«Գեղի ակումբումը նարդի խաղացող է աշխատում»
Լոռու մարզի Աքորի համայնքի համայնքապետ Կամո Սիմոնյանի կողմից համայնքին Պետբյուջեից հատկացված բնապահպանական սուբվենցիաների վատնումների և յուրացումների մասին «Հետքը» ահազանգել է դեռ 2008թ.-ի օգոստոսի 18-ի «Գյուղական բյուջեներ, ինչու են դրանք վերահսկողությունից դուրս» հրապարակման մեջ:
Շուրջ 6 ամիս անց` 2009թ.-ի մարտի 9-ին Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը թերթին տված «Ինչու է ձևավորվում «որ գրում եք, ինչ է փոխվում» կարծիքը» վերնագրով հարցազրույցում, Աքորիի համայնքապետի վատնումների և յուրացումների շուրջ դատախազության ձգձգվող գնահատականները պատճառաբանել է փորձագետների ծանրաբեռնվածությամբ. «Ինչ վերաբերում է Աքորիին, թերթի հրապարակումն անմիջապես ուղարկվել է նախաքննական մարմին` նյութեր նախապատրաստելու: Ես պաշտոնապես հայտնում եմ, որ Աքորիի գյուղապետի գործը դեռ փակված չէ, փորձաքննության ընթացքի մեջ է»,- հարցազրույցում ասել է պ. Շահբազյանը:
Դատախազի այս հայտարարությունից անցել է մեկ տարի 22 օր: Այս տարվա մարտի 31-ին «Հետք»-ը փորձեց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանից տեղեկություն ստանալ Աքորիի համայնքապետի յուրացումների նախաքննության արդյունքներին մասին. «Կամո Սիմոնյանի յուրացումների փաստի առթիվ դատախազությունում քրեական գործ է հարուցված, իսկ նախաքննությունը փորձաքննության ընթացքի մեջ է»,- այս անգամ էլ պատասխանեց մարզային դատախազը: Թե դեռ որքան կշարունակվի փորձաքննությունը, դատախազը չասաց:
Հիշեցնենք, որ Աքորիում «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության 40մլն. դրամ ծրագրով 2005թ.-ին կառուցվել է «Աքորի-Սեդվի» ոռոգման ջրատարը, որը այսօր ծառայում է ընդամենը, գյուղի «Հագվի» կոչվող թաղամասի մի քանի ընտանիքների տնամերձերի ոռոգմանը: 2007թ.-ին համայնքի բյուջեից ծախսվել է գյուղի տնկարանի համար նախատեսված 2,2մլն. դրամ և ֆուտբոլի դաշտի հարևանությամբ ոռոգման ջրատար կառուցելու համար նախատեսված 2,9մլն. դրամ: Աքորիում, սակայն, այսօր այդ ջրատարն ու տնկարանը գոյություն չունեն: «Էս լիճը գյուղապետարանի միջոցներով 2-3 տարի առաջ եմ կառուցել: Սարքել եմ, որ մի կուռ երիտասարդների համար լողավազան ծառայի, մի կուռ էլ կտանենք էն դաշտի հողամասերը ջրելուն, իսկ 8,9մլն. դրամը բնապահպանական ծրագրով հատկացրել ենք «Դարքի խեչի» տակից ոռոգման ջուրը լճին հասցնելու համար»,- «Տափի դուզ» հանդամասի վարելահողերը ցույց տալով «Հետք»-ին 2008թ.-ի օգոստոսին պարզաբանել էր Կամո Սիմոնյանը:
Միևնույն ժամանակ Աքորիի համայնքի ավագանիներ Սվետլանա Պետրոսյանն ու Համլետ Սիմոնյանը, ի տարբերություն գյուղապետի, հայտնել էին, որ «Դարքում» կառուցված լիճը նախատեսված է ձկնաբուծության նպատակով, որը պատկանելու էր գյուղապետարանին: «Աքորի համայնքի 31.07.08թ.-ի բյուջետային բոլոր տողերի հաշվետվության մեջ «բնապահպանական միջոցառումներ տողում» կապիտալ շինարարության համար 8,8մլն. դրամ նախատեսված է գյուղամիջյան ջրագծերի շինարարության և հեղեղատարի նորոգման համար: Գյուղապետի հայտնած «Դարքի խեչի» տակից լիճ ջուր հասցնելու համար 2008թ.-ի բյուջեով գումարներ նախատեսված չեն եղել, Պետբյուջեից հատկացված 8,8մլն. դրամը թե որտեղ է ծախսվել` Աքորիում այսօր էլ հայտնի չէ: Գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու պատրվակով Կամո Սիմոնյանը 2009թ.-ի Պետբյուջեից հատկացված բնապահպանական սուբվենցիայի 6,2 մլն. դրամ հատկացումով կապիտալ վերանորոգման է ենթարկել գյուղի 4-րդ փողոցի ոռոգման ջրագիծը, 1մլն. դրամով 9-րդ փողոցի ոռոգման ջրագիծը, 2մլն. դրամով կապիտալ վերանորոգման է ենթարկել համայնքի 4-րդ փողոցը: Ի դեպ, ինչպես վերոնշյալ փողոցները, այնպես էլ վերանորոգված ջրատարներին անտեղյակ էին մեր կողմից հարցված գրեթե բոլոր գյուղացիները: Աքորեցիների օրվա հիմնախնդիրը շարունակում է մնալ ոռոգման ջուրը: Մարտի 28-ին Աքորիում գարնանացանը սկսվել էր, սակայն այստեղ գյուղացիները մշակում են ոչ թե իրենց վարելահողերը, այլ ընդամենը տնամերձ հողամասերը:
«Աքորու հողերը բարեբեր չեն, դրա համար այստեղ գյուղացիները վարկ չեն վերցնում և հողն էլ չեն մշակում»,- ասաց աքորեցի Արման Փարսոյանը:
Ոռոգման ջրի մասին աքորեցի Արամ Աբգարյանը ասաց. «Որտեղ չկա ոռոգման ջրի պրոբլեմ: Մեր «Տափի դուզ» հանդամասում 40 հա վարելահող կա, սակայն ոռոգման ջուր չկա»: Աքորեցի տղամարդկանցից մեկը «Դարք» հանդամասում կառուցած լճի մասին կատակով ասաց. «Լիճը սարքած պատրաստ ա, ձուկը մեջն անելու ա»:
Վարուժան Օհանյանն էլ ասաց. «Ես «Տափի դզում» եմ ապրում, աներձագիս հողն եմ մշակում, բայց էնտեղ ջուր չկա»: «Եթե ուզում եք ոռոգման ջրի մասին իմանաք, գնացեք տեսեք` բախչեքի չափարները քանդած, անասուններն էլ մեջին են:
Եթե ջուր ու պարարտանյութ չլինի, հողի որակի մասին կարելի է խոսել»,- ասացին զրուցակիցներս. «Չկա, ջուր չկա, իսկ, եթե վարկն էլ ասում եք, վերունենք, վարկ վերունողը, սոված ա, էդ վարկը պտի ուտի ու պետությանը տալիք մնա: Վսյո: Օրինակի համար եմ ասում, դրա համար էլ մարդիկ վախենում են, չեն էլ վերցնում վարկ: Էտա անասնացավ, բոլորս գիտենք, գյուղումը կա, եթե մարդ խոզ վերցնի, պահի` խոզը պտի սատկի: Պարտք մնաց: Եթե վերցրած վարկով հողամասը պտի մշակի` ոռոգման ջուր չկա, էլի պարտք մնաց: Լրիվ, այ բրախած անասուններ են: Էստեղ հավաքվածներս, բոլորս էլ «Տափի դզում» բախչա ունենք, բայց թողել ենք: Հիասթափված ենք: Մի երկու մարդ գնում է խոպան, ու մի կերպ իրենց ընտանիքը պահում են: Այ, սենց ա: Հլա էս մարդին ասա ջեբիցդ մի 1000 կամ 500 դրամ հանի»,- ասաց Վարուժան Օհանյանը, որի մասին էլ ընկերները կատակով ասացին. «Գեղի ակումբումը նարդի խաղացող է աշխատում»: «Վալոդին նկարի, Վալոդին»,- տեսնելով լուսանկարչական ապարատը` ասացին հավաքվածները: «Է`, այտա, ինձ բրախեք, ես էգուց էլօր խոպան եմ գնում: Փող չունեմ, ղրգելու են, պտի գնամ: Ռոստով եմ գնալու: Ոտս ճամփու ա»,- ասաց Վալոդը: «Ում ա պետք, եթե մարդը հող ունի ու չի կարում մշակի: Գոնե իրա հըմա կարտոշկա ցանի»,- ասաց Վրույր Սիմոնյանը: «Մեր սեփականաշնորհված հողերը Լալվարի լանջին են, որը 60 տարի չի մշակվել, էռոզիայի ենթարկված հողեր ա, որը նույնիսկ արոտավայր չի: Եթե դուք կարողանաք միջնորդեք մի հատ կամիսիա գա, մասնագետների հետ դրանք հանեն ոչ մշակելի, շնորհակալ կլինեմ: Անջրդի հող ա: Ես երկու ծուխ եմ, ինձ տրված ա 5000մ հող, որից 1700 մ.-ը, էրնակ գիտենաս տեղը, մեր գեղի Ռուսուլի ախպրի կշտին ա տված, մեկն էլ տված ա Լալվարի լանջին, որդի ես ոչ տրակտոր կարամ տանեմ, ոչ էլ ես ոտով կարամ ընդի հասնեմ, որ կարտոշկա ցանեմ»,- ասաց Վրույր Սիմոնյանը:
Հարցին, թե ոռոգման ջուր կա՞ էնտեղ, Վ. Սիմոնյանը պատասխանեց. «Ջուրը, թե գնանք Վրաստանից մի 5-6կմ բերենք, արխով կգա»: Ստեղծված իրավիճակում գյուղի տղամարդիկ ամեն տարի մեկնում են արտագնա աշխատանքի: Նրանցից մի քանիսը կանգնած էին գյուղ մտնող ճանապարհի եզրին. «Փող չկա, որ էս տարի գնանք: Ոչ ճամփի փող ունենք, ոչ էլ տանը փող ունենք: Ուրա, գործ կա՞, որ աշխատենք: Էն ո՞ր տարին ա մեր գեղըմը գործերը լավ եղել, ո՞ր: Ընտանիքս ապրըմ չի, ով ա ասում, որ ապրըմ ա: Շնչում ա էլի, ապրելը` որն ա: Վարկ վերունեմ, ո՞վ փակի»,- ասաց զրուցակիցներիցս մեկը,ով համառորեն չասաց անունը: Թե պարապ նստելու վերջն ինչ է լինելու, նա պատասխանեց. «Վերջը սրանից վատա լինելու»: «Գիտե՞ս` երբ լավ կապրենք, երբ Շառլ Ազնավուրի կեսի չափով ազգացավ մի մարդու բերեն թագավոր դնեն, 2-3 տարում կդզվի: Ձուկը գլխից ա հոտած», - ասաց աքորեցի Արամ Աբգարյանը:
Մեկնաբանել