HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Գյուղատնտեսական համալսարանի այգին` շինհրապարակ «Քո օրերը չէ` քո ժամերն են հաշված»... ահաբեկում են «Ազգի» լրագրողին Մի քանի օր շարունակ թերթը ահազանգ էր ստանում ուսանողներից Աբովյան և Տերյան փողոցների միջև գտնվող նախկին Ղուկասյանի անվան այգում կատարվող տարօրինակ շինարարական աշխատանքների մասին: Տարածքում գտնվող 4 բուհերի` հատկապես Գյուղատնտեսական համալսարանի ուսանողների համար փաստորեն որպես campus ծառայող, հազվագյուտ ծառատեսակներով գեղեցիկ այգին ոչնչացվում է իսպառ: «Ազգի» թղթակիցը եղել է տեղում` ստուգելու ահազանգի իսկությունը: Պարզվել է` այգին պատսպարված է եղել երկու կողմից: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ կանգնեցվել էր աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի արձանը, որն այժմ մարդկանց հայացքից մեկուսացվել է Աբովյան փողոցի կողմից քաշված ամրափակ պարսպով, իսկ Տերյան փողոցի կողմում գտնվող փայտաշեն սրճարանն ընդհանրապես չի երևում` սահմանները կրկնապատկած կանաչ գույնի պարսպի հետևում... Չարդարացան Սպասումները, թե ապրիլի մեկից գազի սակագնի բարձրացումը չի հանգեցնելու գազալցակայաններում մեքենաների լիցքավորման գնի վրա, չարդարացան: Երեկ առավոտից գրեթե բոլոր գազալցակայաններում գազը զգալիորեն թանկացել էր: Մասնավորապես, այն բալոնները, որոնք մինչ այժմ լիցքավորվում էին 1800 դրամով, երեկվանից լիցքավորվում էին արդեն 2000 դրամով: Նույն համամասնությամբ թանկացել է նաև մյուս տարողունակության բալոնների լիցքավորումը: Սա առաջացրել է առաջին հերթին երթուղային տաքսիների վարորդների դժգոհությունը, ում գծատերերը թույլ չեն տալիս բարձրացնել ուղեվարձը: Թիվ 64 երթուղայինի վարորդները երեկ գործադուլ էին անում` բողոքելով ոչ միայն գազի գնի, այլ նաև գծատերերի սահմանած վարձի բարձրացումից: Վ. Այվազյանին ուզում են հեռացնե՞լ ՀՀԿ-ից Հավաստի աղբյուրների համաձայն` ՀՀԿ գործադիրի նիստում Վարդան Այվազյանին խիստ նկատողության արժանացնելով` հանրապետականները բավարարված չեն: Հիշեցնենք, որ խոսքը ՀՀԿ-Ծառուկյան բանավեճի ժամանակ Այվազյանի ցուցաբերած հանդգնության մասին է. նա պաշտպանել էր Ծառուկյանին: Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը խորհուրդ է տալիս նրան խստորեն պատժել Այվազյանին` ընդհուպ մինչև հեռացնել ՀՀԿ-ից այն հիմնավորմամբ, որ անհնազանդության ռեցիդիվ այս պայմաններում, որում հայտնվել է Սերժ Սարգսյանը, չի կարելի թույլ տալ, քանի որ օրինակի ուժը քիչ բան չէ: Իսկ ՀՀԿ-ում այդպիսի տրամադրություն ունեցողները, ըստ թերթի աղբյուրների, քիչ չեն: Ամեն դեպքում, ըստ նույն շրջանակների, Վարդան Այվազյանը լրջորեն անհանգստացած է , այն աստիճան, որ խորհուրդ տվեցին հարցնել նրա քարտուղարուհուց, թե վերջին շրջանում նա ինչ տեսք ունի և ինչպես է ելումուտ անում իր կաբինետ: Եվս մի բան` պարոն Այվազյանը վերջին շրջանում Միքայել Մինասյանին մերձ շրջանակների միջոցով ամեն կերպ փորձում է Սերժ Սարգսյանին հասցնել, որ ինքը մի բան է «կերել», որի ավելի քաղաքակիրթ հոմանիշը «ղալաթն» է: Իսկ ապառիկով զրպարտել հնարավոր չէ՞ «Հիմա ասում ենք` վճարիր և վիրավորիր»,- անդրադառնալով վիրավորանքի և զրպարտության «հոդվածներն» ապաքրեականացնելու թեմային` հայտարարել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «ՉԻ» - Սկզբունքն, իհարկե, ընդունելի է: Փաստորեն, պետական պաշտոնյաներին վիրավորելը կոնկրետ «ապրանք» է, որը կարելի է գնել: Վճարում ես և հաճույք ստանում: Խնդիրն այն է սակայն, որ գները ֆիքսված են, և «գնորդին» սակարկության հնարավորություն չի տրվում: Ինչու՞ չէր կարելի, ասենք, «բազար անելու» հնարավորություն տալ (ինչպես դա արվում է տոնավաճառներում), կամ ասենք, մեծածախ զրպարտությունների դեպքում կիրառել զեղչերի ճկուն համակարգ, իսկ «մշտական հաճախորդներին» անակնկալ նվերներ մատուցել: Կցանկանայինք ճշտել ևս մեկ հարց: Քանի որ սակագները բավականին բարձր են, հնարավո՞ր է արդյոք ինչ-որ մեկին վիրավորել կամ զրպարտել ապառիկով (պարզ ասած` տարաժամկետ վճարմամբ): Կամ գուցե հնարավոր է դա անել հիպոթեկային վարկավորմա՞մբ: Ի վերջո, պաշտոնյաներին վիրավորելու ծառայությունը Հայաստանում մեծ պահանջարկ կունենա: Մնում է, որ դա լինի վճարունակ պահանջարկ, և կառավարությունը պարտավոր է աշխատել այդ ուղղությամբ: Ադրբեջանական խելահեղություններից չեն վախենում «Ինքս սահմանամերձ տարածքի բնակիչ եմ և հավաստիացնում եմ, որ սահմանին ապրող ոչ մի հայ չի վախենում ադրբեջանական խելահեղություններից: Պատերազմից պետք է խուսափել, բայց անհրաժեշտ է նաև պատրաստ լինել պատերազմին: Այս գիտակցությունը մեզ ուժեղացնում է և ոգեպես, նաև գործնականում: Մեր թշնամին էլ գիտի, որ մենք պատրաստ ենք և ուժեղ ենք: Այս է պատճառը, որ միայն հոխորտում է ու սիրտ չի անում զենքի դիմել, քանի որ գիտի, նոր կորուստներից չի խուսափելու»,- թերթի թղթակցին ասել է Գագիկ Մելիքյանը: Ելքը մեկն է` համաձայնություն «Սոչի, Մայնդորֆ, Նյու Յորք, Փարիզ, Վիեննա, Ցյուրիխ, Մադրիդ, Աթենք... Ինչ հերթականությամբ ուզում եք դասավորեք, սրանք ավելի շուտ գրավիչ տուրիստական երթուղիներ են հիշեցնում, այնպես, որ մարդու նախանձ է շարժում: Իշխանության և ընդդիմության (ՀԱԿ) բանակցություններին որոշակի մի պահի պիտի միանա նաև արցախյան կողմը: Բոլորը խոսում են մեր անվտանգությանը սպառնացող մարտահրավերներից և պատերազմի վերսկսումից: Հասարակությանը ելքեր պիտի ներկայացվեն, լուծումներ, որին ինքը կարող է մասնակցել կամ որին գիտակից` չի խանգարի: Ելքը մեկն է` համաձայնությունը: Արցախի և Հայաստանի, Հայաստանի փաստացի իշխանության և փաստացի ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի միջև»,- «Առավոտի» հետ զրույցում մեր վաղվա օրվա իր տեսլականը ներկայացրեց Աշոտ Բլեյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter