Միջադեպ Հյուսիսային պողոտայում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայող Մ. Ն.-ն Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» բար-կարաոկե ակումբի մոտ երեկ` ժամը 23:30-ի սահմաններում, ծառայություն կատարելիս նկատել է մի խումբ երիտասարդների, որոնք բարձրաձայն հայհոյանքներ են տվել, վիճաբանել, քաշքշել ու հարվածել միմյանց:
«Միջադեպը կանխելու նպատակով Մ. Ն.-ն մոտեցել է նրանց ու նկատել, որ նշված վայրում գտնվող ստորգետնյա ավտոկանգառում մի քաղաքացի գազային ատրճանակից կրակոց է արձակում մեկ այլ քաղաքացու ուղղությամբ, որից հետո մի խումբ անձինք ծեծի են ենթարկել կրակոց արձակող քաղաքացուն:
Օգնության կանչելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին` համատեղ կանխել են միջադեպը, որի ժամանակ խուլիգանություն կատարող անձանցից 2-ը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դեպքի վայրից դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողներից մեկը փորձել է կանգնեցնել նրանց, սակայն վարորդն ավտոմեքենան վարելով վերջինիս ուղղությամբ` հարվածել է նրան և դադարեցրել ավտոմեքենայի ընթացքը»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Ըստ աղբյուրի` նշված վայրից բերման են ենթարկվել 1976 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն, 1983 թ. ծնված Արամ Ս.-ն, 1960 թ. ծնված Վարդան Ա.-ն, 1983 թ. ծնված Արմեն Մ.-ն, իսկ 1982 թ. ծնված Արմեն Մ.-ն, որի ուղղությամբ կրակ էր արձակվել, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակից կրակված 1 պարկուճ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Ձեռնարկվում են միջոցառումներ գազային ատրճանակը և խուլիգանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են Ոստիկանությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել