HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Խնամատար ընտանի՞ք, թե՞ մանկատուն

Որդեգրումից բացի` խնամքի ձեւեր են նաեւ խնամատարությունն ու խնամակալությունը: Որդեգրումը գաղտնի, օրինական գործընթաց է (չնայած քիչ չեն դեպքերը, երբ կենսաբանական մայրն իր փողն է վերցնում որդեգիրներից): Վանաձորի մանկատնից որդեգրվում է տարեկան միջին հաշվով մինչեւ 12 տարեկան 6-7 երեխա: 2008 թվականին կատարվել է ինը որդեգրում (երկուսը` տեղափոխվել են արտասահման): Հայաստանցի եւ արտասահմանցի թեկնածուներից նախապատվությունը տրվում է մեր երկրացիներին: Նախընտրելի խնամքի ձեւը խնամակալությունն է. չէ՞ որ խնամակալներն, ամեն դեպքում, երեխայի հարազատ-բարեկամներն են, որոնց մոտ էլ նրանք հիմնականում վերադառնում են` մանկատնից դուրս գրվելով (2006-2007թթ. «ընտանիք» է վերադարձել երկու շրջանավարտ, 2008-ին` չորս): Խնամակալությունը թեեւ անհատույց է, սակայն Լոռու մարզի 15 խնամակալ ընտանիքներ, որոնց խնամյալները ԱԾխՄ կարգավիճակ ունեցողներ են, «Մեծ Ներսես» հիմնադրամից ստանում են ամսական 10 հազարական դրամ: Մինչդեռ խնամատարությունը պետական ծառայություն է: Խնամատարության համար սահմանված է ամսական մոտ 67 հազար դրամ (որից 27 հազարը` երեխայի ծախսի գումար, մնացածը` խնամատարի աշխատավարձ): Խնամատար ընտանիքի ինստիտուտը 2006 թվականին պիլոտային ծրագրով ներդրվեց Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում: Արդյունքում` հանրապետությունում ընտրվեց 20 ընտանիք (110-ից): Առաջիկայում նախատեսվում է դրանց ավելացնել եւս տասը: Սկզբում Լոռու մարզում կար 8 խնամատար ընտանիք` 9 երեխայով. (Վանաձորում, Գուգարքում, Վահագիում` մեկական երեխա, Մարգահովտում եւ Ստեփանավանում` երկուական): Մարգահովտում խնամատարության հանձնված Գեղամ եւ Գեւորգ Թորոսյաններից Գեւորգի` մանկատուն վերադառնալուց հետո մարզում խնամատար ընտանիքների թիվը դարձավ յոթ: Գեւորգը խնամատար ընտանիքում է հայտնվել երկու անգամ: Առաջին` Մարգահովտի ընտանիքում, Գեւորգը միեւնույն հարկի տակ ապրում էր իր նոր տատիկ պապիկի, ծնողների ու նրանց երկու երեխաների հետ: Ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը տնամերձ հողամասն էր եւ անասունները: Բայց հողագործական աշխատանքներին նա չի մասնակցել: «Դե այն ժամանակ ձմեռ էր»,- ասում է: Խոստովանում է, որ իրեն չեն շահագործել, չեն աշխատացրել, բայց իր հանդեպ խտրականություն, այնուամենայիվ, նկատել է. պատմում է, որ իր` դպրոցում եղած ժամանակ «մայրը» համեղ կերակուրները թաքուն տալիս է եղել իր երեխաներին: Նաեւ` շատ հաճախ խնամատարության համար տրվող գումարն այդպես էլ քաղաքից տուն չէր հասնում` պարտքերի դիմաց մնալով խանութում: Մարգահովտում Գեւորգն ապրեց չորս ամիս: Լոռու մարզի երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետ Նարեկ Սարգսյանը Գեւորգի վերադարձը պատճառաբանում է ընտանիքի սխալ ընտրությամբ: Նույն կարծիքին է նաեւ մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը. «Ընտանիքներին լավ չենք ընտրում, լավ չենք նախապատրաստում»: Մի՞թե սխալ էր ընտրված նաեւ երկրորդ ընտանիքը: Թվելով մի շարք պատճառներ` Գեւորգը չմոռացավ նաեւ գյուղին, գյուղական կյանքին հարմարվելու դժվարությունը. «Գյուղում ինձ դուր չէր գալիս»: Բայց նրա երկրորդ «ընտանիքը» Վանաձոր քաղաքում էր բնակվում: Եվ դժվար թե ծեր, միայնակ ամուսինները նրան որպես «օտարի» վերաբերվեին: Նրա հետդարձի պատճառը ընտանեկան ջերմության, ծնողական գուրգուրանքի կարոտն էլ չէր, ոչ էլ իդեալական ընտանիքի խաթարված պատկերացումը. Գեւորգի կենսաբանական հայրը 70 անց ծերունի է, հինգ երեխայի հայր: Ավագ որդին (նախկինում` դատված) անհետ կորած է: Երկրորդ կնոջից ծնված չորս երեխաներն ուղարկվել են մանկատուն: Ու դեռ գյուղապետի միջոցով էլ (քանի որ ինքը տառաճանաչ չէ գրի համար) հայտնել է, թե ցանկություն չունի տեսակցելու իր երեխաներին: Այն հարցին, թե ինչը դուր չեկավ Գեւորգին երկրորդ ընտանիքում, նա միայն թոթվեց ուսերը: Ապա ուշացած պատասխանեց.«Մանկատունը ձգում ա, լավն ա էստեղ. ռեժիմին սովոր եմ»: Եղբոր բախտն ավելի է բերել. Գեղամն արդեն 2,5 տարի է ապրում է իր նոր ընտանիքում, եւ թվում է`գոհ է: Խնամատար ընտանիքներում երեխաներն ապրում են մինչեւ չափահաս դառնալը: Բայց ընտանիքի անդամների հետ կապվածությունը նրանց հետագայում էլ կպահի այնտեղ: Երեխաներն իրենք էլ դա գիտեն: «Եղբայրս,- ասում է,- զորացրվելուց հետո էլ այնտեղ կապրի»: Ապա հպարտ-հպարտ շարունակում է. «Տունը նրան են տալու»: Ու դեռ ինքն էլ պատրաստվում է ապագայում տեղափոխվել եղբոր մոտ: Այդ դեպքում ի՞նչը ստիպեց Գեւորգին հրաժարվել ապագայի լուսավոր հեռանկարից, ինչու՞ մանկատու՞ն, թե՞ խնամատար ընտանիք երկվությունը նա լուծեց հօգուտ առաջինի: Ոմանք ասում են, որ նա մանկատուն է վերադարձել` պաշտպանելու այնտեղ մնացած քրոջն ու եղբորը նրանց վրա գործադրվող ճնշումներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter