82-ամյա ծերունին ընդդեմ «Էներգացանցշինի»
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի 82-ամյա բնակիչ Աղաբեկ Սահակյանը քայլում է կռացած, երկու ձեռնափայտի հենվելով: Ժամանակին հաշմանդամության երկրորդ կարգ է ունեցել, սակայն, իր խոսքերով, բժշկական փորձաքննական հանձնաժողովին «վերաբերմունք» չցուցաբերելու համար զրկվել է հաշմանդամության կարգից: Այս ընթացքում նրա առողջությունն ավելի է վատացել: 5 զավակներից (3 տղա եւ 2 աղջիկ) միայն մի որդին է Երեւանում բնակվում, մնացածը Ռուսաստանում են:
Աղաբեկը Բաղանիսի իր երկհարկանի տանը ապրում է 80-ամյա կնոջ` Ռիմայի հետ, ով նույնպես վատառողջ է, ձեռնափայտով հազիվ է տեղաշարժվում: Աղաբեկին հաճախ կարելի է տեսնել Երեւան կամ Իջեւան մեկնող միկրոավտոբուսներում. չնայած առողջական ծանր վիճակին` դատական կարգով պայքարում է իր տանը պատճառված վնասի փոխհատուցումը ստանալու համար: 2006-2007 թթ. պետբյուջեի 700 մլն դրամ ֆինանսավորմամբ կառուցվեց Բաղանիս-Ոսկեպար նոր, սահմանաեզրը շրջանցող, 6.3 կմ երկարությամբ ճանապարհը: Այս ճանապարհի ոչ միայն գործարկման ժամկետը խախտվեց, այլեւ` նախահաշիվը: Քաղաքակիրթ երկրներում շահագործման ժամկետը խախտելու համար շինարարությունը կատարած ընկերությանը տուգանում են, իսկ Հայաստանում... 2007 թ. սեպտեմբերի 27-ին Կառավարությունը որոշեց լրացուցիչ 67 մլն 962 հազար դրամ հատկացնել շրջանցիկ ճանապահը կառուցող «Էներգացանցշին» ԲԲԸ-ին: Ընկերության անունը հուշում է, որ այն էներգացանց եւ ոչ թե միջպետական ճանապարհ պիտի կառուցեր: Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհի շինարարությունից զատ, հիշյալ ընկերությունը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի» շրջանակներում, ավելի քան 300 մլն դրամով, նորոգեց Կողբ-Զիկատար 10 կմ ճանապարհը, նաեւ կառուցապատեց Հայաստան-Վրաստան սահմանագծի 25 կմ հատվածը: Այս գործերը հիշատակում ենք, որպեսզի պատկերացնեք, թե ինչ ընկերության հետ է դատական վեճի մեջ մտել բաղանիսցի հաշմանդամ ծերունին: Աղաբեկն իր տանը պատճառված վնասների համար դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, դատախազություն, ոստիկանություն եւ դատարան:
Վանաձորի «Է. Ապրեսյան» ՍՊԸ-ն, որպես անկախ փորձագետ, ներկայացրել է Բաղանիս գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 3 հասցեում գտնվող Սահակյանների տանը պատճառված վնասը: Ընկերությունն արձանագրել է, որ շրջանցիկ ճանապարհը կառուցելու ընթացքում եւ շինարարության ավարտից հետո անձրեւաջրերը եւ հալոցքներից առաջացած ջրերը ներթափանցել են Աղաբեկ Սահակյանի կիսանկուղային հարկ` թուլացնելով տան հիմքերը եւ պատերը: Առկա են նաեւ նստվածքային երեւույթներ: Դրա հետեւանքով տան պատերի վրա առաջացել են ճաքեր եւ ճեղքեր:

Ճանապարհաշինության ժամանակ կատարվել են պայթեցման աշխատանքներ, որոնք ազդել են տան պատերի վրա, կիսով չափ քանդվել են տան եւ մառանի պատերը, ու դրանց հիմքերը թուլացել են այնքան, որ ենթակա են ամրացման: «Է. Ապրեսյան» ընկերությունը ամրացման աշխատանքների ծախսը հաշվարկել է 1 մլն 290 հազար դրամ: Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, միջպետական նշանակության ճանապարհի օտարման գոտում գտնվող տարբեր նշանակության հողատեսքերի, բնակելի տների, օժանդակ կառույցների վնասների հատուցման նպատակով Կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ հատկացվել է 35.5 մլն դրամ, որը բնակիչներին տրամադրվել է 2006 թ. դեկտեմբերին: Աղաբեկ Սահակյանի 350 քառակուսի տնամերձի համար, որը ունեցել է 30 մրգատու ծառ (դրանք հատվել են), հատկացվել է 300 հազար դրամ:
Աղաբեկը մի քանի անգամ հանդիպել է «Էներգացանցշին» ԲԲԸ խորհրդի նախագահ Լավրենտ Միքայելյանի, գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանի հետ: 2007 թ. Երեւանում Աղաբեկ Սահակյանը համագյուղացիներ Բենիկ Շահնազարյանի, Արամայիս Հարությունյանի հետ, ովքեր նույնպես դժգոհ էին փոխհատուցման չափից, հանդիպել է Լ. Միքայելյանի հետ` վերջինիս կաբինետում, սակայն հարցը լուծում չի ստացել: Միջպետական ճանապարհի շինարարությունից զատ, իր նախաձեռնությամբ, իբրեւ բաղանիսցիներին նվիրատվություն, Վահե Պետրոսյանը Սահակյանի տան հետնամասով դեպի մոտակա թաղամաս տանող ճանապարհ է կառուցել: Դրա հետեւանքով թեքության վրա կառուցված ճանապարհից հոսող ջուրը հետնամասից լցվել է Սահակյանի տան հիմքերը: Աղաբեկն ընդվզել է այդ շինարարության դեմ:
«Վ. Պետրոսյանը մեր համագյուղացիների ներկայությամբ ինձ ադրբեջաներեն հայհոյեց: Ես նրան ասացի` որպես պահակ, Բաղանիս գյուղի սահմանը 40 տարի անխախտ պաշտպանել եմ ադրբեջանցիներից, սակայն նրանցից ոչ մեկը ինձ չի հայհոյել, իսկ դու...,»- հիշում է Աղաբեկը: Ծերունին պատմում է, որ իր առանձնատան դիմաց, շրջանցիկ ճանապարհին, հին կամրջի փոխարեն նոր կամուրջ կառուցելիս շինարարները քարը, գոմաղբը, այլ աղբը լցրել են տնամերձում գտնվող անասնագոմի առաջ, որի հետեւանքով 2.5 մ խորությամբ լճակ է առաջացել: 2007 թ. ապրիլին այդ լճակում խեղդվել է Սահակյանների ծանրած կովը: Կենդանու սատկելու կապակցությամբ Աղաբեկը ոստիկաններ է կանչել, համապատասխան արձանագրություն է կազմվել: Աղաբեկ Սահակյանը, որպես տանը պատճառված վնասի հատուցում, 1 մլն 290 հազար դրամ բռնագանձելու պահանջով դիմել է դատարան: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր` Ռ. Վարդազարյան) մերժել է Սահակյանի հայցը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Աղաբեկ Սահակյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռադիկ Պապյանը վերաքնննիչ բողոք է ներկայացրել:
Փաստաբանը միջնորդել է պետական տուրքի վճարումը հետաձգել, քանի որ Աղաբեկ Սահակյանը նյութապես անապահով վիճակում է, զուրկ է պետական տուրք վճարելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանի 2009 թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է հայցվորին` բողոքում տեղ գտած թերությունները վերացնելու եւ այն կրկին ներկայացնելու համար: Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ Աղաբեկ Սահակյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել: Այս տարվա հունվարի 29-ին Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի որոշումը վերանայել է, եւ մարտի 5-ին գործը ուղարկվել է վերաքննիչ դատարան: Վճռաբեկ դատարանը որոշել է Աղաբեկ Սահակյանի շահերի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել եւ հետաձգել հայցվորի կողմից պետական տուրքի վճարումը:
Ապրիլի 7-ին վերաքննիչ դատարանում կկայանա Աղաբեկ Սահակյանի տանը պատճառված վնասի հատուցումը բռնագանձելու հայցով դատավարությունը: Աղաբեկն իր առանձնատան վնասներից զատ այլ վնաս էլ է կրել: Նրա սեփականաշնորհված հողամասում թափված են շրջանցիկ ճանապարհի շինարարության ժամանակ գետնի երես ելած քարերը, որոնք շինարարները հրել-գցել են վարելահող: Սակայն նա սրա, ինչպես նաեւ խեղդված կովի համար փոխհատուցման պահանջ չի ներկայացրել: Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը բազում թերություններով է կառուցվել, ասֆալտի ծածկը մի քանի տեղ քայքայվել է, որոշ հատվածներում այն «կարկատել են»:
Շրջանցիկ ճանապարհը երբեւէ բանուկ չի եղել եւ հիմա էլ բանուկ չէ, հողի սողանքի հետեւանքով երկու տեղ փլվածք առաջանալուց հետո այժմ այս ճանապարհով օրական հազիվ մի քանի մեքենա է անցնում: Շրջանցիկ ճանապարհի օգուտը ժամանակը ցույց կտա, իսկ Աղաբեկ Սահակյանի տանը շինարարների պատճառած վնասն ակնհայտ է: Աղաբեկը ցույց տվեց իր տնամերձում գտնվող գոմի առաջ երբեք չչորացող ճահիճը, շրջանցիկ ճանապարհի շինարարության ընթացքում պայթեցումներից քանդված մառանի պատը, առանձնատան առաջին հարկի խոնավ պատերը, տան խարխլված հիմքերը: Խորհրդային տարիներին, որպես ուղղամիտ մարդ, Աղաբեկն ընդվզում էր կաշառակեր ղեկավարության, ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղարի դեմ` չվախենալով ամենազոր թվացող քարտուղարին հիշեցնել, որ վերջինիս դիրքը հավերժ չէ, որ «պաշտոնը էշի փալան է` այսօր մեկի վրա է, վաղն` ուրիշի»: Սակայն սահմանադրությամբ ժողովրդավար եւ սոցիալական հռչակված մեր երկրում էլ արդարության ճամփան տատասկոտ է, հայոց դատարանների վճիռներն էլ` անկանխատեսելի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել