Ինչո՞ւ աղքատները չեն դիմում ընտանեկան նպաստների համակարգին
«Նպաստն ընենց մարդիկ են ստանում, որ հող էլ ունեն, ավտո էլ ունեն, լավ էլ ապրում են: Ես գիտեմ, որ ով պիտի նպաստ ստանա, չի ստանում, իսկ ում չի հասնում, լավ էլ ստանում են»,- ասում է Արալեզ գյուղի բնակիչներից մեկը: Սոցիալ-տնտեսական վերլուծությունների խորհրդատվական կենտրոնը Հայաստանի 8 մարզերում (բացի Արմավիրից) ուսումնասիրություններ է կազմակերպել` պարզելու, թե ինչու աղքատները չեն դիմում ընտանեկան նպաստների համակարգին:
Ընտանեկան նպաստների համակարգում (ԸՆՀ) 2009 թվականին հաշվառվել են մոտ 150 հազար ընտանիքներ, որոնց 73 տոկոսը ստանում են ընտանեկան նպաստ (միջինը` 23.560 դրամ), սակայն քիչ չեն այն աղքատ ընտանիքները, որոնք չեն հաշվառվել ԸՆՀ-ում: Սոցիալ-տնտեսական վերլուծությունների խորհրդատվական կենտրոնը փորձել է պարզել դրա պատճառները:
Ընտանեկան նպաստների համակարգում չհաշվառվածների 57.4%-ը համարում է, որ միեւնույնն է, իրեն չէին ընդգրկի համակարգում, 21.1%-ն իրենց ապահովված են համարում, 5%-ը պահանջվող տեղեկանքների ձեռքբերման դժվարություններ ունի, 3.5%-ը չեն դիմել ԸՆՀ-ին սոցիալական աշխատողնեի վատ վերաներմունքի պատճառով, իսկ 2,4%-ն ընդհանրապես տեղյակ չի եղել ծրագրի մասին: Մյուս հարցվածները ԸՆՀ-ում չհաշվառվելու այլ պատճառներ են նշել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչ Աստղիկ Մինասյանը քիչ առաջ «Կոնգրես» հյուրանոցում կայացած ծրագրի ամփոփման ժամանակ ասաց, որ նախարարության համար այս ուսումնասիրությունները շատ կարեւոր են, քանի որ տարիներ շարունակ ծանոթ լինելով խնդիրներին` իրենք կարող է այլեւս չնկատեն դրանք, իսկ կողմնակի աչքը նկատել է եւ ուշադրության է արժանացրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել