HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Խախտումներ` Տնտեսական զարգացման նախարարությունում

ԼՂՀ վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել Տնտեսական զարգացման նախարարությունում: Դրանք օրերս ներկայացվել են Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստում:

Վերահսկվող օբյեկտում ստուգման ժամանակահատված էր սահմանված 2008-2009 թվականները: Վերահսկողություն էր իրականացվել նաեւ նախարարության «Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման կենտրոն»,  «Պետական պահուստ» եւ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ներում: Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ տնտեսական զարգացման նախարարությունում, չպահպանելով նախագահի հրամանագրի պահանջները, նախարարի տեղակալները պարգեւատրվել են նախարարի հրամաններով: Նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով հղիության ու ծննդաբերության արձակուրդի հաշվարկված նպաստի գումարից պահվել է եկամտահարկ, ինչը եկամտահարկի մասին օրենքի համապատասխան հոդվածի պահանջների խախտում է: ՎՊ մասնագետները պարզել են, որ գործուղման ծախսերի հաշվարկման եւ վճարման ժամանակ, խախտելով կառավարության համապատասխան որոշումը, գերավճար է թույլ տրվել` 113 հազար դրամի չափով, որը ենթակա է վերականգնման: Կապի եւ այլ ծառայությունների ձեռքբերման հոդվածով 2008-2009թթ. 594 700 դրամ է դուրս գրվել` անձնական բջջային հեռախոսավճարները մասնակի փոխհատուցելու համար, որի իրավական հիմքը բացակայում է: Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ 2009-ին կառավարության որոշումներով ուղղակի վաճառքի ձեւով օտարված 14 ավտոմեքենաների վաճառքի գինը կազմել է 3 մլն 131 հազար դրամ, որի հաշվեկշռային մեթոդով գնահատման գինը 17 մլն 881 հազար 100 դրամ է: Վերահսկիչ պալատի մասնագետների կարծիքով, պետական պահուստ ստեղծելու մասին կառավարության որոշման համաձայն, տնտեսական զարգացման նախարարությանը վերապահված մի շարք միջոցառումներ չի իրականացրել, այդ թվում` պետական գրանցումը: Նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով աշխատանքից ազատված քաղծառայողին արձակման նպաստ չի տրամադրվել: Խախտումներ են հայտնաբերվել նաեւ ընդերքօգտագործման հետ կապված: Այս երկու հարցի վերաբերյալ տնտեսական զարգացման նախարարությունն առարկություն է ներկայացրել: Խորհրդի նիստում ծավալված բանավեճի արդյունքում որոշվել է նշված  հարցերը քննարկել ավելի ուշ: Նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչության կողմից միատեսակ մոտեցում չի ցուցաբերվել նմանատիպ խախտումների նկատմամբ, ինչի արդյունքում 2008-2009թթ. ստուգման ենթարկված 318 սուբյեկտներից 302-ի մոտ հայտնաբերվել են նմանատիպ խախտումներ, սակայն վարչական տուգանք է կիրառվել 126 սուբյեկտի նկատմամբ: Պարզվում է, որ 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետության տարածքում առանց համապատասխան սերտիֆիկատի գործունեություն էր իրականացնում 142 հանրային սննդի օբյեկտ: Միջոցներ չեն ձեռնարկվել նաեւ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման կենտրոն ՊՈԱԿ-ի ներկայացրած ԼՂՀ տարածքում առանց սերտիֆիկատի եւ չափման միջոցների ստուգաչափումից հրաժարված սուբյեկտների նկատմամբ: Վերոնշյալ ՊՈԱԿ-ում 2008թ. աշխատողների պարգեւատրման համար փաստացի ծախսվել է 1 մլն 427 հազար դրամ, որը նախահաշվով չէր նախատեսվել, իսկ 2009-ին պարգեւատրման համար նախատեսվել էր 1 մլն դրամ, որի փաստացի ծախսը կազմել է 1 մլն 748 հազար դրամ: Կազմակերպությունում 2008-ի ապրիլին ձեռքբերված թունաբանական լաբորատոր սարքավորումների համար կատարվել է 3 մլն 600 հազար դրամի անարդյունավետ ծախս, իսկ 4 մլն 824 հազար դրամ գումարի ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումն իրականացվել է` շրջանցելով «Գնումների մասին» եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքների պահանջները: Նախահաշվով չնախատեսված ծախսեր են հայտնաբերվել նաեւ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ում. 2008թ. կազմակերպության աշխատակիցների խրախուսման գումարը կազմել է 2 մլն 519 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter