
«Դատավորը չի հավատա, որ մարդը կըրնար թեկուզ կանտուզիա ստացած ամսովըմ մնար խրամատի մեջ»
Գյումրիի ԵԿՄ կառույցի անդամ Ժորա Աթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով 2005թ. ձեռք է բերել եւ մինչեւ 2010թ. դեկտեմբերի 1-ն օգտագործել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին կեղծ փաստաթղթեր: Ըստ մեղադրանքի` այդ փաստաթղթերը Ժորա Աթոյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ սոցապ վարչություն, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, ՀՀ զինկոմ եւ հաշվառվել որպես զինվորական կենսաթոշակառու, այդ հիմքով 2005-ից 2010թթ.-ին ստացել կենսաթոշակ՝ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է խոշոր չափի գումար`8 մլն 733 հազար 879 դրամ:
Սեպտեմբերի 14-ի դատական նիստի հենց սկզբում ամբաստանյալի փաստաբան Աննա Դավթյանը հանդես եկավ միջնորդությամբ: Պաշտպանը դատարանին միջնորդեց եւս 4 անձանց ներգրավել որպես վկաներ` պատճառաբանելով, որ նրանք չեն հարցաքննվել նախաքննական մարմնի կողմից, այնինչ կարող են առավել հավաստի տեղեկություններ տալ իր վստահորդի մարտի դաշտում վիրավորվելու մասին:
Մեղադրող զինդատախազ Հարություն Հարությունյանն առարկեց փաստաբան Աննա Դավթյանի ներկայացրած միջնորդության դեմ` նկատելով, որ արդեն իսկ 10 վկա կա ներգրավված գործում, եւ եթե դատաքննության ընթացքում նրանց ցուցմունքները չբավարարեն դատարանին գործի ամբողջական պատկերն ստանալու համար, այդ դեպքում նոր կարելի է քննարկել վկաների վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը, ի գիտություն ընդունելով ամբաստանյալի փաստաբան Աննա Դավթյանի գրավոր ներկայացրած միջնորդությունն, ամեն դեպքում որոշեց նախ լսել գործով դատակոչված վկաներին, այնուհետեւ հետազոտել առկա ապացույցները, լսել ամբաստանյալին եւ միայն դատաքննության ավարտից առաջ քննարկել պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:
Վկաներից Աշոտ Զաքարյանն ասաց, որ ճանաչում է ամբաստանյալ Ժորա Աթոյանին 1988թ-ից, Ղարաբաղյան շարժման տարիներից: Աշոտ Զաքարյանը չժխտեց, որ իր կողմից հաստատած տեղեկանքն է Ժորա Աթոյանը ներկայացրել համապատասխան ատյաններ թոշակավորվելու համար: Տեղեկանքում նշված է եղել, որ ամբաստանյալը մասնակցել է մարտական գործողություններին եւ դրանցից մեկում վիրավորվել է, ստացել կոնտուզիա: Տեղեկանքը հաստատել է` հիմնվելով 4 ազատամարտիկների բացատրության եւ հայտարարությունների վրա, ովքեր այդ ժամանակ կռվել են ամբաստանյալի հետ նույն գումարտակում: Վկան, պատասխանելով փաստաբանի հարցին, ասաց, որ ինքն ու ամբաստանյալը 1993թ.-ից Գյումրու քաղխորհրդի պատգամավորներ են եղել եւ հիշում է, որ անձը ունեցել է առողջական խնդիրներ ու նիստերի դահլիճ է մուտք գործել մեկ կամ երկու այլ անձանց օգնությամբ, ունեցել է ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր:
Դատավորին հետաքրքրում էր` արդյոք այդ տարիներին Ժորա Աթոյանը պատմել է Աշոտ Զաքարյանին իր հիվանդության մասին, ինչու է այդ մասին ամբաստանյալը հիշել միայն տարիներ անց: «Ոչ,-պատասխանեց վկան,-այդ տարիներին մենք այնքան էլ մտերիմ չենք եղել, որպեսզի Ժորայի հիվանդությունը խոսակցության կամ քննարկաման առարկա լիներ: Եվ հետո, ես որքան գիտեմ կոնտուզիայի հետեւանքները կարող են տարիներ հետո էլ ի հայտ գալ»:
Հաջորդ վկան`Անուշավան Հովհաննիսյան ասաց, որ Ժորա Աթոյանին ճանաչել է եռամսյա հավաքներից, հետագայում իմացել է, որ նրան հիվանդության պատճառով տուն են ուղարկել: Վկայի ցուցմունքի համաձայն` Ժորա Աթոյանը ոչ թե կոնտուզիա է ստացել, այլ դեղնախտ կոչվող հիվանդությամբ է տառապել: Դատակոչված 3-րդ վկան, ինչպես պարզվեց, նիստի ընթացքում դատախազությունում հայտարարություն տված անձանցից մեկն էր:
Վկա Ավետիք Մելքոնյանի տված հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործը: Նախաքնական մարմիններին տված իր ցուցմունքում նա գրել է, որ Ժորա Աթոյանը չի մասնակցել մարտական գործողություններին եւ անհայտ է, թե ինչ ճանապարհով է դարձել հաշմանդամ ու թոշակառու: Մեղադրող կողմը փորձեց մեկ անգամ եւս ստանալ վկայի հաստատումը նախաքննությանը տված ցուցմունքի վերաբերյալ, սական վերջինս այլ կերպ մեկնաբանեց այն` ասելով որ հաղորդման մեջ ինքը կոնկրետ չի ասել Ժորա Աթոյանի մասին, այլ պարզապես գրել է, որ Գյումրիում կան լիքը մարդիկ, ովքեր չեն մասնակցել պատերազմական գործողություններին, սակայն դարձել են թոշակառու ու պետությունից գումար են ստանում:
«Ոմից ես լսել, որ ես դեղնախտ եմ եղել ու կոնտուզիա չեմ ստացել»,-Ավետիք Մելքոնյանին հարց ուղղեց Ժորա Աթոյանը: «Վարդան Մալյանից, ձեր հրամանատարից»,-պատասխանեց վկան: «Իսկ ես էլ լսել էի, որ դու որպես մատակարար, երբ որ զինվորի հասանելիք արաղը ծախել էիր, էդ արաղի շշերը հատ-հատ տղեքը ջարդել էին գլխիդ, ճի՞շտ է,-կրկին հարց ուղղեց ամբաստանյալը: «Հա, բայց ես ըդուրից կանտուզիա չեմ ստացել»,-հակադարձեց վկան:
Դատակոչված 10 վկաներից դատարան ներակայցել էին 5-ը: Դատական նիստի ընթացքում նրանցից Անդրանիկ Պոլոյանն ասաց, որ Ժորա Աթոյանին իրենց մոտ դիրքեր բերել են արդեն վիրավոր, որ ամբաստանյալի գլուխը եղել է վիրակապված եւ որ ինքն է հարկ եղած ժամանակ փոխել վիրակապը: Դիրքերում քնել է ամբաստանյալի կողքին, եւ եթե Ժորան դեղնախտով հիվանդ լիներ, ինքն անպայման կզգուշանար:
5-րդ վկան միայն հայտնեց, որ այն ընթացքում, երբ Ժորա Աթոյանը եղել է եռամսյա հավաքների, ինքը գտնվել է Գյումրիում եւ ոչինչ չի կարող ասել նրա վիրավորվելու կամ հիվանդության մասին:
Գյումրիի ԵԿՄ կառույցի անդամ Մկրտիչ Բաղդասարյանն, ով հնարավոր է փաստաբանի միջնորդության արդյունքում ներգրավվի որպես վկա ու այդ պատճառով մեկուսացվել էր դատարանի դահլիճից, իր վրդովվմունքը հայտնեց դատարանի շենքից դուրս: Ասաց, որ կռվել է Արկադի Տեր-Թադեւոսյանի հրամանատարության ներքո, եղել է վերջինիս ադյուտանտն ու հայտնի է «ծո Սամո» մականունով:
«Ես հայտարաություն ունեմ էս դատական նիստի վերաբերյալ: Իմ եւ ընկերներիս կարծիքով սա սադրանք է: Ով է տեսել հաղթող զինվորին բերեն դատարան դատեն,-վրդովմունքը չթաքցրեց Կոմանդոսի զինվորը,-էս վկայություն տվողների անցած ուղին ինչի՞ չեն քննե, թող մի հատ պարզեն, թե ում թելադրանքով են իրանք էս բաներն անում: Դատավորը չի հավատա, որ մարդը կրնար թեկուզ կանտուզիա ստացած ամսովըմ մնար խրամատի մեջ, թիկունք տեղափոխող չեղներ: Էս մարդիկ չեն պատկերացնե, որ մենք էնքան քիչ ենք էղել, որ ամեն մարդ հաշվի մեջ էր, ու եթե դու ի վիճակի էս, թեկուզ վիրավոր ինչ-որ բան էնելու, բդի մնայիր ու բդի կռվեիր: Ով ընտեղ էղել է, էդ մարդիկ գիտեն: Մինչեւ մարդը չէր զոհվի, դիրքերից իրան դուրս չէին հանե: Ես կխնդրեմ մեր քննչական մարմիններին, թող մի հատ հետաքննեն էդ հայտարարություն էնող մարդկանց, կարող է իրանք մեր թշնամու թելադրանքը կենեն»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել