HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Պոլոզը կրցել է խոսքն ընպես քաղցրցնէ, որ հաճելի էղնի լսողին»

Քանդակազարդ այս շենքի ճակատին խորհրդային տարիներին փակցված է եղել Պոլոզ Մուկուչի լուսառեկլամային դիմանկարը` հատկապես օտարներին մատնացույց անելով  «Պոլոզ Մուկուչ» գարեջրատան գտնվելու վայրը: Հետո մի սովորական օր այն հանել են: Պատճառը եղել է մի քանի չարակամների բամբասանքը: Վերջիններս անգամ բողոքել են «վերեւներին», որ իբրեւ Պոլոզն այն մարդը չէ, ում անունով պիտի կոչվի գարեջրատունը, որ նա արժանի չէ այդ պատվին:

Լուսառեկլամը հանել են, սակայն գարեջրատան անվանափոխություն չի եղել ու դրանից հետո էլ, սովորույթի համաձայն, գյումրեցին, եթե ուզեցել է հյուրերին գարեջուր հյուրասիրել, ասել է. «Էրթանք Պոլոզ Մուկուչ»: Գյումրիի Աճեմյան -15 հասցեում գտնվող գարեջրատան շենքը նախկինում բնակելի է եղել, կառուցվել է 1860-1880 թթ. եւ պատկանել Սուքիաս Մելիքյանին, ում ձեռքից շենքը խլել են 1936-37 թթ. կուլակաթափության ժամանակ: 1960-ականներից այն վերածվել է գարեջրատան եւ պատկանել Գյումրիի «Սննդառին»:

1990-ակաների վերջերին սեփականաշնորհված գարեջրատունը գործառույթը չի փոխել: Միայն շենքի մուտքի մոտ ավելացել է Պոլոզ Մուկուչի ժպտացող քարե դիմանկարը: 120-ամյա շենքի միակ մոդեռնացված հատվածը մուտքի դուռն է, սակայն դա էլ մի ակնթարթ է տեւում, մինչեւ դուռը բացելը: Ներս մտնելով` ընկնում ես լրիվ այլ միջավայր: Դեռ երկու քայլ չարած` մի տղամարդ ընդառաջ է գալիս` զարմացած հայացքով կարծես հարցնելով, թե մենակ, առանց ուղեկցի ի՞նչ եմ անում գարեջրատանը: Ծիծաղս հազիվ եմ զսպում, ախր եթե դեպքը տեղի ունենար 20-րդ դարասկզբին, ինձ անգամ շեմից ներս չէին թողնի: Եվ հետո, ավանդապաշտ Գյումրիում, այն տարիներին ո՞ր մի կինն իրեն նման բան թույլ կտար` մտնել գարեջրատուն: Ասում եմ, որ լրագրող եմ, հոդված եմ գրում Պոլոզ Մուկուչի մասին, ուզեցի լինել նաեւ իր անունը կրող գարեջրատանը:

Կարեն Սարգսյանը գարեջրատան բուֆետապանն է, կատակով շեշտում է` նաեւ գիդը: «Երբ օտար հյուրեր կունենանք, բացի հյուրասիրելուց, նաեւ պատին փակցված լուսանկարների պատմությունները կենեմ, իրա անեկդոտներից կպատմեմ,- աշխատանքի բնույթն է նկարագրում Կարենը,- դրսի նկարը տեսա՞ք, ըդիկ, ըշտը Պոլոզ Մուկուչի նկարն է, մատը վեր տնկած, աշխրքի վրա կխնդա: Քարից նկարն էլ տեսա՞ք,- երկու հարցին էլ դրական պատասխան ստանալով` շարունակում է,- օր կըսէն Պոլոզ Մուկուչ, Պոլոզ Մուկուչ, տո ուտող-խմող մարդ է եղել, արհեստ էլ չի ունեցել: Բայց իրա բարության ու մաքրության համար մարդիկ իրան սիրել են: Միշտ ուրդեղից անցել, կանչել հյուրասիրել են: Կարողա սուտ բաներ էլ է խոսացել, բայց քանի որ ըսողը Պոլոզն է եղել` ներվել է, ինքը կրցել է խոսքն ընպես քաղցրցնե, որ հաճելի էղնի լսողին: Չնայած դժվար իրա ըսածների մեջ սուտ բաներ էղներ: Հըմի ձեզի իրա մե ասացվածքներից ըսեմ, դուք տեսեք` սու՞տ է, թե՞ ճիշտ. Պոլոզ Մուկուչին կը հարցնեն. -Ախպեր Մուկուչ, մարդը ե՞րբ կուշտ կեղնի: -Հարուստը երբ ուզենա, քյասիբը` երբ ունենա,- կպատասխանե Մուկուչը: Մարդն ըդիկ ըսել է անցած դարի սկզբին, հըմի տոչնի նույն վիճակն է, կարո՞ղ է սուտ է»: Ժպտում եմ ու, որպես համաձայնության նշան, գլխով անում: «Էս նկարում ո՞րն է Պոլոզ Մուկուչը,- մատնացույց եմ անում դիմացի պատին կախված լուսանկարը,- ճի՞շտ է, որ երկուսից մեկը Ծիտրո Ալեքն է»: «Չէ, այ ցավդ տանեմ, ի~նչ Ծիտրո Ալեք... էս վերջերս էլ քաղաքապետն էր մի հատ գիրք տպել, Պոլոզ Մուկուչի մասին էլ կար գրած, հենց էս նկարն էին տպել, բայց տակը սխալ էին գրել, մարդկանց թյուրիմացության մեջ կը գցեն,- դժգոհում է բուֆետապանն ու պատից իջեցնում լուսանկարը,- տեսեք հետեւն ինչ է գրած. «Պոլոզ Մուկուչը ընկերոջ` Գառադավեց Լեւոնի տղաներից մեկի հետ»: Ափսոս, որ անունը չկա, բայց գոնե գիտենք, որ Պոլոզի հետինը Ծիտրոն չէ: Թե չէ` ինչ ուզենան, կը տպեն, հարցնել, ճիշտն իմանալ չկա»: Խմբակային մեկ այլ լուսանկարում ապարդյուն փորձում եմ գտնել Պոլոզ Մուկուչին, Կարենը լիաթոք ծիծաղում է փորձերիս վրա:

«Ման մի արի, ընիկ ըտեղ դագաղի մեջ է, էդ նկարը գյումրեցիք նկարվել են Պոլոզի թաղման վախտը, կպատմեն, թե սաղ քաղաքը մասնակցել է, մեծ ու պստիկ եկել են Պոլոզին հրաժեշտ տալու, ըբը, ըդպես բաներ էլ է եղել էն վախտը,- Կարենի խոսքի մեջ ափսոսանք եմ զգում,- գյումրեցիք ըդպես են. համ լոպազ են, համ պատվով են, համ հյուրասեր են, էս նկարն էլ նկարվելուց երեւի մտածել են, որ գոնե Պոլոզի շուքի տակ իրանք էլ մտնին պատմության մեջ»: Կարենին խնդրում եմ ցույց տալ ամբողջ սրահը: «էս է, էսքան տեղն է, ցավդ տանեմ, ի՞նչը ցույց տամ,- ձեռքերն է տարածում կատակասեր բուֆետապանը,- վեց սեղան ունինք, տեղը մեծ չէ, բայց սրտերս է մեծ, եկողին ոտքի վրա չենք թողնի»: Կարենն ասում է, որ Երեւանում էլ կա «Պոլոզ Մուկուչ» գարեջրատուն, բայց այնտեղ միայն անունն է գյումրվա, ինքն ամբողջովին եվրոպական ոճով է: «Եթե նկատեցիք, հատակը քարից է, էն կառուցված վախտվանց եղել է, մենք էլ ձեռք չենք տվել, իմ կարծիքով` խճաքարե հատակը նույնիսկ ավելի սիրուն է,- գիդի իր պարտականություններին է անցնում Կարենը,- սեղան-աթոռները փայտից են, մենակ սպասքն է ժամանակակից: Առաստաղը 1960-ականներին փետը քանդել, պանելային էին դարձրել, մենք 30 տարի հետո քանդեցինք, նորից փայտածածկ արինք, օր ընդհանուրի հետ խոսար: Էս աջ կողմն էլ երկու հատ կամարակապ սենյակ ունինք, մեր բանկետնիներն են, էլի, էս սենյակների հատակն էլ էն վաղտվանից մրամըր է էղել, էլի ձեռք չենք տվել:

Ընպես ենք էրել, որ ներս մտնողը գյումրվա լազաթն առնի»: Հարցնում եմ` իսկ ճի՞շտ է, որ Պոլոզ Մուկուչն ասել է, որ ով իր անունը տա, պարտավոր է իր սրամտություններից յոթը պատմել: «Այ, ըդիկ չիդեի, կարողա ըսել է,- զարմանում է Կարենը,- կուզե՞ք ես մի երկու հատ պատմեմ, դուք հետո շարունակեք: Վերջը երկուսիցս Մուկուչի մասին հոդված գրողը դուք եք, ես չեմ, ես հասարակ բուֆետչիկ եմ: Դե լավ, ուրեմն պատմեմ. Ուրեմն մի օր Պոլոզին կհարցնեն.

-Է՞ս աշխարհն է լավ, թե՞ էն:

-Էն աշխարհքը,- կպատասխանէ Պոլոզը

-Ընչի՞, Մուկուչ ախպեր, ինչի՞ց իմացար:

-Ինիգ օր վատ էղներ, գնացողներեն մեկը եդ կուգար: Մի օր հարեւանը կդիմե Պոլոզ Մուկուչին.

-Մուկուչ ախպեր, տղա ունեցա, անունն ի՞նչ դնեմ:

-Մուկուչ դիր,- խորհուրդ կուտա Պոլոզը:

-Իյա, հըբը էղա՞վ, ախր իդիկ քու անունդ է:

-Բան չկա, ես համ Պոլոզ եմ, համ էլ` Մուկուչ: Ինիգ հեչ անուն չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter