Ցրտահարության դեպքեր Արագածոտնի մարզում
Արագածոտնի մարզպետարանից «Հետքին» փոխանցեցին, որ այս գիշեր Ապարանի տարածաշրջանում մոտ 15սմ ձյուն է եկել: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանի հավաստիացմամբ, տեղացած ձյունը գյուղատնտեսությանը վնասներ չի հասցրել, քանի որ Ապարանում ծառերը դեռ չեն ծաղկել:
Փոխարենը օրեր առաջ ցրտահարվել են մարզի` Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Օշական, Ոսկեհատ, Ոսկեւազ եւ Ագարակ համայնքների ծիրանի այգիները:
«Վնասի չափը դեռ ճշգրտված չէ: Ամբողջական պատկեր կունենանք մի քանի օր անց»,-նշեց Յու. Ազատյանը:
Նոր Եդեսիայի գյուղապետ Վահան Աբգարյանն ասաց, որ 100 տոկոսով ցրտահարվել է իրենց համայնքի ծիրանի այգիները` մոտ 50 հա: Ցրտահարվել է նաեւ 4 հա ընկույզի, 2 հա նուշի եւ սալորի այգիներ: Խաղողն էլ դեռ պարզ չէ` ցրտահարվել է, թե ոչ:
Մեր այն հարցին, արդյոք մասնագետներ եկել եւ տեղում ուսումնասիրել են վնասի չափը, Վ. Աբգարյանն ասաց, որ մասնագետներին դիմելը անհույս է: «Մարզպետարանից ինձ ասեցին, որ ցրտահարության մասին գրություն տանեմ իրենց, բայց չեմ տարել: Ամեն տարի էլ նույն վիճակն է ու ոչ մի անգամ գյուղացիները փոխհատուցում չեն ստացել, էլ իզուր ինչի՞ գրություն տանեմ»,-ասաց գյուղապետը:
Ինչպես Արագածոտնի մարզպետարանից, այնպես էլ Գյուղնախարարությունից մասնագետներ չեն եղել նաեւ Կոշ գյուղում, որտեղ նույնպես ցրտահարություն է գրանցվել: Գյուղապետ Աշոտ Ենգիբարյանի խոսքերով` մարզպետարան գրություն է ուղղարկել, սակայն ոչ ոք գյուղ չի եկել ու տեղում ուսումնասիրություն չի կատարել:
«Իրական վնասի չափը պարզելու համար հատուկ մասնագետներ են պետք: Մենք չենք կարող կոնկրետ ասել, թե ինչքան վնաս է հասցրել ցրտահարությունը, դրա համար հատուկ գնահատում է պետք: Բայց ոչ մի մասնագետ մինչ օրս գյուղ չի եկել: Վնասի հատուցման մասին էլ խոսք չկա»,-հավելեց Ա. Ենգիբարյանը
Կոշում ցրտահարվել են հիմնականում ծիրանի այգիները` մոտ 35 հա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել