Սամվել Բաբայան. «Մի փայլուն հաղթանակ 16 տարում մաշեցրին»
Այսօր անցկացված մամուլի ասուլիսին ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Պրն Բաբայան, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները ենթադրել են տալիս, որ շատ մարդկանց սկզբունքները շատ մոտ են 97-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակին: Եթե Սերժ Սարգսյանը գնա այնպիսի զիջումների, որոնք ընդունելի չեն, որքանո՞վ եք հավանական համարում 98-ի իշխանափոխության սցենարի կրկնությունը:
Ընդհանրապես Սերժ Սարգսյանը չի գնալու նման փոխզիջումների, ինչքանով տեղյակ եմ: Իմ կարծիքով, այն բոլոր հայտարարություններին կամ կարծիքին, որը Սերժ Սարգսյանն արտահայտում է, պետք է նայել միայն ու միայն քաղաքական կոնտեքստում:
Ղարաբաղի հարցում չեմ տեսնում նման սուր իրավիճակ, որ իշխանափոխության հարց լինի: Ես որևիցե լուրջ բան քաղաքական որոշում Ղարաբաղի հարցով չեմ տեսնում մոտակա ժամանակներս` մի քանի տարի: Մենք ավելի շուտ պետք է պատրաստ լինենք տնտեսապես հզորանալու և ապագան կառուցելու հզոր պետության վրա, որ կարողանանք դիմակայել հակառակորդի լկտիությանը: Իսկ որ մենք մոտ ժամանակներս կունենանք պայմանագիր, փաստաթուղթ, ես այդքան լավատես չեմ:
Դուք համարում եք, որ իսկապե՞ս Ադրբեջանը համաձայնել է այն սկզբունքներին, որոնք այսօր կոչվում են նորացված: Կարելի՞ է համարել, որ պահն այնպիսին է, որ իսկապես Հայաստանը մերժում է այդ սկզբունքները, իսկ Ադրբեջանն ընդունում է:
Երբ ես արտահայտվում եմ ինչ-որ բաների մասին, ես ունենում եմ հստակ և ինֆորմացիա, և բոլոր պատասխանները` Ձեր հարցին: Այո, Ադրբեջանը ընդունել է: Այո, այդ փաստաթուղթը մեզ համար անընդունելի է, հայկական կողմը չի ընդունել:
Դրանից կարելի՞ է եզրակացնել, որ իսկապես այդ նորացված սկզբունքներով հետքայլ է կատարվել դեպի, այսպես կոչված, փուլային տարբերակ:
Այո, կարելի է համարել, որ մենք վերադարձել ենք, ըստ փաստաթղթի, 97 թվականին:
Պրն Բաբայան, այսօրվա իրավիճակում պատերազմի սպառնալիքն իրական համարո՞ւմ եք:
Այո: Երբ ես ասում եմ` այո, ոմանք արտահայտվում են, որ «պրն Բաբայանը ասաց, որ վաղը սկսվելու է պատերազմը»: Չէ: Ամեն ինչ գնում է դեպի պատերազմի ճանապարհը, որովհետև Ադրբեջանն այն լկտիությունը ունի, որ «որևիցե բան չտալ, ամեն ինչ ստանալ»: Դա խոսում է նրա մասին, որ նա տանում է դեպի պատերազմի:
Այսօր այդ փաստաթուղթը, որի առաջարկը ներկայացրել են` այսպես կոչված, նորացված տարբերակը, նա սարքել է դրոշակ ու ընկել առաջ, փորձում է դրանով իսկ իր հարցերը լուծել, ընդհանուր ֆոն ստեղծել: Այո, վտանգավոր է իրավիճակը, ցանկացած րոպե կարող է պատերազմ վերսկսվել: Իսկ մենք դատապարտված ենք այդ պատերազմում հաղթելու, այլընտրանք չունենք: Եթե Ադրբեջանը ունի ինչ-որ այլընտրանք` հետ քաշվելու կամ ինչ-որ զիջումների գնալու, մենք չունենք այլընտրանք:
Պրն Բաբայան, մոտակա ժամանակներս հնարավորություն կա՞, որ Լեռնային Ղարաբաղը մտնի բանակցային գործընթացի մեջ:
Ես չեմ տեսնում նման զարգացում, քանի որ միջնորդները գնում են Ադրբեջանի այն թելադրանքին, որը կա: Միջնորդը մենք հասկանում ենք որպես միջնորդ ու դատավոր: Իսկ նրանք դատավորի կարգավիճակում չեն: Ես համարում եմ, որ Մինսկի խումբը իր դերը չի կատարում:
Դուք ասացիք, որ յուրանքաչյուր հարցի անդրադառնալիս ունեք հստակ ինֆորմացիա: Ադրբեջանը մերժեց Սերժ Սարգսյանի առաջարկը` ուժի չկիրառման պայմանագրի հետ կապված: Դուք ունե՞ք ինչ-որ տեղեկություն` Հայաստանը պատրաստվո՞ւմ է պատերազմի, թե՞ ոչ:
Իմ կարծիքով, Հայաստանը ամեն օր էլ պատրաստվում է այդ պատերազմին, և անպայման չի, որ դա ցուցադրի: Ցանկացած բանակ ամեն օր պետք է պատրաստ լինի պատերազմի:
Ասացիք, որ Ղարաբաղի հետ կապված վիճակն այնքան սուր չէ, բայց նաև ասում եք, որ վտանգավոր իրավիճակ է: Հակասական չի՞ ստացվում:
Չեմ կարծում, որ հակասական է, որովհետև եթե վերջնական փաստաթուղթ, փաթեթ չունենք ստորագրված, այդ պատերազմը միշտ էլ կախված է: Եթե չենք կարողանում հարցը լուծել քաղաքականապես, եթե Ադրբեջանը միակողմանի իր ամբողջականության խնդիրն է դնում, իհարկե, այլ տարբերակ չկա. որևիցե իշխանություն չի կարող նման փոխզիջումների գնալ:
Պրն Բաբայան, Ձեր կարծիքով ի՞նչն է զսպում Ադրբեջանին` միայն Հայաստանի ռազմական համարժեք ուժը, թե՞ կան զսպող մեխանիզմներ` ի դեմս գերտերությունների` Մինսկի խմբի համանախագահների, կամ Ադրբեջանը իր համար ինչ-որ ժամկետ ունի, որ մինչև տվյալ ժամանակ բանակցությունը կշարունակվի, իսկ դրանից հետո, եթե արդյունք չլինի, պատերազմ կսկսի:
Իմ կարծիքով, երկու գործոնն էլ գոյություն ունեն: Առաջին հերթին` նա վերջերս այն փաստաթուղթը ստացավ: Մինչև այդ անընդհատ ադրբեջանական կողմ էր մերժում, հիմա ունի ձեռքի տակ փաստաթուղթ, որի վրա հիմնվելով` ասում է, որ «հայկական կողմն է մերժում»:
Երկրորդ` այսօր Ադրբեջանը տարածաշրջանային գործոն է, ընդունում ենք դա, թե չէ` թե նավթի, թե գազի, թե ընդհանրապես ասիական այդ ամբողջ հոսքը ապահովելու առումով:
Երրորդ` իմ կարծիքով, շատ վստահ չի իր վրա, որ անպայման հաջողություն կունենա: Ամենից մեծ գործոնը, որ դեռ հետ է պահում պատերազմ վերսկսելուց, իր անպատրաստ լինելն է: Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ պատերազմ վերսկսելու դեպքում, եթե ինքը նորից պարտվեց, պետք է մոռանա այն, ինչ մեր հսկողության տակ է, և այն, ինչ կունենանք: Շատ մեծ կորուստ կլինի: Դրա համար վստահ չի վերսկսել:
Ինչո՞ւ վստահ չէ. ռազմական բյուջեն չի՞ բավարարում, զո՞րքն է ավելի թույլ:
Այստեղ խնդիրը ռազմական բյուջեն չի, ոչ թե զորքի քանակը: Ընդհանրապես պատերազմը ոչ զորքի քանակով են կրում, ոչ էլ ռազմական բյուջեով:
Ոգո՞վ:
Չէ, ոգին պետք է ունենա զինվորը, բայց տակտիկապես այլ խնդիրներ են ընդհանրապես:
Պրն Բաբայան, ԼՂ իշխանությունների մոտ իրապես տեսնո՞ւմ եք կարգավորման գործընթացին ինտեգրվելու ցանկությունը, քաղաքական կամքը: Եվ արդյոք ինտեգրվելիս իրավիճակը կփոխվի՞:
Առաջին հերթին, Ադրբեջանը թույլ չի տա, որ Ղարաբաղի կողմը ինտեգրվի, որովհետև նա իր ամբիցիաներով խնդիրներ է դնում, և միջնորդները անգամ չեն փորձում այդ հարցում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու փորձել Ղարաբաղյան կողմին ներքաշել բանակցությունների մեջ:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կլողմին, չեմ կարծում, որ ներկա փուլին իրենց ընդգրկվելով ինչ-որ հարց է փոխվելու, որովհետև, եթե անկեղծ լինենք, մենք Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման քաղաքական պահը կորցրել ենք:
Ե՞րբ ենք կորցրել:
Վաղուց` 94 թվին:
Ի՞նչ պիտի արվեր այդ ժամանակ:
Փորձենք մի փոքր հետ գնալ, սկսենք 21 թվից: Երբ դուք նայում եք պայմանագրերի ստորագրմանը մեր տարածաշրջանում նմանատիպ հարցերում` լինի հայ-թուրքական, հայ-վրացական, վրաց-ռուսական, հայ-ադրբեջանական, անպայման իրավիճակը, այդ ստորագրումը եղել է մի կողմի համար շատ անընդունելի` պարտադրված: Հենց խաղաղություն է գալիս, լեզվով խոսելը մոռանում են:
Ասենք, Ղարսի պայմանագիրը հայկական կողմի համար պարտադրված էր: 93 թ.-ին, 94 թ.-ին Ադրբեջանը մեզ հետ պայմանագիր է ստորագրել պարտադրված: Վրաստանը այս վիճակում որևիցե դեպքում չէր ստորագրի այն փաստաթուղթը, որ Սահակաշվիլին Ռուսաստանի հետ ստորագրեց 2008 թ. օգոստոսին: Սա խոսում է նրա մասին, որ մեր տարածաշրջանի ժողովուրդները լեզվով չեն կարողանում իրար հասկանալ. միայն ու միայն պարտադրված են գնում քայլերի:
94 թ.-ին պետք է չկանգնեինք, պետք է պարտադրեինք վերջնական փաթեթ ստորագրել: Մենք պետք է գիտակցենք, որ մեր հակառակորդը 93 թ.-ին համաձայնվել է փաստաթղթեր ստորագրելու, նորից նույն 93 թ.-ի դեկտեմբերին պատերազմ սկսեց: Երբ սկսել է պարտվելը, նորից պարտադրված գնացել է փաստաթուղթ ստորագրելու: Սա է մեր հակառակորդը: Ամոթ չի իմանալ ու ճիշտ ասել, ոչ թե իլյուզիաներով տառապենք, ասենք. «Վաղը պայմանագիր են ստորագրելու, խաղաղություն է լինելու»: Լուրջ չի մի քիչ:
Այսինքն` հիմա ի՞նչ պիտի լինի, որ Ղարաբաղը կրկին ինտեգրվի գործընթացին: Կրկին կուլմինացիոն ինչ-որ իրավիճա՞կ պետք է լինի:
Իհարկե, իրավիճակը սրվելու դեպքում կարող է ինտեգրվել:
Պրն Բաբայան, Դուք ասում եք, որ իրավիճակը տանում է դեպի պատերազմի, բայց մյուս կողմից ասում եք, որ Ադրբեջանը հասկանում է, որ, օրինակ, ինքը պատրաստ չէ: Հետևաբար, Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրություն անել, որ ռազմական հզորության մեծացման առումով ժամանակը աշխատում է Ադրբեջանի օգտին:
Իմ կարծիքով, ես հակասությունների մեջ չեմ մտնում, երբ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստ չի պատերազմ վերսկսելու հենց այսօր: Հարցը կոնտեքստից մի հանեք, որովհետև ինձ հարցը ուղղել էին այլ ձևով: Ադրբեջանը այսօր պատրաստ չէ, կարող է վաղը պատրաստ լինել: Խնդիրն այն չի, որ Ադրբեջանը ընդհանրապես ցանկություն չունի: Ադրբեջանը մեծ ցանկություն ունի Ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Թե երբ ինքը հոգեպես և ռազմական առումով պատրաստ կլինի` վերսկսելու, ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն ասել:
Ադրբեջանը գիտակցում է, որ եթե պատերազմը վերսկսեց ու անհաջողություն ունեցավ ռազմի դաշտում, նա կորցելու է արդեն ոչ թե պետության 13-20 %, այլ կարող է 50 %-ը կորցնել, ու որևիցե միջնորդ չի կարողանալու կանգնեցնել դա: Եվ հասկանում է, որ պետք է շատ լավ պատրաստվել այդ մարտին, որ դա մի անգամ է լինելու ու վերջ: Դրանից հետո արդեն կողմերը` կրող, կրվող, ընթացքում ստորագարելու են բոլոր այն փաստաթղթերը, որ այս 16 տարին չեն ստորագրում: Իմ միտքը սա էր:
Իմ կարծիքով, այո, գործընթացը տանում է դեպի այդ ճանապահ:
Շատերի կարծիքով, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայում էր, և երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ տնտեսական քաղաքականության քննադատությամբ, դա իրականում վերաբերում էր Ղարաբաղին և յուրատեսակ «մեսիջ» էր, որ այն զիջումները, որ ենթադրվում էր, որ Սերժ Սարգսյանը կարող է անել Ղարաբաղի հարցում, չանի: Ձեր կարծիքով` կա՞ նման իրողություն:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին, ես այդպես չեմ գնահատում, որևիցե կապ չունի: Եթե երեկվա իր հայտարարությունն էլ ընթերցեք ուշադիր, հենց ուղիղ ասվում է: Չի կարելի կապել, որ ինչ-որ մեկը մեկին պաշտպանում է: Մեր լրագրողները շատ սիրում են կապել: Վաղը կփորձեք ինձ ասել, որ ես Քոչարյանին պաշտպանում եմ, կամ «Բաբայանը արտահայտվեց ինչ-որ մեկի պաշտպանության համար»:
Օսկանյանն արտահայտում է իր մտքերը, բոլոր լրատվական միջոցները, քաղաքական ուժերը ձևակերպում են, որ «Քոչարյանն է թելադրում, որ Օսկանյանը արտահայտվի»: Այդպես չի: Այսինքն` ամեն ինչը սկսվել է Օսկանյանի ելույթից հետո, և Քոչարյանը պատասխանել է նրանց, ովքեր արտահայտվել են իր մասին և անթաքույց մեղադրել են Քոչարյանին:
Բայց ելույթների մի շղթա գնաց` Օսկանյան, Քոչարյան, հետո Դաշնակցությունը հանդես եկավ քննադատությամբ:
Ես Ձեզ ասում եմ այն, ինչ ճիշտն է: Ոնց ուզում եք, ձևակերպեք Ձեր մտքերը:
Այնուամենայնիվ, առաջին անգամ առնվազն 98-ից հետո ստեղծվել է իրավիճակ, երբ կարծես ներկայացվող առաջարկը մեզ համար անընդունելի է, իսկ ադրբեջանցիների համար` ընդունելի: Ձեր կարծիքով, սա արդյոք կապվա՞ծ է հայ-թուրքական գործընթացի հետ, նաև Թուրքիայի ազդեցության հետևա՞նքն է: Կամ գուցե դրանով փո՞րձ է արվում ստեղծել նախադրյալներ ի վերջո հայ-թուրքական գործընթացը առաջ տանելու համար:
Ես քիչ առաջ միտք արտահայտեցի, որ միջնորդներն իրենց դերը չեն կատարում: Միջնորդների համար շատ պարզ է, որ հայկական կողմը նման փաստաթուղթ չի ընդունելու, և պետք չէ խնդիրը բերել փակուղի, եթե իրոք խնդրի լուծման ցանկություն ունեն: Պետք է նայել միայն ու միայն այդ կոնտեքստում: Եթե միջնորդները հետաքրքրված էին, որ հայ-ադրբեջանական խնդիրը փակուղի մտներ, ապա սա այլ հարց է: 16 տարում կողմերի կարծիքը, տեսակետները շատ լավ գիտեն, ու պետք չէր նման փաստաթուղթ ներկայացնել:
Պրն Բաբայան, ո՞րն է պատճառը, որ փաստաթուղթը հետ դարձավ դեպի 97 թվական. Միջնորդները զգացի՞ն, որ Հայաստանը թույլ է և կարելի է վերադարձնել դեպքի Հայաստանի համար ոչ նպաստավոր վիճակ, թե՞ միջնորդներն ուղղակի սխալ պատկերացումներ և սխալ հաշվարկներ ունեին, և իրենք իրենց սխալի ծուղակն ընկան:
Ես համարում եմ, որ երկրորդն է: Միջնորդները փորձել են, կողմերին լսելով, ինչ-որ ձևակերպումներ անել: Մինչև այդ 3-4 փաստաթուղթ ներկայացրել են ադրբեջանական կողմին, որը չի ընդունել: Մի քիչ լղոզված փորձել են այս անգամ հայկական կողմին մոտեցնել այդ տեսակետին, որը, իմ կարծիքով, իրենց չի հաջողվել և ճիշտ հակառակը, փակուղի են տանում:
Այդ ամենը հաշվի առնելով` այնուամենայնիվ, Դուք նորմա՞լ եք համարում, երբ այդպես բացեիբաց խոսվում է կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելու պատրաստակամության մասին: Նաև այդ հայտարարությունների ֆոնին հասարակության մեջ կամ որևէ քաղաքական ուժի շրջանակներում լուրջ դիտողություն կամ լուրջ քննադատություն չկա, և ստեղծվում է տպավորություն, թե Հայաստանում բոլորը պատրաստ են «կարգավիճակի դիմաց տարածքներ» բանաձևին, առավել ևս երբ նախագահի մակարդակով գրեթե բաց տեքստով ասվում է այդ մասին:
Ընդհանրապես այս փուլում խոսել փոխզիջումների մասին իմաստ չունի, քանի որ մեր դիմացինը` հակառակորդը, որևիցե փոխզիջումից չի խոսում: Նա խոսում է «էսօր, անմիջապես ու ամբողջովին վերադարձնելու» մասին: Երբ բանակցող կողմը նման կերպ է ձևակերպում, ինչքան էլ մենք ասենք «փոխզիջում, պատերազմի չվերսկսման պայմանագիր ստորագրենք», անիմաստ է ուղղակի: Մենք դրանով դրդում ենք ճիշտ հակառակը` նոր զարգացումների: Ես սխալ եմ համարում ընդհանրապես այս փուլում խոսել փոխզիջումներից, քանի դեռ Ադրբեջանը չի խոսել փոխզիջումների մասին:
Պրն Բաբայան, Ձեր կարծիքով, իրավիճակի լարման, պատերազմի վերսկսման դեպքում ինչպիսի՞ն կլինեն գերտերությունների մոտեցումները, օրինակ` ՀԱՊԿ գծով Ռուսաստանի մոտեցումը:
Ընդհանրապես պետք չէ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ փորձել հույսը դնել ինչ-որ ուժերի վրա: Չի կարելի մտածել, թե «ինչ-որ մեկը մեզ կօգնի», կամ «Հայաստանի սահմանները անձեռնմխելի կլինեն» և այլն, և այլն: Որևիցե մեկը չի միջամտելու: Կարող են կարծիքներ արտահայտել, կարող են առաջարկներ անել զարգացման ընթացքում, բայց հույս պահել, որ ինչ-որ լուրջ միջամտություն է լինելու, ես համամիտ չեմ:
Այսինքն` այդ առումով` Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին էական նշանակություն չի՞ ունենա:
Ադրբեջանի հետ էական նշանակություն չունի:
Կարելի՞ է հասկանալ, որ Դուք ստեղծված իրավիճակի միակ ելքը պատերազմն եք տեսնում:
Ես ցանկանում եմ, որ բոլորս հասկանանք, որ մենք պետք է մեր պետությունը հզորացնենք, թույլ չտանք, որ այդ պատերազմը լինի, որովհետև պատերազմից ոչ մի լավ բան չենք ստանալու: Իմ արտահայտությունները, իմ մտքերը միայն ու միայն պետք է դրա հետ կապել, ոչ թե որ ես ուզում եմ, որ պատերազմ սկսվի: Ոչ: Նրանք, ովքեր պատերազմը տեսել են, որևիցե պարագայում չեն ցանկանա, որ պատերազմի լինի:
Բայց դրա հետ մեկտեղ` եթե տեսնում ես, որ այս ընթացքը տանում է դեպի այդ ճանապարհը, պարտավոր ես ուղղակի ասելու, որ չի կարելի, պետք է կանգ առնել ու մտածել պետության հզորության մասին: Թե չէ առավոտից իրիկուն փնովում են, և մեր ընդդիմությունը մեկը մյուսին ասում է. «Վեր կաց, ես նստեմ»: Էս է դևիզը, ուրիշ ոչ մի բան չեն խոսում:
Պրն Բաբայան, արդյոք ճի՞շտ է միայն զուտ խոսքերով անդրադառնալ խնդրին, նպատակահարմար չէ՞ կոնկրետ քայլեր անել:
Ի՞նչ եք պատկերացնում կոնկրետ քայլեր ասելով: Չե՞ք համարում, որ սա կոնկրետ քայլ է: Ի՞նչ կոնկրետ քայլ պիտի անեմ, երբ հասարակությանը ներկայացնում եմ, թե ինչ վիճակ պետք է լինի, և զարգացումները ուր են տանում: Ի՞նչ պետք է անեմ: Ինչ-որ մի ուժի հե՞տ համագործակցեմ, «մեկին տապալեն, մյո՞ւսը գա»:
Գնալով ակտիվանում են խոսակցությունները ընդդիմադիր նոր ուժի մասին: Ո՞րն է Ձեր կարծիքը: Հնարավո՞ր է, որ լինեք այդ ուժի մեջ:
Մի տարի է, այդ նոր ուժից խոսում են, բայց այդպես էլ դեռ ոչ մի բան չեմ տեսնում: Որևիցե ուժի մեջ մտնելու մտադրություն էլ չունեմ:
Իսկ ստեղծելու մտադրություն ունե՞ք:
Ոչ էլ ստեղծելու, որովհետև մեր քաղաքական դաշտի 90 %-ը, իմ կարծիքով, վաղուց պետք է գնային թոշակի, բայց մարդիկ չեն գնում: Մի ամբողջ հաղթանակ 16 տարի մսխեցին իրենց խելքից, իրենց իսկ առաջարկներով, իրենց իսկ վերլուծություններով, իրենց իսկ հանդիպումներով: Մի փայլուն հաղթանակ 16 տարում մաշեցրին:
Գոնե մոտավորապես կասե՞ք` ում նկատի ունեք առավել: Մսխողներն ովքե՞ր են:
Նայում եք` ինչքա҄ն կան: Ճիշտ չի, որ անուններով ասեմ: Եթե ուզում եք սենսացիա…
Չէ, հետաքրքիր է պարզապես:
Մսխել են: Ի՞նչ կա հետաքրքիր:
Ովքե՞ր են մսխողները:
Քաղաքական դաշտում ինչքան գործիչ կա, բոլորն էլ ինչ-որ չափ մասնակցություն են ունեցել:
Ընդհուպ այսօրվա իշխանություննե՞րը:
Այո, և այսօրվա, և երեկվա, և էն մյուս օրվա: Բոլորը:
Դուք անզո՞ր էիք դրա դեմն առնելու համար, թե՞ միայնակ էիք:
Ես իմ միսիան ավարտել եմ 99 թ.-ին: Փորձել միջամտել մի քաղաքական դաշտում, որտեղ չի ընդունվում, կամ չեն փորձում այդ կարծիքը լսել, անիմաստ եմ համարում:
Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ առաջիկա ընտրական փուլին Դուք չեք մասնակցի:
Իհարկե, չեմ մասնակցի: Ես չեմ տեսնում Հայաստանում քաղաքական դաշտ, որ մասնակցեմ: Քաղաքական դաշտում դեռ չեմ տեսնում այն ուժերը, որոնք այս ազգի բեռը կվերցնեն իրենց վրա:
Օրինակ` «Սարդարապատ» շարժումը այդպիսին չէ՞, Ձեր գնահատմամբ:
Ես տեղյակ էլ չեմ` էդ ինչ ուժ է:
Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անել այս իրավիճակում:
Ամեն մի քայլափոխի չասել, որ «մենք գնում են փոխզիջումների», «մենք պատրաստ ենք ստորագրել փաստաթղթեր» և այլն, և այլն: Դրանով մենք հակառակորդին լկտիացրել ենք վերին աստիճանի: Էդ հակառակորդը ինքը էդքան չկա, որ մենք էդքան նվաստանում ենք: Մենք պետք է հստակ ձևակերպենք` չի ուզում` խնդրեմ. երբ խելքը կգա, էն ժամանակ էլ կգա կբանակցի: Ու պատրաստ լինել ցանկացած քայլի: Ադրբեջանը հայտարարում է պատերազմի մասին, այո, խնդրեմ` դաշտը ազատ է, մեր մեջ միջնորդ չկա, 3-րդ կողմ չկա, հենց վաղն էլ թող սկսի: Տեսնենք` ինչով է ավարտվում:
Մենք շատ ենք նվաստանում ու լկտիացնում այդ հակառակորդին: Ամեն քայլափոխի ամեն մի թե քաղաքական գործիչ, թե վերլուծաբան խոսում է «փոխզիջումից»: Ի՞նչ ունեք տալու: Ադրբեջանը ասում է. «Ոչ մի փոխզիջում, ամբողջն ենք ուզում», մենք էլ խոսում ենք փոխզիջումներից:
Պրն Բաբայան, առաջին անգամ այնպիսի տպավորություն եմ ստանում, թե Դուք մի տեսակ հուսալքված եք ու ելք չեք տեսնում: Արդյոք այդպե՞ս է:
Չէ, հուսահատված չեմ: Ես տեսնում եմ խնդրի լուծման մեխանիզմը և գրավոր եմ դա ներկայացրել կետ առ կետ: Միջնորդները պետք է դատավորի դեր ստանձնեն: Եթե նրանք իրոք հրավիրվել են որպես միջնորդ` կողմերի սխալն ու ճիշտը քննարկելու, պետք է դատավորի դերում լինեն, այլ ոչ թե ասեն. «կողմերը համաձայնեն, հետո մենք աջակցելու ենք»: Մի հազարամյակ է, մենք` կողմերը, իրար հետ լեզու չենք գտնում. էլ դուք եկել եք, որ ի՞նչ անեք, եթե պետք է, որ մենք ինքներս իրար համաձայնվենք: Ձեզ հրավիրել ենք որպես դատավոր, (քաղաքական, դիվանագիտական լեզվով) միջնորդ:
Պետք է այդ մարդիկ ձևակերպում տային, ասեին` Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի՞ այդ հողի վրա ինչ-որ տարածքներում ապրելու, և նրա կարգավիճակը ո՞րն է, որովհետև իրար հետ չեն կարող այլևս ապրել: Սա է խնդիրը: Ինչքան մեզ ասեն, որ մենք պետք է Ադրբեջանի հետ լեզու գտնենք ու բանակցենք, գանք վերջնական լուծման, ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ կլինի նման քայլերի գնալու: Ինքը միայն կարող է ռազմի դաշտում պատրաստ լինել, եթե պարտվելիս լինի:
Եվ ընդհանրապես «հողեր տալ, հանձնել, մի քանի շրջան տալ կամ մի կտոր տալ» մեզ համար «հեշտ» է. հայկական կողմը միշտ սովոր է հողերի այդ նվիրատվությունը անելու: Բայց ես չեմ լսել, որ ադրբեջանական կողմը կամ Թուրքիան իր պատմության ընթացքում նման նվիրատվություն անի: Իրենց համար շատ դժվար է:
Պրն Բաբայան, չե՞ք կարծում, որ Հայաստանը չի կարող չհայտարարել այդ փոխզիջումների մասին, որովհետև դա այն գինն է, որը վճարվում է Հայաստանի ներսում տնտեսությունը մենաշնորհելու, օլիգարխիկ, կլանային տնտեսություն կազմակերպելու, քաղաքացիական ազատությունները սահմանափակելու հարցում դրսից լուռ կամ բարձրաձայն հավանություն ստանալու համար:
Չեմ կարծում, որովհետև 94 թ.-ից սկսած` այդ նույն հայտարարությունը անում են: Այն ժամանակ դեռ չէին էլ պատկերացնում կամ հասկանում այդ մարդիկ, որ օլիգարխիա, մոնոպոլիա պահելու կամ այլ հարցեր լուծելու համար են հայտարարում: Ուղղակի մեր ազգային մենթալիտետն եմ համարում, որ փորձում ենք միշտ ավելի «մարդասեր» քայլեր անել: Ես շատ հասարակ եմ նայում խնդիրներին, չեմ ուզում այդպես բարդացնել:
Դուք խոսում եք Հայաստանի թուլությունների մասին: Չե՞ք կարծում, որ օրինակ, 95 թ.-ից հետո սկիզբ առած ընտրությունների կեղծման պրակտիկան իրականում թուլացրեց Հայաստանի դիրքերը բանակցություններում:
92 և 93 թթ.-ին անգամ արդեն Լաչինի միջանցքից խոսող կար Երևանում: Մենք հաղթելով գնում էինք, իրենք արդեն էստեղ քանոնով չափում էին` «ինչքանն ենք պահելու, ինչքանն ենք տալու»: Այ որ ասում եմ` մի շարք քաղաքական գործիչներ մաշել են մեր հաղթանակը, վաղուց թոշակի գնալու ժամանակն է, դրանց էդ ֆանտազիաներն են, որ բերել են սրան: Իսկ 93 թ.-ին քանոնով չափում էին քարտեզը` քանի կմ «Գրադի» հրթիռը կհասնի ճանապարհի ներքևից ու վերևի կողմից, ու դա դառնա միջանցք: Դեռ պատերազմը կանգնած չէր:
Կամ կար քաղաքական գործիչ, որ ասում էր. «Քելբաջարում քրդեր են ապրում. բեր քրդական պետություն սարքենք այնտեղ»: Այդպիսի քաղաքական գործիչներ մինչև այսօր գոյության մեջ են:
Մեր դժբախտությունը այդտեղ է ավելի շատ, քան այն, ինչ ասում եք:
Չե՞ք կարծում, որ նաև այդ իրավիճակի պատճառներից մեկը հենց այն է, որ կոնկրետ պատասխանատուների անուններ այդպես էլ չեն տրվում: Օրինակ` Դուք էլ կոնկրետ չեք ասում, թե որ քաղաքական գործիչն է պատասխանատու այս վիճակի համար, որ հասարակությունն իմանա:
Քիչ առաջ ասացի` բոլորս ենք մեղավոր, որ հասցրել ենք այս վիճակին: Ամեն մեկը իր չափով մեղավոր է:
Դո՞ւք էլ:
Այո, իհարկե:
Նաև անուններ չտալով:
Անուններ տվել եմ. գրքում գրված է: Ի տարբերություն բոլորի` ես անունները տալիս եմ միշտ: Ասենք, օրինակ` Անդրանիկ Քոչարյան: Կա էդպիսի մարդ: Ինչ-որ հայտարարություններ է անում: Կամ Աշոտ Մանուչարյան: Ինչքա՞ն ես ուզում` ասեմ:
Բայց արդեն 12 է, իրենք իշխանության չեն:
Իշխանության չեն, բայց տես, որ մարդ կարծիք է արտահայտում, ասում է. «Պետք է էսինչը Երևանում չապրի, գնա Ղարաբաղում ապրի»: Ի՞նչ է, Երևանը իր սեփականությո՞ւնն է: Ինչքան գիտեմ, ինքը գյումրեցի է: Խորհուրդ կտայի գնար Գյումրիում նստեր: Ես Լեռնային Ղարաբաղը համարում եմ Հայաստանի մի մասը. կապ չունի` ստեփանակերտցին Երևանում է ապրում, թե Գյումրիում, կամ հակառակը: Նմանատիպ անձը մի 10 տարի Հայաստանի քաղաքական դաշտով զբաղվել է, ներկայացրել է Հայաստանը, արտահայտվել է տարբեր ատյաններում, ինտրիգներ է ցույց տվել: Դրա համար հասել ենք էս օրվան: Դա է խնդիրը:
Մարդ կա խոսում է փոխզիջումներից, երբ Ղարաբաղի տեղն էլ չգիտի: Ասում է. «Ֆիզուլին փոխենք Շահումյանի հետ»:
Կարող եմ շարքով բոլորի անուններն էլ տալ: Ում ուզում ես` անունը գրի, ասա. «Պրն Բաբայանը անունը տվել է»: Կարո՞ղ է վախում ենք: Ուղղակի ինտրիգների, թերթերում ավելորդ վայնասունի իմաստը չեմ տեսնում: Այնքան լարված է վիճակը, որ մենք պետք է համախմբենք ազգին ու փորձենք խնդիրները լուծել: Անթերի մարդ չկա ընդհանրապես: Բայց որ անընդհատ փորձում են ներկայացնել, որ խնդիրը քաղաքական լուծման են տանելու և պատրաստ են, դա սուտ է: Ինքնախաբեությամբ չենք կարող զբաղվել: Ես չեմ կարող ձեզ ներկայացնել, որ ամեն ինչ ընթանում է հարթ, ու քաղաքական լուծում ենք ստանալու: Չկա նման բան, մոռացեք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել