HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լոռեցիները խոսեցին, խոսեցին ու չվճռեցին

Երբ «Փրկության օր» հ/կ-ն հնչեցրեց զարմացական հարցը՝ մի՞թե Վանաձորում մինչ օրս չկա Մեծ լոռեցու արձանը, քաղաքի վերնախավը ոտ ու ձեռ ընկավ։ Հ/կ-ի նախագահ Դերենիկ Մովսիսյանը խայծը գցեց, ու ծայր առավ հերթական «ճառ ու զանգի» մի հորանջ։

Հավաքվեցին քաղաքի երեւելիները՝ իշխանավորներ, գիտնականներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ՝ քննելու Թումանյանի արձանն ունենալու անհրաժեշտության եւ տեղանքի ընտրության՝ երկու կարևոր հարցեր։ Եվ եթե առաջինն ընդունվեց ժողովականների ձայների բացարձակ մեծամասնությամբ, ապա մյուսի դեպքում լուծման որեւէ տարբերակ չգտնվեց։ Հարցը նույնիսկ չդրվեց քննարկման։ Ներկաները համակարծիք էին, որ Թումանյանի քարեղեն ներկայությունը թերեւս չէր խանգարի ոչ ոքի։ Հնչեցին նույնիսկ հայրենասիրական պաթոսով համակված խոսքեր։ Մասնավորապես, ըստ Խորեն Գասպարյանի (գրող-լրագրող-թարգմանիչ)՝ ավելորդ է խոսել Թումանյանի մեծության մասին. «Ոնց որ ասես երկիրը կլոր է»։ Նա ողջունելի համարեց այս նախաձեռնությունը:

«Մնում է միայն Թումանյանին հարիր քանդակ ստեղծել»,- ասաց նա։ Նախկին քաղկոմի առաջին քարտուղար Հայկ Օհանյանն էլ ավելացրեց. «Թումանյանի արձանը տեղադրելով՝ մեր պարտքը կատարած կլինենք պատմության առաջ»:

Նրանց խոսքերից ներշնչվեց նաև «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը. «Թումանյանից ավելի մեծ արժեք ո՞վ կա, ում արձանը կարելի է դնել։ Եվ ինչքա՞ն ենք մնալու առանց արձան»։ Երգիծաբան-լրագրող Սամվել Խալաթյանը (իր ու բոլոր ներկաների անունից) համակվել էր ամոթի զգացումով, որ ինչ-որ մի հ/կ է նկատել լոռեցիների պակասությունը։ Ի պատասխան՝ ներկաներից ոմանք վկայեցին, որ Թումանյանի արձանը կանգնեցնելու հարցը նորություն չէ. այն բազմիցս արծարծվել է տարբեր ատյաններում։ Մտահղացումը ծնվել է 1992 թ., երբ նախագծվեց ու կառուցվեց Թումանյանի հրապարակը։ Միայն թե «այն ժամանակ ֆինանսներ չկային»,- պատճառաբանեցին պաշտոնյա այրերը։

Ընտրությունը երկու հրապարակների միջեւ էր՝ գլխավոր՝ Հայքի եւ Թումանյան ու Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում գտնվող Թումանյանի հրապարակի։ Այս հարցի շուրջ ներկաների տեսակետները բաժանվեցին։ Մի մասի կարծիքով՝ արձանի ամենահարմար տեղը Հայքի հրապարակն է՝ նախկին Կիրովի արձանի փոխարեն։ «Հրապարակը պետական սեփականություն է, եւ իրավական տեսակետից այնտեղ պարտադիր պետք է արձան լինի»,- հարցի վերաբերյալ ճշտում մտցրեց մարզպետարանի աշխատակից Էդիկ Հովսեփյանը։

Գուցե թե ընդհանրապես հարկ չկա հրապարակում արձան կանգնեցնել։ Բայց միևնույն է, մի օր ծագելու է այս հարցը։ Եվ ներկաները դարձյալ վեր պարզեցին բռունցքները՝ նոր արձան կանգնեցնելու դեպքում դա կլինի միայն Թումանյանինը։ Այս դեպքում առաջ է գալիս անվանումների տարահնչյունություն՝ Թումանյանի արձանը՝ Հայքի հրապարակո՞ւմ։ Կամ էլ պետք է վերանվանվի նաեւ հրապարակը: Հնչեցին նաև կարծիքներ քաղաքը Թումանյանի անվամբ վերակոչելու մասին։ Բայց Թումանյան քաղաք արդեն կա, բացի այդ՝ քաղաքի վերանվանումը «թանկ հաճույք է, ֆինանսներ չկան»,- ասաց Էդիկ Հովսեփյանը։ Պատմաբան Սամսոն Քառյանը տեղեկացրեց, որ մի ժամանակ քննարկվում էր Հայքի հրապարակում Տիգրան Մեծի արձանը կանգնեցնելու հարցը. պետք է ճշտել՝ այն դեռևս ուժի մե՞ջ է, թե՞ ոչ։ Տեղանքի ընտրությունը պայմանավորող այլ գործոններ կան։ Օրինակ՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Չախմախչյանին մտահոգում էր արձանին ծաղկեպսակ դնելու անհարմարությունը։ «Ինչպե՞ս պիտի մոտենանք, ծաղիկ դնենք»,- հարցրեց նա։

«Իսկ Սասունցի Դավթի՞ն ով ա մոտենում»,- նրան հակադարձեց մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը։ Քննարկվեցին կառուցվելիք (կամ թե արդեն պատրաստի) արձանի չափերը։ Դա պիտի լինի մոնումենտալ գործ։ Բայց Հայքի հրապարակում կանգնեցվելու դեպքում այն կարող է լինել առնվազն 4մ՝ Կիրովի արձանի չափ։ Ավելի բարձր չի էլ կարող լինել. չէ՞ որ իր ճարտարապետական լուծումներով այն պետք է համաձույլ լինի շրջակայքի հետ։ Այս առումով Թումանյանի հրապարակն ավելի մեծ հնարավորություն ունի։ Այստեղ տեղանքը թույլ է տալիս կանգնեցնել մինչև տասը մետրանոց արձան։ Այն հարմար է նաեւ այլ առումներով. հրապարակը խաչմերուկում է, եւ հատվող փողոցներից մեկն էլ տանում է մեծ լոռեցու ծննդավայր։

Պարզվեց՝ մասնակիցներից հատկապես արվեստի ներկայացուցիչներն արդեն նիստից առաջ վճռել եւ նիստի ընթացքում միանշանակ պնդում էին, որ հենց այստեղ պետք է կանգնեցվի Թումանյանի արձանը։ Խոսվեց նաեւ քանդակի հեղինակի մասին։ Ո՞վ կարող է լինել նա։ Մի քանի պատվախնդիրներ պնդում էին, որ մրցույթը պետք է անցկացվի միայն վանաձորցի ճարտարապետների ու քանդակագործների միջեւ։ Նկարիչ Գեւորգ Առաքելը ավելացրեց, որ պետք է այնպես անել, որ ընդգրկի նաեւ Հայաստանից դուրս ապրող հայկական հատվածը. այնպես, որ իրենց մասնակցությունն ունենան Դավիթ Երեւանցու նման տաղանդավոր հայեր։ Ս. Խալաթյանը պնդում էր, որ պարտադիր պետք է մրցույթ հայտարարվի, ոչ մի դեպքում չպետք է տեղադրվի պատրաստի գործ։ Նկարիչ Արամ Նազարյանին կասկածելի թվաց արձանի մտահղացումն ընդհանրապես։

Այդ ինչպե՞ս հանկարծ նման բան ձեռնարկվեց. «Քանի՞ քանդակ ա դրվել վերջին տարիներին։ Ցո՛ւյց տվեք մի արժեքավոր քանդակ»։

Ս. Խալաթյանն ու նկարիչ Ա. Նազարյանը ընդհուպ իրենց կասկածը հայտնեցին Թումանյանի՝ արդեն պատրաստի արձանի մասին։ «Ես կասկածում եմ, որ ինչ-որ մեկն ուզում է արձանը ձթել մեզ վրա, կամ ինչ-որ մի բան կա»,- ասաց Ս. Խալաթյանը, իսկ վրդովված Ա.Նազարյանը բացեց խաղաքարտերը. «Լևոն Թոքմաջյանն էսքիզ ունի»։ Ու համոզված էր, որ խնդիրը պատմամշակութային արժեքի վերաբերյալ չէր, այլ «Թոքմաջյան Լևոնի քանդակի հարցն էր»։ Ի դեպ, վերջինիս նա «սպառված քանդակագործ» էր համարում եւ իբրև վկայություն բերում նրա «Արամ Մանուկյանի կիսանդրին ու Տիգրան Մեծի արձանը նախագահի նստավայրում»։ Ավելին՝ ըստ Նազարյանի՝ «չկա էն քանդակագործը, որ Թումանյան կերտի»։

Առաջարկվեց մրցույթի համար մարաթոն հայտարարել։ Մասնակիցների բորբոքված երևակայությունները ծնունդ տվեցին այլ հետաքրիր առաջարկությունների՝ քաղաքը գեղեցկացնել Թումանյանի հեքիաթների ճարտարապետական փոքր ձեւերով, Թումանյանի արձանի փոխարեն խմբաքանդակ կանգնեցնել եւ այլն։

Տեղանքի հարցը մեկամսյա ժամկետում դրվեց համաքաղաքային քննարկման։ Միայն թե այդպես էլ անորոշ մնաց՝ ինչպե՞ս է կատարվելու քվեարկությունը։ Սա 2009 թ. հուլիսն էր։ Երկրորդ քննարկմանն ամփոփվեցին մտավորականների կարծիքներն ու տեղական հեռուստաընկերությունների կողմից ժողովրդի շրջանում անցկացված հարցումների արդյունքները։ Մեծամասնությունը կողմ էր Թումանյանի արձանը համանուն հրապարակում կանգնեցնելուն։ Միայն գրողներն էին շարունակում պնդել, թե արձանի իսկական տեղը Հայքի հրապարակն է։

Երկրորդ նիստից որոշ ժամանակ անց՝ 2009 թ. հոկտեմբերի 2-ին, Լոռու մարզպետի անունից նամակ ուղարկվեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայտնում եմ ձեզ, որ Լոռու մարզպետարան առաջարկ-գրություն է ստացվել «Փրկության օր» հ/կ նախագահ պարոն Դերենիկ Մովսիսյանի կողմից առ այն, որ ազգային մեծություն Թումանյանի արձանը տեղադրվի Վանաձորում։ Այդ կապակցությամբ տեղեկացվել է հասարակությանը, անց են կացվել խորհրդակցություններ, առկա է դրական կարծիք։ Հայտնում եմ նաև, որ մեր քննարկումների արդյունքում մեծ մասամբ երաշխավորվում է արձանը տեղադրել բանաստեղծի անունը կրող հրապարակում»։

Ապա առաջարկվում էր համայնքի ավագանու առաջիկա նիստերից մեկում քննարկել եւ որոշում կայացնել արձանի տեղադրման վերաբերյալ։ Նամակից հետո անցել է հինգ ամիս, բայց Լոռու մարզպետարանի աշխատակիցներն անտրտունջ սպասում են համայնքի ղեկավարության պատասխանին։ Քաղաքապետի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, սակայն, հայտնեց, որ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների կողմից Թումանյանի արձանի վերաբերյալ որեւէ նախագիծ չի ներկայացվել, ուստի հարցը որեւէ նիստի օրակարգում չի ընդգրկվել։

Հարցին՝ ինչու՞ մարզպետարանը հետեւողական չի եղել իր հասցեագրած նամակին, մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը պատասխանեց. «Սպասում ենք նրանց քայլին»։ Իսկ թե ինչու էին քննարկումները մարզպետարանի նախաձեռնությամբ ծավալվում, Ա. Ռեւազյանը վկայեց. «Հասարակական կարծիք ձևավորելու խնդիր ունեինք»։ «Եթե քաղաքում ինչ-որ բան որոշվում է տեղադրվի, առաջին հերթին քննարկում է ավագանին և թույլտվություն տալիս։ Պետք է ավագանու համաձայնություն լինի, էսքիզներ լինեն։ Սա գործընթաց է, որ հաջորդականություն ունի։ Այդ հարցը նիստերի ժամանակ չի քննարկվել»,- ասաց Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը։

Ավելին՝ նա չի տեսնում արձանի տեղադրման անհրաժեշտություն. «Չեմ կարծում, որ պիտի տեղադրվի։ Հայքի հրապարակում պետք է խորհրդանշող բան լինի, պարտադիր չէ արձան։ Կարող է հավաքական կերպար լինել, քաղաքը, ազգը, պետությունը խորհրդանշող արձանախումբ կամ քանդակ։ Իսկ Թումանյանի արձանը կարելի է տեղադրել որեւէ զբոսայգում, նրա անունը կրող ինստիտուտի կամ դպրոցի բակում»։ Համայնքային և մարզային իշխանությունների անտեղյակությանն ի պատասխան` տեղեկացնենք, որ ավագանու նիստերից մեկում նիստի օրակարգի քվեարկության ժամանակ Թումանյանի արձանի հարցը ավագանու անդամների առաջարկությամբ հանվել է օրակարգից։ Գլխավոր պատճառը, թերևս, այն է, որ Վանաձորի ավագանին արձանի տեղադրման նախաձեռնությունը վերագրում է մարզպետարանին և վիրավորված է իրեն վերապահված երկրորդական դերի համար. «Ով որ նախաձեռնող ա եղել, հարցրեք նրան։ Մարզպետարանն իր նախաձեռնությամբ ա արել,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը։-Ընդհանրապես կարգով, օրենքով՝ արձանի տեղադրման թույլտվություն տալիս է ավագանին։ Պիտի դիմեին ավագանուն, որ չեն դիմել։ Քննարկումներին ավագանու անդամ չի եղել։ Իսկ հարցը ավագանու նիստում չի քննարկվել, որովհետև պատշաճ ձևով չի ներկայացվել ավագանուն, պատրաստ չի եղել քննարկման»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter