HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Քաղաքացիական ինստիտուտները կարող են միանալ Ազգային պլատֆորմի նախաձեռնությանը

2009 թ. նոյեմբերին 16-17-ին Բրյուսելում կայացավ Քաղաքացիական հասարակության առաջին համաժողովը, որի հիմնական խնդիրը քաղաքացիական հասարակության հնարավորություններն Արևելյան գործընկերության նպատակներին հասնելու համար օգտագործելն էր: Հայաստանից համաժողովին մասնակցում էր 21 ներկայացուցիչ, որոնցից Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ընտրվեց Քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան համակարգող: Ֆորումին մասնակցել են Արևելյան գործընկերության անդամ 6 երկրները (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա), ԵՄ երկրների հկ-ներ և քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներ: Ֆորումի քննարկումները հանգեցին այն մտքին, որ Արևելյան գործընկերության անդամ 6 երկրներում նպատակահարմար է ստեղծել Ազգային պլատֆորմներ, որոնք կաշխատեն Արևելյան գործընկերության սկզբունքներն ու խնդիրները իրենց երկրներում բարձրացնելու և կյանքի կոչելու, երկրների ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ: «Ընդգծվում է բարեփոխումների ընթացքի համար երկրների կառավարություններին հաշվետու դարձնելու կարևորությունը: Ազգային պլատֆորմները միևնույն ժամանակ կոչված են միավորելու Արևելյան գործընկերության թիրախ երկրների հասարակություններին` միմյանց համար կանխատեսելի դարձնելու, ժողովրդավարական բարեփոխումներին միտված հարցերի առաջադրման և դրանց լուծման փնտրտուքներում»,- նշվում է Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի հայեցակարգի նախագծում: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ Քաղաքացիական հասարակության առաջին ֆորումի հայաստանյան պատվիրակներից կազմված նախաձեռնող խումբը հայտարարում է Հայաստանի Ազգային պլատֆորմի ձևավորման մասին: Եվրոպական հանձնաժողովի` Արևելյան գործընկերությանը նվիրված հաղորդագրության համաձայն` դիմել կարող են ամենատարբեր ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, կամավորական շարժումներ, առևտրային կամ աշխատանքային միություններ, մասնագիտական միավորումներ, ՀԿ-ներ, հանրային քաղաքականության ինստիտուտներ, շահույթ չհետապնդող հիմնադրամներ և այլն: Նրանք պետք է կարողանան իրենց ավանդը ներդնել Արևելյան գործընկերության Ազգային պլատֆորմի բոլոր թեմատիկ ոլորտներում: Քաղաքացիական հասարակության առաջին համաժողովում գործում է 4 թեմատիկ պլատֆորմ, թե ինչպիսի բովանդակություն պիտի ունենա Արևելյան գործընկերությունը: 1.Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում և կայունություն: 2.Տնտեսական ինտեգրացիա և ԵՄ քաղաքականությանը համապատասխանության խնդիրներ: «2-րդ խումբը առաջին հերթին ենթադրում է ազատ առևտրի պայմանագիր գործընկեր երկրների և Եվրոպական հանձնաժողովի միջև: Ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը այսօր առաջնային խնդիր է Հայաստանի իշխանությունների համար, քանի որ լրացուցիչ լծակներ և հնարավորություններ կբերի մեր ներքին շուկայի զարգացման համար, արտահանման և ներկրման համար կստեղծի բարենպաստ պայմաններ: Որպեսզի ԵՄ-ն Հայաստանը դիտի որպես բարեփոխվող երկիր, պիտի տեսնի, թե այդ տնտեսական առավելությունները ստանալով` ինչպես է Հայաստանը փոխում իր քաղաքացիների, իր երկրի կյանքի որակը: Եթե այդ կապը չլինի, բնականաբար, այդ պայմանագրի ստորագրման հնարավորությունները ավելի քիչ կլինեն»,- ասաց Բորիս Նավասարդյանը: 3.Բնապահպանության, կլիմայական փոփոխություններ և էներգետիկ անվտանգություն: 4.Միջանձնային շփումներ` մասնավորապես կրթության, մշակույթի, երիտասարդության, ինչպես նաև վիզաների ստացման պարզեցման և ազատականացման ոլորտներում: Բորիս Նավասարդյանն ասաց, որ այս բոլոր 4 խմբերի համար Քաղաքացիական հասարակության ֆորումը իր առաջարկություններն է արել, որոնք հետագայում պիտի տեղ գտնեն համապատասխան երկրների համար գործողությունների ծրագրերում, ստանան համապատասխան ֆինանսավորում և իրականացվեն: «Այս ծրագիրը ենթադրում է ավելի խորը և որակապես նոր փուլ Հայաստանի եվրոպական ինտեգրման համար: Այս փուլը լուրջ փոփոխություններ է բերելու բոլորիս կյանքում (մենք, համենայն դեպս, հույս ունենք և ակնկալում ենք)»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Նա պարզաբանեց, որ նորություններից մեկն այն է, որ գործընթացները տեղի են ունենալու ոչ միայն կառավարական մակարդակով, այլև նոր ձևաչափերով, որոնք չկային, օրինակ, «Եվրոպական հարևանության» քաղաքականության ծրագրի շրջանակներում: «Ենթադրվում է, որ լինելու է խորհրդարանական ձևաչափ (չնայած այդ ձևաչափի աշխատանքների հարցում դեռ որոշակի քաղաքական խոչընդոտներ կան) և քաղաքացիական հասարակության ձևաչափ: Առաջին անգամ այդպիսի խոշոր միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, հկ-ները հնարավորություն են ունենում մասնակցել ինստիտուցիոնալ մակարդակով, այսինքն` պարտադիր պիտի մասնակցեն: Հիմնական նպատակներից է իհարկե երկխոսությունը իշխանություննների հետ»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Ազգային պլատֆորմը կձևավորվի ենթադրաբար արդեն մայիսի վերջին, հունիսի սկզբին և կսկսի աշխատել բոլոր ուղղություններով` և եվրոպական կառույցների, և Հայաստանի իշխանական օղակների հետ, և բուն քաղաքացիական հասարակության ներսում: «Մենք պիտի աշխատենք, որ նախաձեռնության մասին լավ տեղեկություններ ունենա հանրությունը, որովհետև հանրության մասնակցությունն այս ամեն ինչում շատ կարևոր է, և հենց դրա համար է, որ մենք այս պլատֆորմը փորձում ենք ստեղծել մասնակցային սկզբունքների հիման վրա, որ կարողանան մասնակցել, միանալ և իրենց ներդրումը ունենալ»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Գործողությունների պլանը դեռ չի հաստատվել, բանակցային պրոցեսում է: Այդ պլանը իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ: Բորիս Նավասարդյանի խոսքերով` ենթադրվում է, որ ֆինանսավորումը պակաս չի լինի Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի ֆիանանսավորումից, որն ավելի քան 100 մլն եվրո էր: «Ինչքան երկիրը շահագրգիրռ մասնակցություն ունենա, կատարի իր պայմանները, այնքան շատ ֆինանսական հնարավորություններ կլինեն: Այստեղ կապը ակնհայտ է: Եվ պիտի մենք էլ նպաստենք, որ այդ բանակցությունները արդյունավետ լինեն և հաշվի առնեն բոլորի շահերը, այսինքն` մենք, ի տարբերություն նախորդ ծրագրերի, պիտի զգանք, որ այս ծրագրերի իրականացումը փոխում է Հայաստանի ամեն քաղաքացու կյանքը: Չստացվի, որ գումարները գալիս են, բայց մարդիկ չեն զգում, որ իրենց կյանքը որևէ ոլորտում, տնտեսական լինի, սոցիալական լինի, իրավունքների պաշտպանության ոլորտում լինի, փոփվում է: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ փոփոխությունները լինեն»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Լրագրողներից մեկն ասաց, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների և արդյունավետ կառավարման ուղղությամբ Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, երկիրը բազմաթիվ կառուցների է անդամակցում, այնուամենայնիվ, այս ոլորտներում Հայաստանում վիճակը չի բարելավվում, և հասարակությունը տպավորություն է ստանում, որ այս բոլոր միջոցառումնեը իմիտացիա են: «Որքանո՞վ արդյունավետ կլինի այս համագործակցությունը»,- հարցրեց լրագրողը: Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել հիմա, բայց մեր գործընկերները միջազգային կառույցներում անընդհատ փնտրում են նոր եղանակներ` ինչպես անել, որ դա իմիտացիա չլինի, պրակտիկ նշանակություն ունենա: Այդ պատճառով է, որ ինստիտուցիոնալ մասնակցության նոր ձևաչափեր են առաջարկվում` քաղաքացիական հասարակությանը ներգրավում են ինստիտուցիոնալ մակարդակով, որպեսզի տեսնեն, թե ինչպիսի ազզդեցություն են թողնում այդ ծրագրերը կյանքի որակի վրա Հայաստանում և ըստ դրա` կառուցեն նաև իրենց հարաբերությունները պաշտոնական մակարդակներում: Սա առաջին անգամ է արվում և չի կարող դիտվել որպես մի դեղամիջոց, որը հարցերը միանշանակ լուծում է: Սա, ինչ-որ տեղ, փորձարկման փուլ է»: Բանախոսի հավաստմամբ` իրենք հանդիպել ենք նաև Էկոնոմիկայի նախարարության, Արտգործնախարարության ղեկավարության հետ, Ազգային ժողովի, նախագահական աշխատակազմի պաշտոնյաների հետ ու համոզվել, որ պաշտոնյաները գիտակցում են, որ այս գործընթացը որակապես տարբերվում է նախորդներից: «Եվ բնականաբար, միգուցե այս պաշտոնյաները նաև ակնկալում են աջակցություն քաղաքացիական հասարակությունից, որովհետև հարցեր կան, որտեղ պաշտոնական մակարդակներում լուծումներ հնարավոր չէ գտնել, բայց քաղաքացիական հասարակության մակարդակով կարելի է այդ լուծումները գտնել»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքերով` Բրյուսելում անցկացված առաջին ֆորումի մասին տեղեկությունները Հայաստանում շատ քիչ էին, ինչի հետևանքով Հայաստանին տրամադրված 21 տեղի համար դիմել է ընդամենը 50 հկ: Երկրորդ ֆորումը տեղի է ունենալու նոյեմբերին, ամենայն հավանականությամբ, Բեռլինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter