Պոլոզ Մուկուչի եւ Ծիտրո Ալեքի կենսագրության հայտնի ու անհայտ էջերը
Պոլոզ Մուկուչը՝ անձնագրային տվյալներով՝ Մկրտիչ Ղազարի Մելքոնյանը ծնվել է 1891 թ-ի հունվարի 7-ին, Գյումրիում, երկաթագործ-արծաթագործ Ղազարի ընտանիքում: Վերջինիս արհեստանոցը դարբինների արհեստանոցի կողքին էր, 45 համարի տակ: Մկրտիչը Ղազարի երկրորդ զավակն էր: Բարձր հասակի համար գյումրեցիները նրան «Պոլոզ» մականունն էին տվել:
Լինելով բնիկ գյումրեցի, Մկրտիչը հագնում էր «ֆանառի» ձեւով կարված թափովի շալվար, լաստիկ կտորից արխալուղ, կրում էր կաստոր կտորից գլխարկ, որին գյումրեցիները շափխա էին ասում, փափուկ կաշվից կոշիկներ: Չնայած հայրը քաղաքի հայտնի եւ հմուտ արհեստավորներից էր, սակայն Մկրտիչն այդպես էլ ոչ մի արհեստ չի սովորում: Մկրտիչն ընդամենը տարրական կրթություն էր ստացել «դայտոպլան» կոչվող դպրոցում ու դրանով էլ սահմանափակվել էր ուսման նկատմամբ եղած ձգտումները: Չունենալով կրթություն եւ չտիրապետելով որեւէ արհեստի, Պոլոզն այնուամենայնիվ ուներ զբաղմունք՝ փոդրատչի էր, այսինքն՝ պատվիրատու:
Գրեթե ամեն օր նրա ձիասայլը հայտնվում էր քաղաքի տարբեր մասերում գտնվող խանութ-կրպակներում ու շուկայում: Պոլոզ Մուկուչը հաճախորդներին մրգի հետ միասին մատուցում էր համով-հոտով կատակներ: Պոլոզ Մուկուչին վերագրվող անեկդոտի վերածված եւ ժողովրդի մեջ տարածված շատ պատմություններ իրական հիմքեր ունեին: Պոլոզն այն հազվագույտ մարդկանցից էր, որոնք պատասխանի համար «գրպանը մտնելու» կարիք չունեին: Այդ յուրահատկությունը Պոլոզ Մուկուչի մոտ նկատվել էր դեռ մանկությունից:
Մայրը պատանի Մուկուչին ուղարկում է Ղունկի աղայի խանութ:
-Գնա տես ապրանքի գներն իջել են, մի քիչ բան-ման առնենք,հանձնարարում է մայրը:
Մուկուչը գնում է, տեսնում է գների մեջ փոփոխություն չկա: Կանգնում է դռան մոտ ամրացված հայելու դիմաց, մազերը հարդարում, դուրս է գալիս:
Այսպես կրկնվում է մի քանի օր: Չորրորդ անգամ, երբ Մուկուչը դուրս գալուց առաջ նորից սկսում է սանրել մազերը, խանութպանը զայրացած հարցնում է.
-Ծո, խանութ ես եկել, թե՞ վարսավիրանոց:
-Ապրանքների գներուն օր կաշեմ, մազերս բիզ-բիզ կկայնին, կսանրեմ, նոր դուրս կուգամ,-պատասխանում է Մուկուչը:
1899թ-ին ավարտվում է Ջաջուռի երկաթուղային թունելի շինարարությունը եւ առաջին շոքեքարշը մտնում է Գյումրի: Իր ընկեր Մադոյենց Նապոյի հետ Մուկուչն էլ է գնում երկաթուղու կայարան: Երկար նայելուց հետո Մուկուչը դիմում է ընկերոջը.
-Նապո, էս պարավոզը ընչով կերթա,-հարցնում է Մուկուչը;
-Բղով՝ գոլորշով կերթա,-պատասխանում է ընկերը:
Ութամյա Մկրտիչը չի ուզում հավատալ: Նապոն որքան էլ բացատրում է, ընկերը չի հավատում եւ հենց կայարանում Մուկուչը հայտնում է իր կասկածը:
-Ծո, օր պարավոզը բղով էրթար, Ձիթողցոնց բաղնիքն հմի շուտունց Լոնդոն էր հասել:
Զատիկի տոներին Պոլոզ Մուկուչն այցելում է Հովհաննես եւ Կարապետ Չաքմիշյանների խանութ: Եղբայրներից ավագը՝ Կարապետը խրատական տոնով դիմում է Մուկուչին.
-Մուկուչ ջան, իմ ցավը կուգա, հերիք չէ՞ դու փոդրատչիություն էնես: Նայե օղուլ, արհեստ սորվի, կնիկ-երեխա ունեցիր, էնոնց պահե:
Առանց վիրավորվելու Մուկուչը պատասխանում է.
-Ուստա Կարապետ, դու իմ վենձ ախպերն ես: Եթե մարդ նայելով արհեստ սորվեր, ղասաբնոցի շներն հիմի վաղուց ղասաբ էին դառել:
Մուկուչն իր չամուսնանալը, երբ հարցրել են, պատճառաբանել է այսպես.
«Մենձ ախպերս կնկանից բաժնվավ, ես էլ կարգվիմ ու բախտս չբերե, բաժնվիմ, էս անգամ գյումրեցիք պտի ըսեն, թե Պոլոզենց շեմը շեմ չէ, հարս չի դիմանա, ըդուր համար էլ չեմ պսակվի, թող մեր գերդաստանի անունը չկոտրվի»:
Մուկուչի ժամանակակից սրամիտների թվում էին «Ծիտրո» Ալեքը, «Թութխալ» Հարութը,Մադոյենց «Սիրուն» Նապոն, Տիրատուրենց Մարգարը, ,Նալըն» Կարոն, կոշիկի կաղապար պատրաստող Հովհաննեսը՝ «Գրամաֆոն Օնեսը», «Չաղլենց» Ներսեսը, դամրչի ուստա Կոլան, «Սոխ» Հեյվարեն, դհոլչի երկան Աշոն: Սրանք նաեւ Ծիտրո Ալեքի սրճարանի մշտական հաճախորդներն էին:
Հակառակ Մուկուչի կատակասեր ու համեստ բնավորության, Ծիտրոն շատ կռվարար էր եւ սիրում էր խոսքը համեմել հայհոյանքներով: Ծնվել է 1896թ-ին, Պոլոզ Մուկուչի ծննդից 5 տարի անց: Բնակվել է 39 փողոցի 212 տանը: Նրա հայրը հին շուկայի տարածքում ունեցել է սրճարան, որը հոր մահից հետո Ծիտրոն է տնօրինել: Թե ինչու է Տիգրանը դարձել Ծիտրո, դրա հետ կապված հիշատակվում է հետեւյալ պատմությունը:
Գյումրիում շատ էին աղավնու սիրահարները: Աղավնի պահողներին կոչում էին ղուզբաշներ: Աղավնասեր էր նաեւ Տիգրանը: Եվ ահա, մի կիրակի նա տոնական հագուստներով մտնում է քիլարը, աղավնիներին կեր ու ջուր տալու: Դուրս գալիս հայրը նկատում է, որ Տիգրանի նոր կարած չուխայի վրա աղավնու ծերտ կա: Հայրը խիստ զայրացած ապտակում է նրան եւ ասում.
-Այ օղուլ, քեզի վով ստիպեց թազա շորով մտնիս հավնոց, որ դոխի ծերտ էղնի:
Իսկ թե ինչու Ծիտրոյից բացի տղային է կպնում նաեւ Ալեք անունը, կա այսպիսի մի պատմություն: Անհայտ քրեական գործի կապակցությամբ Տիգրանի հորը տանում են ոստիկանատուն: Այդ լուրը հասնում է Պոլոզ Մուկուչի ավագ եղբորը՝ Ալեքին, ով շատ մոտ է եղել Ծիտրոյի հոր հետ: Երբ Ալեքը գնում է ոստիկանատուն, Թորոսը նրան տեսնելով, ասում է.
-Ալեք ջան, կարող է ընձի դատեն, գուզեմ քեզի մե օսյաթ (հանձնարարություն) տամ; Ծիտրոյիս հանձնում եմ քեզ, քեզի էլ՝ Աստծուն: Եթե ընձի բան էղնի, իրան զավակիդ պես կնայես: Թող ըսեն Ծիտրո Ալեքի: Ահա այդ օրվանից էլ Տիգրանին կոչում են Ծիտրո Ալեք:
Տիգրանը՝ գյումրեցիների սիրելի Ծիտրո Ալեքը, մահացել է 1936 թ-ին, Պոլոզ Մուկուչի մահվանից 5 տարի անց; Գյումրեցի երեւելի սրախոս Պոլոզ Մուկուչը մահացել է 1931թ-ին ու ասում են, որքան որ ինքն էր երեւելի, նույնքան էլ թաղումն է եղել երեւելի:
Պոլոզ Մուկուչի հիվանդության ու թաղման վերաբերյալ գյումրեցի հայտնի կառապաններից Վիսյոլի Վարդանի հիշողությունները գրառել է արձակագիր, երգիծաբան եւ լրագրող Հենրիկ Գեւորգյանն իր «Սրամիտների քաղաքը» գրքում, որից ներկայացնում եմ մի հատված.
«Էդ տեսակ մարդիկ խոսքերը ջեբի մեջ են պահել: Մուկուչը հեչ չհասկցանք ինչըղ հիվնդցավ, ինչըղ մեռավ,-տխուր ու մտախոհ սկսեց Վիսյոլի Վարդանը:
-Ըշտը գնացինք հասանք Թիֆլիս, գտանք հիվանդանոցը, ներս մտանք: Մուկուչը թիկնել էր բարձին, քիթը սրված, դեմքը դեղնած, աչքերը փոս ընկած: Հիվանդությունը քամել էր էնոր, միսը ոսկռեն չէր ջոկվի: Մեզի ճանչցավ: Մէ քանիմ խոսք ըսավ ու դառավ Հարութին.
-Ձեզի օսյաթ կենեմ, իմ ազիզ ախօրտիք, բան է, վով գիտե, մահը մարդու անգջի ետեւն է, մեկ էլ տեսար՝ մեռա…Ընձի որ տարաք թաղելու, թողեք աջ ձեռս դագաղից ցած կախվի:
«-Իյա՜, էդ ընչի՞, Մուկուչ ջան,-զարմացավ Հարութը»:
«Համ ընկերտանցս, իմ հարազատ Գյումրուն մնաս բարով կենեմ, համ էլ վատ մարդկանց կհասկցնեմ, որ աշխարքս ունայն բան է, անցավոր, մնացեք բարով»:
«Մուկուչ, ի՞նչ կխոսաս, դու 100 տարի կապրիս, դու մեռնող հիվանդ չես,-մխիթարեց Հարութը»:
-Ընձի սխալ չհասկնաք, ես իմ մեռնելու դարդը չեմ,-տնքած Մուկուչը,-կվախենամ Գյումրու համն ու լազաթը էրթա:
-Էն ինչ թաղում էր,-վրա բերեց կիստուկ Աշոտը,-ժողովրդի մէ ծերը բոշի մայլեն էր, մեկն էլ գերեզման էր հասել:
-Քաղաքն էդ տեսակ թաղում չէր տեսել,-զրույցը եզրափակեց Հարութը»:
«Կումայրի» թերթի ամենաերկարակյաց թղթակից Վազգեն Հարությունյանն իր «Գյումրին, նրա մարդիկ, սովորույթները» գրքույկում արդեն ականատեսի աչքերով է նկարագրում գյումրեցի սրախոսի թաղման արարողությունը.
«21 տարեկան էի, երբ 1931 թ-ի փետրվարի վերջին մահացավ Պոլոզ Մուկուչը-հիշում է Վազգեն Հարությունյանը,- Հայրս, որ նրանց ծխատեր քահանան էր, կատարեց սգի պատարագը: Երբ այցի գնացի, տեսա, որ ծաղկեպսակ էին բերել ոչ միայն հանգուցյալի հարազատներն ու մերձավորները, այլեւ վաճառականներ, արհեստավորներ, իսկ մի սեւ ժապավենի վրա գրված էր. «Ավետիք Իսահակյանից՝ սիրելի Մուկուչին»: Իսահակյանը պատիվ էր արել ծաղկեպսակ դնել ընկերոջ գերեզմանին:
Պատարագն ավարտելուց հետո հարազատները դագաղը դուրս բերեցին եկեղեցուց եւ չնայած դիակառքի առկայությանը, հուղարկավորները որոշեցին դագաղը մինչեւ գերեզմանոց տանել ուսերի վրա: Թափորի առջեւից գնում էին 4 քահանաներ խաչ ու խաչվառով, հետեւից՝ երաժիշտները, կատարելով հայտնի երգահանների սգո մեղեդիները: Թաղման արարողությունից հետո Իսահակյանի ուղարկած պսակը դրվեց գերեզմանի գլխին եւ նրա հիշատակի համար խմեցին մոտ 400 մարդ եւ դատարկ շշերը շարվեցին գերեզմանի շուրջ»:
Պոլոզ Մուկուչի գերեզմանը 20 տարի անշիրմաքար է մնում: 1952 թ-ին Գյումրի է այցելում Ավետիք Իսահակյանը, մոր գերեզմանաքարը կառուցելու նպատակով վարպետ Սիմիկին հանդիպելու համար: Մի օր գերեզմանոցից դուրս գալիս մեծանուն բանաստեղծն ու վարպետ Սիմիկը տեսնում են երեք երիտասարդի, ովքեր ինչ-որ մի գերեզմանաթմբի մոտ ողորմաթաս են խմում: Վերջիններս հրավիրում են Ավետիք Իսահակյանին եւ ուստա Սիմիկին միանալ իրենց եւ խմել Մուկուչի համար, ասելով, որ իրենք էլ Թիֆլիսից են եկել, եկել են Պոլոզին տեսության:
Ավետիք Իսահակյանը վատ է զգում, տեսնելով Մուկուչի գերեզմանն անշիրմաքար եւ դառնալով վարպետ Սիմիկին խնդրում, որպեսզի իր կողմից մի մահարձան էլ Մուկուչի համար պատրաստի, ասելով, թե այդքան պատվական մարդու գերեզմանը չի կարող մնալ առանց տապանաքարի: Ամիսներ են անցնում այդ օրվանից եւ երբ գերեզմանաքարը սարքվում է, վարպետը հանդիպում է ուստա Սիմիկին, գրպանից փող է հանում, թե վերցրու, հալալ է քեզ, Մուկուչին հարմար շիրմաքար ես կառուցել:
-Չեղավ, վարպետ,Պոլոզը մենակ քուկդ չէ, ամենքինս է,-ասում է ուստա Սիմիկն ու փողի կեսը վերադարձնում: Կոնաձեւ, կարմրաքար մահարձան է Պոլոզ Մուկուչի համար պատրաստված տապանաքարը մի կողմում գրված.«Պոլոզ Մուկուչին (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյանին)»: Մյուս կողմում՝ «Հիշատակ բանաստեղծ Ավետիք Իսահակյանից»:
***
Իրական պատմություններ Պոլոզ Մուկուչի եւ Ծիտրո Ալեքի կյանքից
Ծիտրո Ալեքը նստած ամֆիթատրոնում, ներկայացում է դիտում: Ընդմիջմանն հանկարծ նկատում է երրորդ շարքում նստած Պոլոզ Մուկուչին ու վերեւից բղավում.
-Մուկու՜չ…
Մուկուչը բանի տեղ չի դնում:
-Պոլոզ Մուկու՜չ,-այս անգամ ավելի բարձր է գոռում Ծիտրոն:
Մուկուչը դարձյալ ուշադրություն չի դարձնում, մտածելով, որ շատերը իրեն չեն ճանաչում եւ անհարմար է դահլիճում բղավելը:
-Երրորդ շարքի չորրորդ տեղը նստած Պոլոզ Մուկու՜չ,-նորից բղավում է Ալեքը:
Դահլիճում նստածները հայացքները ուղղում են նրա կողմը: Պոլոզ Մուկուչը ստիպված ետ է դառնում եւ գոռում.
-Այ օղուլ, ընձեն չես ամչնա, գոնե էս համբերատար ժողովրդեն ամչցի…
Խնդալ էլ կա, խնդալ էլ…
Ծիտրո Ալեքը տեսնում է փողոցով անցնող պակասավոր մի մարդու եւ սկսում հռհռալ:
-Ընչի՞ կխնդաս,-հարցնում է Պոլոզ Մուկուչը:
-Հլը էն մարդուն աշե, ինչղ օր իսանի մանդռուք էղնի…
-Ծո, խելքի արի, ու՞մ վրա կխնդաս, ի՞նչ նպատակով կխնդաս, ինչը՞ղ կխնդաս,-հանդիմանում է Մուկուչը;
-Ինչը՞ղ կխնդամ,-վիրավորվում է Ալեքը:
-Տեղին բդի խնդաս,-վրա է բերում Մուկուչը,-խնդալ կա՝ լացի պես է, խնդալ կա՝ քացու պես է, խնդալ էլ կա գյուլլի պես է, կրնա էղնի մարդ սպանե, հասկցա՞ր…
Ինչու՞ լռեցիր
Մի օր Մուկուչին ասացին.
-Քո մոտիկ ընկեր Ծիտրո Ալեքը քեզի կբամբասե:
Մուկուչը մտքերի մեջ ընկավ:
-Ինչու՞ լռեցիր,-հարցրեցին նրան:
-Կմտածեմ, թե ի՞նչ լավություն եմ էրել, օր ընձի կբամբասե,-պատասխանեց Մուկուչը:
Մրսածը
-Ախպեր Մուկուչ, հո կաղամբդ մրսած չէ՞,-հարցնում է գնորդներից մեկը
-Հըբը ինչ է, սաղ գիշեր կհազար,-նեղստած պատասխանում ու ցույց է տալիս պատռված կաղամբները,-չես տեսնի՞, թոքերը բերանից ցած են թափվել:
Ձմերուկը
Պոլոզ Մուկուչը ձմերուկ էր վաճառում: Գյումրեցի մի կին վերցնում է փոքրիկ ձմերուկը եւ սկսում երկու ձեռքով սեղմել ու պահել ականջի մոտ: Երբ մի քանի անգամ կրկնում է այդ գործողությունը, Մուկուչը զայրանում է.
-Քուր ջան, երկու կիլանոց ձմերուկըմ էս վերուցե, գուզես մեջեն դուխավոյ արկեստրի ձեն ելնի՞:
Նայած
Երեկոյան պոլոզ Մուկուչի տան դուռը բացում է ծանոթներից մեկն ու բղավում.
-Մուկուչ, այ Մուկուչ:
-Հըը, ինչ կա:
-Քնած ե՞ս, թե արթուն:
-Նայած, ի՞նչ կա:
-Վերասիա 5 լիտր գինի կուզեի:
-Նաղդի քնած եմ:
Որակի նշանով
-Ինչ ազգ ես,-Պոլոզ Մուկուչին հարցնում է մի ռուս;
-Գյումրեցի,-հպարտորեն պատասխանում է Պոլոզը;
-Որքան գիտեմ նման ազգ չկա,-զարմանում է ռուսը;
-Կա, դրուգ ջան, գյումրեցին հայն է՝ որակի նշանով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել