Թռած է եղել
Ինչպես փոխանցում են ՀՀ արտաքին գործերի նախարարության` թերթի աղբյուրները, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամերը մի քանի անգամ խախտել է:
Ըստ հավաստի աղբյուրների` հանդիպումը, նախ, նախատեսված է եղել ժամը 12-ին, հետո տեղափոխվել է ժամը 16-ին և կայացել միայն միայն ժամը 19-ին: Ըստ թերթի աղբյուրների` Նալբանդյանը համանախագահներին ԼՂ հարցով պատասխան տալու լուրջ խնդիր է ունեցել: Երբ այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից, նա պատասխանեց.

«Ես չգիտեմ ձեր ինֆորմացիայի աղբյուրը ով է, բայց հանդիպումը եղել է ժամը 19-ին»: Բալայանին հարցրինք նաև, թե ՀՀ-ն ինչ պատասխան է տվել համանախագահներին Մադրիդյան նորացված սկզբունքների կապակցությամբ: «Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք դեռևս 2007-ին և դա շարունակում է մնալ այդպես»,- ասաց նա:
Իսկ համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ` գոհունակությամբ ընդգծելով Մադրիդյան սկզբունքների շրջանակում հակամարտության խաղաղ լուծումը գտնելու կողմերի հանձնառությունը:
Ըստ օմբուդսմենի` ՀՔԾ-ն պետք է փակել
Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը վարչապետին ուղղված հաղորդման մեջ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում առկա «քննիչների կողմից քննության ընթացքում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ գործերը քննելու համար հատուկ անկախ քննչական ծառայություն ստեղծելու» առաջարկին` նշել էր, որ արդեն 2 տարուց ավելի է` գործում է հատուկ քննչական ծառայությունը, որը կոչված է քննելու հատուկ պետական ծառայողների կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ՀՔԾ գործունեությունը համարու՞մ է բավարար` նման չարաշահումներ քննելու համար, ասաց. «Ես համարում եմ, որ հատուկ քննչական այս ծառայությունը պետք է փակել, իսկ այն մյուսը, որ այդ զեկույցում առաջարկված է, պետք է բացել»:
Կցվում են միջազգային դոնոր ֆինանսական կառույցներին
Ազգային ժողովի` թերթի աղբյուրների հաղորդմամբ, կա պատգամավորների մի ցանկ, որը մշտապես կցվում է միջազգային դոնոր ֆինանսական կառույցների` ՀԲ-ի, ԱՄՀ-ի և այլ ոլորտային բարեփոխումների ծրագրերի հիման վրա գրվող օրենսդրական նախաձեռնություններին` ՀՀԿ-ական Գագիկ Մինասյան, ԲՀԿ-ից Վարդան Բոստանջյան, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, երբ դեռ պատգամավոր էր:
Բնականաբար, օրենսդրական այս նախաձեռնությունների համար, պատգամավորական աշխատավարձից բացի, ներգրավվում են այդ կազմակերպությունների միջոցները` փորձագետներին աշխատավարձ տալու, խորհրդատվությունների և այլնի նպատակով:
Երիցյանի հետքերով
Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից և դեռ մի բան էլ զարգանում է «սահմանված ընթացքի գերազանցումով»:
«ՉԻ» - Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի չարաբաստիկ հայտարարությունից և դրան հաջորդած «ռազբորկաներից» հետո, բնականաբար, Գագիկ Մինասյանի արտահայտած այս միտքն անպատասխան կմնա: Ո՞վ «զահլա ունի» առարկել: Ասում են` թող ասեն, վերջերս, եթե նման հայտարարություններից հաճույք են ստանում, ինչու՞ խանգարել:
Բայց Գագիկ Մինասյանի այս հայտարարությունը նաև այլ բան է նշանակում: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ կոալիցիայի ներսում արդեն «քաղաքական որոշում» է կայացվել ճգնաժամն ավարտված համարել-չհամարելու հարցի վերաբերյալ:
Ափսոս միայն, որ այդ որոշումը բացարձակապես չի ազդելու տնտեսական վիճակի վրա, և մարդկանց վիճակը շարունակելու է վատանալ: Չնայած` չի իմացվի: Մեկ էլ տեսար, կոալիցիան ևս մի «քաղաքական որոշում» ընդունեց այն մասին, որ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել:
Որն է մեր գլխավոր անելիքը
«Հայ ժողովուրդը պետք է համախմբվի և գա բարոյական ու ոգեղեն այն վիճակին, որ կարողանա հաղթահարել ադրբեջանական ոտնձգություններն ու ագրեսիան:
Մեր այսօրվա գլխավոր անելիքը սա է, իսկ մենք մեր ողջ էներգիան վատնում ենք Ալիևի, Մամեդյարովի ու եռանախագահների ասածները մեկնաբանելու, հետո էլ իրար հետ վիճելու վրա: Բանն այն է, որ մենք գործ ունենք անկանխատեսելի, պատերազմի հրձիգի հոգեբանությամբ առաջնորդվող ղեկավարներ ու գեներալներ ունեցող պետության հետ, բայց նրանց հետ հարցերը փորձում ենք լուծել քաղաքակիրթ ձևով:
Իմ խորին համոզմամբ, այս կերպ մենք մեր նպատակին հասնել չենք կարող: Ադրբեջանին նախ մենք պետք է համոզիչ ձևով ցույց տանք, որ ունենք ռազմական ու բարոյական գերազանցություն: Այս հանգամանքի հետ է, որ նրանք չեն կարող հաշվի չնստել»,- համոզված է Համլետ Հարությունյանը:
ԱՄՆ-ը պնդում է. «Արձանագրությունները պետք երկկողմ վավերացվեն»
Մարտի 29-ին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քոուլին հայտարարել է, թե Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է առաջ գնան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Իսկ որ Կոնգրեսի հանձնաժողովում ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Անկարան հետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից և այժմ էլ պահանջում է հավաստիացումներ, որ հայկական բանաձևն ընթացք չի ունենա, պետքարտուղարության ներկայացուցիչը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Անկարան ինքը պետք է որոշի դեսպանին Վաշինգտոն ուղարկելու հարցը»:
Այնուհետև Քրոուլին հիշեցրել է, որ Թուրքիան ներգրավված է գրեթե բոլոր այն ծրագրերում, որոնց մեջ ԱՄՆ-ը «ջանք ու եռանդ» է դրել: «Տեսեք, որ Անկարան այսօր սեփական երկխոսությունն է սկսել Իրանի հետ, Սիրիայի հետ: Ոչ վաղ անցյալում նրանք կառուցողական հարաբերություններ ունեին Իսրայելի հետ: Անկարան նաև հայ-թուրքական երկխոսության մասնակիցներից է: Այս ամենից ելնելով` մենք շարունակելու ենք պնդել, որ Հայաստանն ու Թուրքիան առաջ շարժվեն»,- հայտարարել է Քրոուլին, իհարկե, չնշելով, որ Թուրքիան ընդամենը «ոչ վաղ անցյալում» կառուցողական հարաբերություններ ուներ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հետ, պատճառը հենց Անկարայի սկսած երկխոսություններն են «Իրանի հետ, Սիրիայի հետ»:
Քրոուլիի խոսքերով` ԱՄՆ-ը նույն կերպ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը. «Այս ամենը մեր հարաբերությունների ռազմավարական բաղադրիչի մի մասն է»,- նշել է Քրոուլին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել