HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շեյխը կկառուցի գործարան եւ...եկեղեցի

Կոտայքի մարզի Արտավազ համայնքի նախկին ղեկավար Երվանդ Նալթակյանի ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է: Գյուղից 4 կմ հեռավորությամբ գտնվող տարածքում հոր եւ եղբոր հետ միասին ունի 2.5 հա վարելահող, որը մշակում է եւ ապահովում իր ընտանիքի ապրուստը:

Երվանդ Նալթակյանի եւ արտավազցի 136 գյուղացիների հողերը շուրջ մեկ ամիս առաջ ճանաչվել են «բացառիկ գերակա շահ», եւ շուտով այդ հողակտորները կվերցնեն գյուղացիներից: «Մեզանից այդ հողերը վերցնելը նշանակում է վերջ տալ անասնապահությանը եւ մեր ունեցվածքին: Դրանից հետո արդեն անիմաստ է լինելու այստեղ ապրելը»,- ասում է Ե. Նալթակյանը:

Կառավարության որոշման հետքերով

Կառավարությունը 2010 թ. փետրվարի 25-ի նիստում որոշել է Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմաններում «որոշ տարածքներ»` 85.1 հեկտար, ճանաչել «բացառիկ գերակա շահ»: Զեկուցողը եղել է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նախարարի տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ այդ տարածքում «բացառիկ գերակա շահ» ճանաչելու մասին որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման արդյունավետությամբ, որն էլ իր հերթին կարեւոր նախապայման է ՀՀ Կառավարության կողմից գերակայություն հայտարարված տարածքային համաչափ զարգացման ապահովման համար»: «Ելնելով Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման անհրաժեշտությունից` Կառավարությունը Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 85.1 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ եւ հիմնավորել իր որոշումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացում է ստացել, որ ներդրվելու է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բացվելու է 100-150 աշխատատեղ, շինարարությունն ավարտվելու է մեկ տարում»,- նշված հատվածը տեղ էր գտել Կառավարության կայքի այդ օրվա լրահոսում: Մինչդեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությամբ եւ կնիքով Կառավարության որոշման մեջ գյուղացիներից վերցվող գյուղատնտեuական նշանակության հողերի չափը 85.1 հեկտարից դարձել է 95.87549 հեկտար: Հողատարածքը հատկացվել է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին:

Հապճեպ որոշում` հօգուտ շեյխի, իսկ ովքե՞ր են շեյխի հայաստանցի գործընկերները

«ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի մասին ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` «Հետքին» տրամադրած տեղեկանքում նշվում է, որ այն գրանցվել է 2010 թ. փետրվարի 25-ին: Այսինքն` նույն օրը, երբ Կառավարությունը կայացրել է «բացառիկ գերակա շահի» մասին որոշումը եւ հողատարածքը հատկացրել նշված ընկերությանը: Կառավարության արձանագրային բաժնի պետ Լարիսա Կարապետյանը պարզաբանեց, որ նախքան Կառավարության նիստը եւ որոշման ընդունումը, որոշման նախագիծն անցնում է Կառավարության համապատասխան վարչության, աշխատակազմի ղեկավարի ձեռքի տակով, քննարկվում է նախանիստում, ուղարկվում է վարչապետին, ետ է գնում նախարարության համապատասխան բաժին, որտեղից բերվել է, անցնում է Արդարադատության նախարարության փորձաքննությունը եւ միայն նոր մտնում նիստի օրակարգ: Թե ինչպե՞ս է ընկերությունը կարողացել «գերակա շահով» հողատարածքներ ձեռք բերել իր գրանցման օրը, անհասկանալի է: Եթե այն դեռ գոյություն չուներ, ինչպե՞ս է անցել բոլոր ընթացակարգերը: Որպես «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի հիմնադիր պետռեգիստրի տեղեկանքում նշվում է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ» ԲԸ-ն («A & M Investment»), որը գրանցված է Լյուքսեմբուրգում: Ընկերության միակ բաժնետեր նշվում է «Լuxembourg International Consalting» (Interconsult) ԲԸ-ն: Interconsult-ը կառավարվում է լյուքսեմբուրգյան իրավաբանների կողմից, որի համահավասար ղեկավարներ են Դ. Բենվիսուտոն եւ Ֆ. Մանթին: Այս կառույցը Լյուքսեմբուրգում հայտնի է ոչ թափանցիկ ընկերությունների հիմնադրմամբ: «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարը Արամ Աբրահամյանն է: Նա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդին է: Իսկ պատգամավորը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է:

Թե ինչպես է պատգամավորը «ճղել կոշիկները»

Մեր փնտրտուքը` գտնելու «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերության գրասենյակը, մեզ տարավ Սովխոզային 1 հասցեում գտնվող Ադամանդի գործարան, որը պատկանում է Գագիկ Աբրահամյանին: Նրա որդու` Արամ Աբրահամյանի հետ զրուցել չհաջողվեց: Գործարանի մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները մեզ փոխանցեցին, որ նա Հայաստանում չէ, մեկնել է Ռուսաստան:

Փոխարենը պարզաբանումներ տվեց նրա հայրը` Գագիկ Աբրահամյանը: Ըստ պատգամավորի` որդուն արտասահմանյան ընկերությունն է նշանակել գործադիր մարմնի ղեկավար: Մեր հարցին, թե ովքե՞ր են այդ ընկերության սեփականատերերը, պատգամավորը սկզբում խուսափեց պատասխանել, ասաց, թե տեղյակ չէ. «Չգիտեմ, որ իմանամ կասեմ, տերը արտասահմանյան ընկերություն է: Տենց հարցեր չեն տալիս,- խորհուրդ տվեց պատգամավորը,- ոնց որ հարցնեմ` Ձեր կոստյումն ի՞նչ արժե: Գործադիր մարմնի ղեկավարն իմ որդին է, իրենք են շփվել, ինքը ճանաչում է տերերին, տերերը Սաուդյան Արաբիայից են, բայց ովքե՞ր են կոնկրետ` չեմ կարող ասել»:

«Այսինքն` Դուք տեղյակ չեք» հարցին պատասխանեց. «Ես տեղյակ եմ, բայց իրավունք չունեմ ասելու: Այսինքն` այն մարդիկ են, որոնք մեծ գործարան են կառուցելու, քաղաք են սարքելու: Կառավարության հետ պայմանավորվել են, որպեսզի լինի շշալցման գործարան` ջրերի արտահանման վրա: Հայաստանում մի շիշ չի վաճառվելու, միայն արտահանման համար է լինելու: Մենք ասում ենք, որ մեր ջրերը արտահանվում են, բայց մինչեւ հիմա ոչ մեկը նույնիսկ մի շիշ չի արտահանում»,- պարզաբանեց Գագիկ Աբրահամյանը: Ըստ նրա` ջուրն արտահանվելու է Եվրոպա եւ արաբական երկրներ: Գագիկ Աբրահամյանը բացառեց հայ պաշտոնյաների կամ գորրծիչների մասնակցությունը այս գործարանի ստեղծմանը: «Միայն օտարերկրացիներ են»,- հավաստիացրեց նա: Զրույցի ընթացքում պարզվեց, որ Գագիկ Աբրահամյանը ճանաչում է արտասահմանցիներին: Ավելին, որդին գործադիր մարմնի ղեկավար է նշանակվել, քանի որ ինքն է բերել այդ արտասահմանցիներին. «Ստացվել է, որովհետեւ այդ մարդկանց ես եմ բերել, իմ ընկերներն են, Սաուդյան Արաբիայի շեյխն է: Իհարկե ճանաչում եմ, ես եմ նրանց առաջինը Հայաստան բերել, դիմավորել, ընդունել»: Այդուհանդերձ, Գագիկ Աբրահամյանը հրաժարվեց շեյխի անունը նշել. «Կառավարությունից հարցրեք, եթե նպատակահարմար լինի, կասեն»: Ինչպես պատգամավորը շեշտեց, գործարանը մեկ հոգի է շահագործելու` շեյխը:

Պատգամավորը վստահեցրեց, որ գյուղացիներից ոչ մեկը չի մշակում այդ հողերը եւ խոստովանեց, որ ինքն արդեն մեկ տարի է Արտավազ գյուղ է գնում, անձամբ զննել է տարածքը. «Ոչ մի հատ հող էնտեղ չի մշակվել, ես գնացել հատ-հատ տեսել եմ, կոշիկներս էլ ճղել եմ, մեծամասնությունը չգիտեն էլ, որ հող ունեն այնտեղ»: Այդուհանդերձ, Գագիկ Աբրահամյանը միչեւ վերջ չկողմնորոշվեց, թե, ի վերջո, ընկերությունը քանի սեփականատեր ունի: Նա պնդեց, որ ինքը ճանաչում է միայն Սաուդյան Արաբիայի շեյխին: «Էդ մարդկանց բերել ենք, տեսել են, համոզել ենք: Թե սեփականատերերն ովքե՞ր են` ես չեմ կարող ասել: Կարող է 2-3 հոգի են, ես չեմ կարող ասել: Կարգին գործ է արվելու, Արտավազ գյուղը դառնալու է քաղաք, շենանալու է»,-խոստացավ պատգամավոր Գ. Աբրահամյանը:

Գյուղացիները չեն ուզում հանձնել հողերը

(Արտավազ, 2010 թ. մարտի 23) Արտավազ գյուղում վերջին մեկ ամսվա ընթացքում խոսակցությունների եւ քննարկումների հիմնական թեման հողերն ու դրանց փոխհատուցումն է: Պարզվեց` Կառավարության որոշման մասին գյուղացիները քիչ բան գիտեն: Մեզ հետ զրույցում նրանք նշում էին, թե չեն ցանկանա, որ իրենց հողերը ճանաչվեն «գերակա շահ», քանի որ այդպիսով գյուղացիները զրկվելու են իրենց ապրուստի հիմնական միջոցից: Արտավազ գյուղ մեր այցելության ընթացքում գյուղացիները հավաքվեցին եւ սկսեցին պատմել ու դժգոհել Կառավարության որոշումից:

Արտավազի նախկին համայնքապետ Երվանդ Նալթակյանի համոզմամբ` Կառավարության որոշումը, թե իբր «բացառիկ գերակա շահ» ճանաչված տարածքի վրա քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարան է կառուցվելու, այնքան էլ արժանահավատ չէ: Այդ տարածքի հարեւանությամբ ներկայումս կառուցվում է «Մարմարիկ» ջրամբարը: Գյուղացիներն ասում են, որ հսկայական տարածքը վերցնում են, որպեսզի ջրամբարի կողքին հանգստյան գոտի կառուցեն` հյուրանոցներով ու զվարճանքի վայրերով: Ե. Նալթակյանը նույնպես այդ կարծիքին է, քանի որ նշված տարածքում նախկինում եղել է ջրերի շշալցման գործարան, իսկ ներկայումս այն պարապուրդի է մատնված: Նախկին համայնքապետի խոսքերով` եթե նպատակը միայն գործարանի կառուցումն է, ապա կարող են եղած գործարանը աշխատացնել եւ գյուղացիների հողերին ձեռք չտալ: «Տարածքը, որ մեզնից պետք է վերցնեն, ջրերի հետ կապ չունի: Մեր հողերը հեռու են քաղցրահամ եւ հանքային ջրերի աղբյուրներից: Իրենց նպատակը բոլորովին այլ է»,- համոզված է Արտավազի նախկին ղեկավարը: Ե. Նալթակյանի ասելով` Կառավարությունը մոտ 95.9 հա տարածք վերցնում է միայն գյուղացիների սեփական հողերից, սակայն «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին հատկացվելու է ընդհանուր առմամբ 1200 հա, որից 400 հա-ն համայնքային նշանակության հողեր են, իսկ 700 հա-ն` պետական ֆոնդի, որոնք այժմ գյուղացիները որպես արոտավայր են օգտագործում: Երվանդ Նալթակյանը նաեւ տեղեկացրեց, որ «բացառիկ գերակա շահ» համարվող տարածքում մի քանի «թիկունքով» մարդիկ սեփական հողատարածքներ ունեն, որոնց հողերին ձեռք չեն տվել, ինչպես պարապուրդի մատնված գործարանի տիրոջ տարածքին: Նրանց հողերը շրջանցվել են, եւ «բացառիկ գերակա շահ» է ճանաչվել միայն սովորական գյուղացիների հողերը: Արտավազում շուրջ 44 ընտանիք այդ տարածքում բանջարանոցի համար հողակտոր է ստացել: Նրանք տնամերձ հողամաս չունեն, եւ 1000-ական քմ հատկացվել է հենց մշակության համար:

Արտավազցի Վրեժ Խաչատրյանը «բացառիկ գերակա շահ» ճանաչված տարածքում 1.6 հեկտար խոտհարք ունի եւ չի ուզում դրանից զրկվել, քանի որ այլեւս անհնար կլինի անասուններ պահել: Բացի դրանից, նա մտածում է նաեւ իր զավակների մասին, ովքեր զրկվելու են հողից: «Լավ, ասենք ես հողը ծախեցի, այդ փողով տարա ավտոմեքենա առա, քշեցի, լավ շորեր առա հագա, բա էգուց իմ երեխեն ի՞նչ անի: Եթե վերցնում են, պիտի շուկայական գներով հաշվեն ու մեզ փոխհատուցեն, որ գնանք գոնե ուրիշ տեղ հող առնենք»,- ավելացրեց Վրեժը: Նա չգիտի, թե ինչպես են փոխհատուցելու եւ ինչ գնով: «Միայն լսել ենք, որ հատկացվել են Արաբական Միացյալ Էմիրություններից մի շեյխի: Եթե այդ հողերի համար նորմալ գին տան, ես համաձայն եմ, որ իմ հողը վերցնեն: Եթե չնչին գներով վերցնեն, ոչ մեկին էլ ձեռք չի տա»,- ավելացրեց Վ. Խաչատրյանը:

Ռաֆիկ Գրիգորյանի հողատարածքներից Կառավարությունը «գերակա շահ» է ճանաչել 1000 քմ վարելահող: «Եթե ինձ վճարեն այնքան, որ կարողանամ դրանով գերեզմանիս քարի փող դզեմ, կվաճառեմ»,- ասում է Ռաֆիկ պապը: Նա պատմում է, որ նույն իրավիճակում հայտնվել էին նաեւ մի քանի տարի առաջ, երբ սփյուռքահայ մեծահարուստ Բաղտ Սիրգիս-Լեոնարդը գնեց գյուղի հողերի զգալի մասը, ոչ մի ներդրում չարեց, ոչ էլ մշակեց, սակայն մինչ օրս չի թողնում, որ գյուղացիներն իրենց անասուններն այդ տարածքում արածեցնեն: «Այդ ժամանակ Կառավարությունից մեկը չեկավ` իմանար, որ հող ծախող մարդիկ փողի կարիք ունեն, խեղճացած իրենց հողերը ծախում են, որովհետեւ երեխեքի ուսման վարձ պիտի վճարեն, դպրոցի շորեր առնեն եւ այլն: Արդեն այդ հողերը ծախել ենք ու հիմա արոտավայր չունենք, անասուն չենք կարողանում պահել: Նույնն էլ հիմա են անում, բայց արդեն զոռով են վերցնում»,- ասում է Ռաֆիկ պապը: Նրա խոսքերով` գյուղացիների մոտ կեսն արդեն անասուն չի պահում, որովհետեւ արոտավայր չկա: Արտավազ գյուղում ոչ ոք հստակ չգիտեր, թե հողերն ինչ նպատակով են վերցնում: «Խմելու ջրի մեծ կայան են կառուցում, մաքուր ջուր կլինի, կխմենք»,-այսպես գիտեր գյուղացիներից մեկը: Նա իր անունը չնշեց` պատճառաբանելով, թե չի ցանկանում «վերեւների հետ» խնդիրներ ունենալ:

Ժենյա Շահնազարյանի 1000 մետր վարելահողը ու 4000 մետր խոտհարքը եւս «գերակա շահի» տարածքում են: Նա էլ գյուղում այլ հող չունի: «Հիմա ժողովուրդը կարիքի մեջ է, գյուղ տեղ է, աշխատանք չկա, մի քիչ գումար կտան, մարդիկ հողերը ստիպված կտան: Կոնկրետ մեզ գումար պետք չի, մեզ հողն է պետք: Երեխեք ունենք, էգուց կմեծանան, կարող է այն ժամանակ ծախեմ մի դարդ ու ցավ հոգամ: Ո՞վ է եկել իմ կարծիքը հաշվել` ես մշակելու հող ունե՞մ, թե՞ չունեմ, որ իմ ձեռքից վերցնում են: Կառավարությանը հետաքրքիր չեն նման բաները, իրանց պետք է, որ ծախեն»,- ասաց Ժենյա տատի հարսը` Հասմիկ Շահնազարյանը: 1000 մետր կարտոֆիլի ցանքատարածություն ունի նաեւ Գուրգեն Ղազարյանը: Նա եւս չի ուզում իր հողերը տալ նույն պատճառով` եկամտի այլ աղբյուր չունի: «Էլ ի՞նչ իմաստ ունի գյուղում ապրելը»,- ասում է Գուրգենը եւ խոստովանում, որ որքան էլ փոխհատուցման գումարը մեծ լինի, դրանով կկարողանա գոյատեւել 2-3 տարի: «Իսկ հետո՞,- հարցնում է նա,- հետո ի՞նչ անեմ»:

Փոխհատուցումը շուկայական գնով կլինի՞

Արտավազի համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանը կարծում է, որ գյուղի զարգացման համար «սա շատ լավ գործ է»: Չնայած` դեռ պարզ չէ գյուղացիների հողերի փոխհատուցման արժեքը: Համայնքապետն ասում է, որ հողերը գնահատվելու են շուկայական գնով` գումարած 15%: Հողի արժեքը պետք է որոշեն փորձագետները: Հարցին, թե մոտավորապես որքա՞ն արժե այդ տարածքում գտնվող 1 հեկտարը, Ռեմ Հովհաննիսյաննը պատասխանեց, որ շուկայական գինը տատանվում է 3-5 հազար դոլարի սահմաններում. «Հիմա որ գնահատողները գան, ինձ թվում է` ավելի բարձր կգնահատեն»: Համայնքապետը նաեւ նշեց, որ պայմանավորվածություն կա` ցանկացողները կարող են գյուղին ավելի մոտ տարածքներից հող վերցնել, նույնիսկ վարելահող: Նա փաստեց, որ գյուղացիների 90%-ը (գյուղում 164 տուն կա` 1100 բնակչով) «գերակա շահ» ճանաչված տարածքում հող ունի, այդ թվում` նաեւ ինքը: Սակայն Կառավարության որոշման մեջ 136 գյուղացիների ցանկում իր անունը չկա: Թե որքա՞ն հավելյալ հողատարածք պահուստային ֆոնդից կհատկացվի նախատեսված գործարանի համար, համայնքապետի խոսքերով, կորոշվի աճուրդի ժամանակ:

Քաղցրահամ ջրերի նախկին գործարանը, Ռեմ Հովհաննիսյանի մեկնաբանմամբ, չի շահագործվում, այլ կառուցվում է նորը, քանի որ դա նշված գործարանի սեփականատիրոջ որոշումն է: Թե ինչու՞ նախկին համայնքապետի մատնանշած աղբյուրների շրջակայքը չի մտել «գերակա շահ» ճանաչված տարածքի մեջ, մեկնաբանում է Ռեմ Հովհաննիսյանը. «Աղբյուրները ոչ թե երկուսն են, այլ` շատ: Լրիվ վերցնում են, աղբյուրներն էլ են վերցնում: Գյուղացիների հողերը վերցնում են` զոնա են սարքելու, որ անասունները չմոտենան»: Եթե գյուղացիներին չբավարարի իրենց հողամասերի համար առաջարկված գինը, որպես միակ ճանապարհ համայնքապետը մատնանշում է դատարանը: «Էդ մարդը լուրջ ներդրում է ուզում անել, ոչ միայն հանքային ջուր արտադրի, այդտեղ հսկայական քաղցրահամ ջրեր են արտադրելու,- մանրամասնեց համայնքապետը եւ խոստովանեց,- շեյխը կարող է ներդրում անի, բայց Հայաստանի մարդ է դա անողը: Թե ո՞վ է «Հայաստանի մարդը», համայնքապետը խուսափեց պատասխանել` հղում կատարելով Կառավարության որոշմանը. «Կառավարության որոշման մեջ ընկերությունը նշված է, ես չգիտեմ, թե ով է այդ ընկերության տերը, իմ մոտ հլա չեն եկել»:

Հ.Գ. Մեր տեղեկություններով` այս գործարքում ներգրավված են հայաստանցի այլ պաշտոնյաներ եւս: «Բացառիկ գերակա շահի» «շահառուներին» եւ արտասահմանյան ընկերության բաժնետերերին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter