«Կանաչ ապրելակերպ»` Հայաստանում
Ս/թ ապրիլի 1-14-ը «Երկրի Օր 2010 Հայաստան»-ի շրջանակներում տեղի է ունենալու ստորագրահավաք` ի աջակցություն «կանաչ ապրելակերպ»-ին Հայաստանում:
Ստորագրահավաքը նպատակ ունի առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը և խրախուսել մասնավոր սեկտորի կազմակերպություններին` որդեգրել «կանաչ ապրելակերպ» մասնավորապես`
• մեծացնել մեծ տարողունակությամբ և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների քանակը,
• նպաստել զտիչների արտադրության հիմնադրմանը ՀՀ-ում և նրանց օգտագործմանը տրանսպորտային միջոցներում,
• տրամադրել արտոնյալ պայմաններ վերամշակված արտադրանքի արտադրության խրախուսման համար` մասնավորապես վերամշակված թղթի արտադրման համար,
• խրախուսել այն առևտրական կազմակերպություններին, որոնք պոլիէթիլենային տոպրակներից անցում կկատարեն վերամշակված թղթից պատրաստված տոպրակներին,
• թղթի օգտագործումը նվազեցնելու նպատակով ներդնել և կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային ձևակերպման եղանակը,
• նվազեցնել ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործումը, խրախուսել բոլոր այն մասնավոր կազմակերպություններին, որոնք կորդեգրեն նույն քաղաքականությունը,
• աջակցել էներգիայի արտադրման այլընտրանքային (քամու և արևի) եղանակների ներդրման գործընթացին ՀՀ-ում,
• սահմանել ամենամյա մրցանակներ “կանաչ ապրելակերպ” որդեգրած կամ բնապահպանական շարժման մեջ ներդրում ունեցած կազմակերպություններին և մասնավոր անձանց:
«Օրհուս» կենտրոնի փոխանցմամբ` առաջարկվող քայլեր իրագործելու դեպքում կխթանվի «կանաչ ապրելակերպ»-ը և կբարելավվի էկոլոգիական իրավիճակի Հայաստանում, կմեծացնա մեր երկրի դերը և վարկանիշը համաշխարհային բնապահպանական շարժման մեջ:
«Երկրի Օր 2010 Հայաստան»-ի կազմակերպիչներն ու աջակիցներն են` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ն, Էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնները, Հայաստանի Ծառատունկ Ծրագիրը, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը, «Հայաստանի թռչունների պահպանման միություն» հ/կ-ն, «Կոնգրես» հյուրանոցը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, Բրիտանական Խորհուրդը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել