HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնային Ղարաբաղ. կանայք հերքում են խտրականության դրսեւորումների առկայությունը

Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանի հազվադեպ բացառություններից է, որտեղ կանանց մեծ մասն այն կարծիքին է, որ իրենց իրավունքները հարգում են: Լեռնային Ղարաբաղում ապրող կանայք Հարավային Կովկասում հազվադեպ բացառությունն են կազմում` ասելով, որ խտրականության դրսեւորումներ հաճախ չեն զգում եւ ընդհանրապես դժգոհ չեն Ղարաբաղի տղամարդկանց` կանանց նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից: Ղարաբաղում այնպիսի օրենք չկա, որով կանոնակարգվում է կանանց ներգրավվածությունը խորհրդարանում, ինչպես նաեւ կառավարությունում, բայց դա չի խանգարում, որ կանայք պաշտոնավարեն նախարարի պաշտոններում: Կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքում ժամանակի ընթացքում  ավելանում է: Օրինակ` Ղարաբաղի դատական համակարգում կանանց ներգրավվածությունը 29 տոկոս է կազմում: Գործադիր իշխանությունում 12 նախարարներից 4-ը կանայք են, Ազգային ժողովի 33 պատգամավորներից 4-ը` նույնպես:  Կանայք ավելի մեծ թիվ են կազմում հասարակական սեկտորում: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը սահմանափակումներ չի զգում կանանց` կառավարման ոլորտում ներգրավվածության առումով: Նա նշում է, որ Հայաստանի համեմատ Ղարաբաղում կանանց ներգրավվածության տոկոսն ավելի մեծ է: «Իմ պրակտիկայում առիթ էլ չի եղել համոզվելու, որ միտումնավոր կերպով կանանց իրավունքներ են խախտվում: Մեր նախարարությունում օրինակ գերակշռում են կանայք, ինչը նույնպես լավ չի: Եւ երբ ուզում ես նաեւ տղամարդ վերցնել ինչ-որ պաշտոնում, դա չպիտի դիտվի որպես կանանց իրավունքների խախտում», - IWPR-ին ասել է Նարինե Աղաբալյանը: Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանի կարծիքով`Ղարաբաղում կանանց իրավունքների հետ կապված խնդիրներ չեն լինում: «Հասարակության մեջ, որքան ես շփվել եմ, կա այն կարծիքը, որ մեզ մոտ կանայք ոչնչով չեն զիջում տղամարդկանց, որ ղեկավար կինը ոչ պակաս ուժեղ ղեկավար է, քան տղամարդը: Դրա մասին է խոսում նաեւ այն, որ գնալով մեզ մոտ շատանում են կին պատգամավորները, ովքեր ավելի շատ են մտածում Ղարաբաղի քաղաքացիների կյանքի բարելավման մասին», - գտնում է պատգամավորը: Բարսեղյանի եւ Աղաբալյանի արտահայտած տեսակետները, կարծես, համոզում են կանանցից շատերին, որ իրենց առջեւ սահմանափակումներ չկան: «Կարծում եմ`մեզ մոտ որեւէ սահմանափակում կանանց ներգրավվածության առումով չկա: Դրա վառ ապացույցն է այն, որ բավականին կարեւոր պաշտոններ են կառավարությունում զբաղեցնում կանայք: Ինքս պաշտոն չեմ զբաղեցնում, բայց պետք է խոստովանեմ, որ կանանց տեղ են տալիս կառավարման ոլորտում», - ասում է Անժելա Գեւորգյանը, ով աշխատում է մասնավոր սեկտորում: Մասնագետներն ասում են, որ սրանք պարզապես դիտարկումներ են, քանի որ հարցի առնչությամբ ուսումնասիրություն չի կատարվել: Նրանք նշում են, որ Ղարաբաղում բնակվող կանանցից շատերը չեն գիտակցում կամ գտնում, որ ընտանիքում նրանց նկատմամբ կատարված բռնությունները եւ տղամարդկանց կողմից նրանց ինչ-որ բան պարտադրելը կամ արգելելը իրավունքների խախտում է: Հենց դա էլ պատճառ է հանդիսանում, որ հարմարվեն այդ ամենի հետ եւ չբարձրաձայնեն: Ստեփանակերտի բնակչուհի 38-ամյա Կարինե Գրիգորյանն էլ է այդ  կարծիքին: Նա ամուսնացել է 20 տարեկանում: Ամուսինը նրանից 10 տարով մեծ է: Նրա  խոսքերով`իր ընտանեկան կյանքում էլ են եղել այնպիսի պահեր, երբ ամուսինն իրեն արգելել է ինչ-որ տեղ գնալ, տնից ընդհանրապես դուրս գալ, ինչը պայմանավորված էր նրա հիվանդագին խանդով: «Բայց ես երբեք չեմ մտածել, որ նա իմ իրավունքներն է խախտում: Երեւի իմ դաստիարակությունից է ամեն ինչ գալիս. ինձ մանկուց սովորեցրել են, որ կինը պետք է լսի տղամարդուն, որ ընտանիքում ամեն ինչ որոշում է տղամարդը», - ասում է Կարինեն: Ղարաբաղում Կարինեի պես շատերն են. հատկապես` ավագ սերնդում, ովքեր նույնպես նման դաստիարակություն են ստացել:  Վիճակագրական ծառայության տվյալներով` կանայք Ղարաբաղում մեծամասնություն են կազմում. հունվարի 1-ի դրությամբ`բնակչության թվաքանակը կազմել է 141.4 հազար մարդ, որի 51.9 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են: Ղարաբաղի գլխավոր դատախազության տվյալներով` 2009-ին գրանցվել է սեռական անձեռնմխելիության դեմ  ուղղված 9 հանցագործություն, որից 2-ը` բռնաբարություն եւ բռնաբարության փորձ, իսկ 7-ը`անառակաբարո գործողություններ: Ըստ ԼՂ վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանի`դատական պրակտիկայում նման դեպքերի սակավաթիվ լինելը դեռ չի նշանակում, որ դրանք բացակայում են: Նրա խոսքերով` ընտանեկան բռնությունն ինչ-որ չափով տարածում ունի թե´ Հայաստանում, եւ թե´ Ղարաբաղում, սակայն կանայք նախընտրում են չբարձրաձայնել այդ մասին: «Իմ պրակտիկայում նման գործ չի քննվել: Բայց որքանով տեղեկանում ենք լրատվամիջոցներից եւ ոստիկանության տարածած տեղեկատվությունից, կանանց իրավունքները շատ հաճախ խախտվում են ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց կողմից», - IWPR-ին ասել է դատավորը: Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մտած դիմում-բողոքներից շատ քչերն  են կապված զուտ կնոջ իրավունքների հետ (նախածննդյան ու հետծննդյան, երեխային խնամելու  արձակուրդի տրամադրում եւ այլն): Սակայն այս ամենից կարելի է եզրակացնել, որ կանայք պարզապես լռում են ընտանեկան բռնության մասին: «Խախտվում են մեզ մոտ կանանց իրավունքները, թե ոչ, միանշանակ չեմ կարող ասել, բայց կարծում եմ`այո: Թե չէ, չեմ կարող պատասխանել օրինակ այն հարցին, թե ինչու դպրոցներում եւ բուհերում աղջիկներն են լավ սովորում, բայց պաշտոններ հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ: Ընդ որում`ինչքան բարձր է պաշտոնը, այնքան կանայք քիչ են», - այս կարծիքին է Ղարաբաղում գործող «Հարմոնիա» հասարակական կազմակերպության ղեկավար Ջուլիա Առստամյանը: Ղարաբաղում գործող «Մայրություն» ՀԿ-ի ղեկավար Հասմիկ Միքայելյանի կարծիքով` Ղարաբաղում ավելի շատ խախտվում են  30-ից բարձր եւ կենսաթոշակային տարիքին չհասած կանանց իրավունքները: «Աշխատանքի են ընդունում 19-ից 30 տարեկան կանանց, իսկ 30-ից բարձր տարիք ունեցող կանայք մնում են առանց աշխատանքի», -այսպես է ներկայացնում իր ասածը Հասմիկ Միքայելյանը, ով պատահական չի համարում, որ գործազրկությունը տարածված է հենց այդ տարիքի կանանց շրջանում: «Շատ հաճախ աշխատանքի չեն վերցնում նաեւ հղի կամ նոր ամուսնացած կանանց նույնպես», - շարունակում է նա: Անահիտ Դանիելյան, Ստեփանակերտում «Հետք» պարբերականի թղթակից Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter