Կայարան երկուսի համար
Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը` մասնակցելու ապրիլի 12-13-ը Վաշինգտնուոմ կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին:

«Պատահական զուգադիպությամբ» այդ հայտարարությունն արվել է գրեթե նույն ժամին, երբ թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ այդ երկրի վարչապետ Ռեջեի Էրդողանը փոխել է ԱՄՆ չմեկնելու մասին իր որոշումը եւ մասնակցելու է այդ գագաթաժողովին։ Այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ այդ օրերին Վաշինգտոնում կարող է կայանալ Սարգսյան-Էրդողան հանդիպումը։
Ակնհայտ է, որ հենց դա էր Ս. Սարգսյանին ԱՄՆ հրավիրելու Օբամայի նպատակը։ Եւ եթե այդ հանդիպումը կայանա, դա ծառայելու է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների խորացմանը (ինչպես փորձելու են ներկայացնել կողմերն ու պաշտոնական քարոզչամիջոցները), այլ հնարավորություն է տալու, որ Բարաք Օբաման այս տարի եւս ապրիլի 24-ի իր ուղերձում չարտասանի «ցեղասպանություն» բառը՝ հղում անելով ոչ միայն ստորագրված արձանագրություններին, այլ նաեւ «օրերս կայացած կառուցողական հանդիպմանը»։ Ամենայն հավանականությամբ, հենց այս պայմանավորվածությունն է Էրդողանին ստիպել փոխել իր որոշումը եւ մեկնել ԱՄՆ։
Մերժել են
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը երեկ մերժել է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ ապրիլի 24-ը երկրում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու վերաբերյալ Անգլիայի հայ համայնքի ներկայացրած առաջարկը։ Այս մասին ասել է լորդ Գլենիկ Քիլքլունին։ «Բրիտանական կառավարությունը հիշում է դարասկզբի ցավալի դեպքերը, սակայն չի կարող կատարել որևէ քայլ, որը կխոչընդոտեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,- ի պատասխան բարունուհի Քերոլայն Քոքսի հարցադրմանը՝ հայտարարել էր բարոնուհի Քիննոքը։
Բարոնուհի Քսքսը, որը Լորդերի պալատի հայկական խորհրդարանական խմբի նախագահն է, խոստացել է առաջիկայում հայկական հարցը բարձրացնել և աշխուժացնել քննարկումները խնդրի շուրջ։
Ավիատոմսերն էլ կարող են թանկանալ
Վերջին շրջանի համընդհանուր թանկացումները, ամենայն հավանականությամբ, դժվար թե շրջանցեն ավիատոմսերը։ Փորձագետները նշում են, որ ավիստոմսերի հնարավոր թանկացումը առաջին հերթին պայմանավորված կլինի ավիավառելիքի չափազանց բարձր գնով։ Խնդիրն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանը տնօրինող «Արմենիա» միջազգային օդանավակայանները ընկերությունը ավիավառելիքի 1 տոննան ավիաընկերություններին, այդ թվում՝ ազգային ավիափոխադրող «Արմավիային», վաճառում է 1005-1008 դոլարին համարժեք գնով։ Սակայն աշխարհում նման բարձր գին պարզապես գոյություն չունի։ Համեմատության համար նշենք, որ այն քաղաքներում, դեպի ուր չվերթներ են իրականացնում Երևանից, 1 տոննա ավիավառելիքի գները տատանվում են 600-900 դոլար գնային միջակայքում։
Այդ ամենը հուշում է, որ ինչքան էլ ավիափոխադրող ընկերությունների համար անցանկալի լինի ավիատոմսերի թանկացումը, սակայն վերոհիշյալ գործոնի ճնշման տակ նման քայլի հավանականությունը բավական իրական է։
Անչափահասն ինքնասպանություն է գործել
2010թ. մարտի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի 4 շենքի տանիքից ցած նետվելով`ինքնասպանություն է գործել նույն շենքի բնակչուհի, անչափահաս, 1988թ-ին ծնված Էլեն Արմենի Փիրյանը: Նա սովորում էր թիվ 1 դպրոցում եւ ունեցել է լավ առաջադիմություն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով: Քաղաքում տարածված լուրերի համաձայն, ինքնասպանության պատճառը անպատասխան սերն է եղել: Նաեւ պատմում են, որ Էլենը վերջին օրերին անտրամադիր է եղել ու անընդհատ ընկերների հետ է լուսանկարվել` ասելով, որ վերջին նկարներն են լինելու:
Ոստիկանական նշանակումներ և փոխատեղումներ
Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանապետի պաշտոնից։
Արդեն քանի օր է, ինչ թափուր է Նոր Նորքի ոստիկանապետի պաշտոնը։ Թերթի տեղեկություններով՝ Ալիկ Սարգսյանի հրամաններով, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանի եղբայրը՝ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից և կնշանակվի Նոր-Նորքի ոստիկանապետ։
Շենգավիթի վարչական շրջանի ոստիկանապետ, գնդապետ Լևոն Յազիչյանն էլ կնշանակվի Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանապետ։ Շենգավիթի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ոստիկանապետների պաշտոնների համար շրջանառվում են համապատասխանաբար Էրեբունու նախկն ոստիկանապետ Ավետիք Մկրտչյանի (վերջինս այնտեղ ժամանակին աշխատել է ծառայության գծով տեղակալ) և դարձյալ Էրեբունու նախկին ոստիկանապետ Հայկ Մանուկյանի անունները։
Օլիգարխների հավաք Դուբայում
Օրեր առաջ Դուբայում տեղի է ունեցել Հայաստանի օլիգարխների հավաք։ Ինչպես փոխանցում են թերթի իշխանական աղբյուրները, հավաքի նախաձեռնողը եղել է Ռոբերտ Քոչարյանը։
Դեռ անցյալ շաբաթ թերթը տեղեկություններ է ունեցել այն մասին, որ Դուբայում հանդիպել են Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Սամվել Ալեքսանյանը։ Ավելի ուշ թերթին տեղեկություն է հասել այն մասին, որ այնտեղ է եղել նաև Ռուբեն Հայրապետյանն ու մի քանի այլ օլիգարխներ։ Ըստ թեիթրին հասած հավաստի տեղեկությունների՝ Քոչարյանը շատ լուրջ խոսակցություն է ունեցել օլիգարխների հետ։ Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, Քոչարյանը հավաքի մասնակիցներին ասել է, թե պետք է Սերժ Սարգսյանին ասել, որ իրեն վարչապետ նշանակի, հետո հրաժարական տա՝ վերջնական աղետից խուսափելու համար։
Քոչարյանը, ըստ հավաստի տեղեկությունների, բացատրական աշխատանքներ է տարել, որ Սերժ Սարգսյանը բոլորին տանում է կործանման, իսկ եթե ինքը գա կարող է իրավիճակը փոխել և երաշխավորել է, որ գալու դեպքում ոչ ոք որևէ խնդիր չի ունենա, հակառակ պարագայում՝ բոլորը կարող են ամեն ինչ կորցնել։ Հիմա էլ, փաստորեն, Քոչարյանը որոշել է օգտագործել օլիգարխներին։ Ուշագրավ է, որ հավաքին ներկա են եղել անգամ այն օլիգարխները, ովքեր համարվում են Սերժ Սարգսյանի մարդիկ։ Մի խոսքով, Քոչարյանը կարծես պատրաստվում է իշխանափոխության, ինչի փորձը նա ունի 98-99 թվականներից։
Իրանահայը մահացել է վթարից
Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը թերթին տեղեկացրել է, որ մարտի 27-ի երեկոյան, ժամը 20։30-ին Կոմիտասի պողոտայում անհայտ ավտոմեքենան հարվածել է ազգությամբ հայ, Իրանի քաղաքացի, զբոսաշրջիկ ընտանիքի անդամներին։ Ավտոմեքենայի վարորդը հեռացել էր դեպքի վայրից որևէ օգնություն չցուցաբերելով տուժածի ընտանիքին։ Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը հաստատեց դեսպանատան լուրը, հավելելով, որ վրաերթի ենթարկվածներից մեկը՝ Արշամ Ծ.-ն «Արմենիա» հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է, և կա մեկ վիրավոր ևս՝ կինը։
Ոստիկանությունը դիմել է քաղաքացիներին՝ վրաերթ կատարած վարորդին հայտնաբերելու համար։
«Սեփականության» կեսը՝ այն տրամադրողին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը թերթի խնդրանով արձագանքելով ռուսական «The Moscow Post» թերթում հրապարակված լուրերին, թե իրեն է պատկանում Վանաձորի տրիկոտաժի ֆաբրիկան, շինանյութերի, մետաղյա իրերի, ջրատաքացուցիչ սարքերի ու գազային վառելիքի մեծածախ վաճառքի բիզնես կառույցներ և այլն. «Մեծ հաճույքով կկիսեմ բոլոր թվարկվածներն այն անձնավորության հետ, որը դրանք կտրամադրի ինձ»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել