղ գրված է. «Հիմք ընդունելով 27.06.2000թ. Ձեր վերաբերյալ քրդատօր. 35 հոդվածի 2-րդ մասով կայացված թիվ 62207199 քրեական գործի մասը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և ղեկավարվելով քրդատօր. 66 հոդվածի 1-ին և 10-րդ մասերով, քրեական հետապնդման մարմինը, ի դեմս ՀՀ զինվորական դատախազի, ներողություն է խնդրում Ձեզանից։ Արմեն Խաչատրյան»։ Երեկ նրան ընդունելով, զինդատախազը հանձնել է այս գրությունը և ասել, որ զարմանում է, թե ինչու իր նախորդները ժամանակին չեն արել դա։ Ն. Բադալյանը նշում է, որ նախագահից ևս պահանջել է ներողություն խնդրել իրենից, քանի որ նա (Ռ. Քոչարյան) ասուլիսներում ասել է. «Ես տեղյակ էի, որ նրանց նկատմամբ կիրառվում են օրենքով չնախատեսված միջոցներ, սակայն չէի միջամտում հասկանալի քաղաքական պատճառներով»։ Բադալյանը գնալու է մինչև Եվրադատարան։ Սերբիայում նույնպես Սերբիայի ազգայնական կուսակցության մամուլի քարտուղար Զորան Կրասինը Բելգրադում հայտարարել է, որ իրենց կուսակցությունը խորհրդարան է մտցրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ։ Կրասինը նշել է, որ օրինագիծը շուտով կդրվի քվեարկության։ Վերահսկողությունը խստացրել է Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև 2010 թ. ապրիլի 9-ը կասեցրել է։ Սա աննախադեպտ բան էր, քանի որ մինչ այդ, եթե որևէ աշխատակից անցանակալի էր ռեժիմի համար «վերևից» հրահանգ էր իջեցվում տվյալ ոլորտի պատասխանատուին, այս դեպքում՝ սոցապ նախարարին, և պաշտոնյան հեռացվում էր աշխատանքից, որպես կանոն, սեփական դիմումի համաձայն։ Այսինքն՝ ստիպում էին դիմում գրել։ Սակայն այս դեպքում պաշտոնապես որևէ պարզաբանում այդպես էլ չհնչեց։ Իսկ թե ինչպես է վերաբերվում վարչապետի այս որոշմանը սոցապ նախարար Մխիթար Մնացականյանը՝ Կարմիր Խաչի Մխիկը, դարձյալ անհայտ է։ Հուսով ենք, որ նախարարն իր վերաբերմունքը կարտահայտի։ Հավելենք, որ պաշտոնյայի գործունեության կասեցման վերաբերյալ իր որոշումից հետո վարչապետը հրահագել է բոլոր նախարարներին, որպեսզի նրանք իրենց կադրային հարցերն իր հետ նախապես ճշտեն։ Այս քայլով վարչապետը ցանկանում է վերահսկել բոլոր նախարարություններն այնպես, ինչպես անում է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, որտեղ նախարարներն իր մարդիկ են։ Ավելի վատ վիճակում «Ցուցանիշների իմաստով ավելի վատ չի լինի, բայց կյանքի որոկի առումով ավելի վատ վիճակում ենք հայտնվելու»,- անդրադառնալով այս տարվա տնտեսական զարգացումներին՝ «168 ժամի» հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ «Այս տարի տնտեսության շատ ոլորտներում կգրանցվեն դրական միտումներ, սակայն ընդհանուր վիճակը չի լավանա, ճգնաժամը հիմնականում հենց այդպես կդրսևորվի։ Սպասվող բարձր գնաճի հետ կապված սոցիալական լարվածությունն ավելի կթեժանա։ Մանավանդ, որ գնաճն առաջին հերթին խփելու է ամենակարիքավորների գրպանին, փոքր բյուջե ունեցողի համար թանկացումն ավելի էական նշանակություն ունի»,- նշել է Բ. Ասատրյանը։ Делом займись! Արձագանքելով արտահերթ ընտրությոնների իշխանության մասին արմատականների գուշակություններին, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց. «Քաղաքական ուժերը պետք է քաղաքականությամբ զբաղվեն, իրենց գործունեությամբ նպաստեն մեր պետությանն ու ժողովրդին հասցեագրված մարտահրավերները հաղթահարելուն, համազգային խնդիրները հայանպաստ լուծելուն։ Ցավոք, հիմա որոշ քաղաքական ուժեր զբաղված են միայն միջկուսակցական հակասությունները որոնելով և մոռացել են իրենց պարտավորություններն ու ժողովրդին տված ամպագորգոռ խոստումները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter