«Առաջին անգամ հենց ինքը` Կառավարությունն է խնդրել, որ իրանց նամակ գրեմ»
Գնացեք Ամասիա եւ հարցրեք, թե ով էր Բաբկեն Թովմասյանը, նախքան...դե ոչ, իհարկե, ոչ մինչեւ հեղափոխությունը, այլ մինչեւ 1998 թվականը: Բոլորն էլ միաբերան կասեն, որ Ամասիայի վետերանների խորհրդի նախագահ, 84-ամյա Բաբկեն պապն անբասիր համբավի տեր հաշվապահ էր, ազնիվ ու անշահախնդիր, այնքան ազնիվ, որ անցած դարի 90-ականների վերջերին չմասնակցեց սեփական կազմակերպության թալանին, թեեւ որպես գլխավոր հաշվապահ դրա հնարավորությունն ուներ:
«35 տարի էդ հիմնարկի գլխավոր հաշվապահն էր, մի բան էլ ինքը կարող էր ծախել, բայց չարեց, մեզի պետք չէ շառոտ փողեր», էս է էղել իրա լոզունգը սաղ կյանքը, կյանքում անօրինական բան արած չկա, ինքը գիտեր իրա թվերը»,- ասում է 80-ամյա տիկին Ռոզան` Բաբկեն Թովմասյանի կողակիցը 1951 թ.-ից:
Բ. Թովմասյանը ծնվել է 1926-ին, Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղում: «Բանդիվանցիների համար ասում են, որ եթե ճանապարհի մի կողմում ընկած փող լինի, մյուս կողմում` թուղթ ու գրիչ, փողը թողած` գրիչը կվերցնե»,- ծիծաղում է Բաբկեն պապի դուստրը` Գրետա Թովմասյանը: Մանուկ տարիներին Բ. Թովմասյանը հոտաղությամբ է զբաղվել, հետո` բանակ, 1944 թ.-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմ: Պարգեւատրվել է «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով», «Քյոնիգսբերգի գրավման համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով եւ այլն: Կուրծքը զարդարող մեդալները հաշվելուց հետո տիկին Ռոզան նկատում է, որ դրանք 19-ն են. «Լավ կլիներ 20 հատ լիներ, Բաբկեն, կլոր թիվ կլիներ»,- քթի տակ ժպտում է կինը:

«Շուտով,- խոստանում է ամուսինը,-շուտով կտան»: Լսելով խոսակցությունը` մտածում եմ. ի՞նչ անվանական մեդալ կարող է հորինել հայրենի երկրի կառավարությունը սակավաթիվ երկարակյաց այն վետերանների համար, որոնց գոյության փաստն արդեն իսկ հերոսություն է: Բայց այս դեպքում, եթե արդարացի լինենք, Բաբկեն Թովմասյանին երկու տեսակի պարգեւ է հասնում. մեկը` երկարակեցության, մյուսը` հասարակական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար: Մինչեւ 1998 թ. որեւէ մեկի մտքով չէր անցնում, թե քչախոս, համեստ այս հաշվապահը, ում ձայնը տնեցիներն անգամ հազվադեպ են լսում, սկսելու է գրել նամակներ` ուղղված հիմնականում երկրի բարձրաստիճան ղեկավարներին, պայքարելու, որպեսզի հայրենի գյուղում կյանքը բարելավվի: «Ինձ առաջին անգամ գրել խնդրել է Կառավարությունը,- ասում է Բաբկեն Թովմասյանն ու, նկատելով տարակուսանքս, շարունակում,- հա, հա, հենց իրանց խնդրանքով եմ գրել: 1998 թ. էր, հեռուստատեսությամբ անընդհատ կելնեին, կհայտարարեին, թե` գրեք մեզ, սիրելի ժողովուրդ, թե ովքեր են ձեզանից գողացել փողերը, խոսքը խնայդրամարկղերի փողերի մասին էր: Ես էլ գրեցի, որ դուք եք գողացել, դուք էլ հետ տվեք իմ փողերը:
Դե, իհարկե, էդքան կոպիտ ձեւով չէի գրել, բայց գրեցի, իրանք էլ սիրով պատասխանեցին, թե չունեն, որ տան, հենց ունեցան` կտան: Անցել է 12 տարի գրածիցս, բայց մեկ է, էդ փողերը դեռ չեմ ստացել, կպատճառաբանեն, թե երկիրը էդքան փող չունի, որ բոլորին միաժամանակ հատկացնեն, սպասեք: Մենք էլ սպասում ենք, բայց տարիքն է անցնում, չէ՞: Դրանից հետո սկսեցի գրել»: Աշխատանքային կենսագրության վերջին 35 տարիները նվիրելով Ամասիայի Վերանորոգման շինարարական տեղամասին` 72 տարեկանում, մշտապես աշխատանքով զբաղված վետերանը դառնում է գործազուրկ: «1998-ին էր, էլի, վերջին անգամ բալանս էի տարել Երեւան, հետ եկա, իմացա, որ հիմնարկը քանդում են, մեզ էլ ազատում են աշխատանքից, աչիկ ջան, էդպես էղավ պատմությունն իմ չաշխատելու, հիմնարկը քանդեցին, մեզ էլ վռնդեցին,- պատմում է Բաբկեն պապը,- երեւի էդ ժամանակ, որ արդեն պարապ մնացի, ավելի շատ սկսեցի տեսնել թերությունները»: «Վերադարձրեք ազնիվ քրտինքով վաստակած մեր փողերը» վերտառությամբ առաջին նամակին հետեւում են այլ բովանդակությամբ նամակներ: 12 տարվա ընթացքում, պապի հաշվելով, 60-70 նամակ է գրել: «Գրել եմ բոլորին` երկրի նախագահին, վարչապետին, նախարարություններին, մարդու իրավունքների պաշտպանին, մարզպետներին: Գրել եմ Ամասիայի խնդիրների մասին, վետերանների անտեսվածության: 2005 թ. էր, նամակ էի գրել Սերժ Սարգսյանին, որ մարզի առողջապահության վարչությունը մեզ` վետերաններիս հասանելիք ուղեգրերը չի տալիս, որ գնանք հանգստանանք, մարդը սիրով պատասխանել էր, միջամտեց, գնացի «Արզնի» առողջարանում հանգստացա»,- հիշում է պապը: Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանն այցելում է Ամասիա: Իմանալով այդ մասին` Բաբկեն պապը որոշում է անձամբ ներկայանալ այն ժամանակ դեռ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին: «Գնացի, ներկայացա, շնորհակալություն նախ հայտնեցի, որ իրա միջամտությունից հետո էդ ուղեգրերի հարցը լուծվել էր, հետո ավանդների հարցն եմ բարձրացրել,- հիշում է 84-ամյա վետերանը,- Սերժ Սարգսյանն էլ մոտը կանգնած մեկին հանձնարարեց, իրա օգնականն էր երեւի, որ ինձ հեռախոսահամար տան, որ հենց մի հարց լինի, զանգեմ: Որ ճիշտն ասեմ` ես մի քանի անգամ զանգել եմ, բայց արդյունքի չեմ հասել: Չգիտեմ` տեղակալն էր պատասխանում, թե թիկնապահը, բայց զանգերիս արդյունքը չեմ տեսել, այ, որ ինքն անձամբ պատասխաներ...»:
Բ. Թովմասյանը բազմիցս գրել է Ամասիայի տարածաշրջանից Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի վերանորոգման համար: «Կառավարությունից պատասխանեցին, թե իրենք էլ շահագրգռված են, որ վերանորոգվի, բայց միջոցներն են սուղ, թող տեղական իշխանությունները գումար հատկացնեն: Ես էլ գրեցի, որ ճիշտ է, ՏԻՄ-երը իրավունքներ ունեն, բայց միջոցներ չունեն, դրա համար էլ մեր հույսը Կառավարությունն է»: Թովմասյան Բաբկեն-Կառավարություն նամակագրության արդյունքն այն է եղել, որ պաշտպանության նախարարությունից եկել, տեղում ուսումնասիրել են, հաշվարկել, թե որքան գումար կարժենա հուշարձանի վերանորոգումն ու գնացել:
Ամասիայի համայնքապետ Աղասի Ամիրյանը, պարզվում է, լավատեղյակ է Թովմասյան Բաբկենի բազմաթիվ նամակագրական կապերից, քանի որ շատ դեպքերում պատասխանները հասցեագրվել են նաեւ իրեն: «Մեր համայնքի ամենաակտիվ բնակիչն է, չնայած իր տարիքին, գյուղապետարանի առաջին հարկում աշխատասենյակ ունի, մարդկանց էնտեղ է ընդունում,- ծիծաղում է համայնքապետը,- հուշարձանի պատմությունից էլ եմ տեղյակ: Իրա գրելուց հետո ինձ ստիպում էին, որ համայնքային միջոցներով նորոգեմ, բայց ես 126 մլն դրամ որտեղի՞ց գտնեի: Թովմասյանը մենակ դրա համար չի գրել, կինոթատրոնի համար է գրել, ավանդների համար է գրել»: Ուղարկված նամակների կրկնօրինակներն ու ստացած պատասխանները Բաբկեն Թովմասյանը հաշվառում է, իր ասելով` մուտք ու ելքի մատյան ունի, որտեղ խնամքով դրանք կարում է:

«Երկու տարի առաջ Կառավարությանը գրեցի, որ Ամասիայում անօրինաբար քանդում են հասարակական նշանակության շենքերը,- հիշում է Բաբկեն պապը,- գրել եմ կինոթատրոնի շենքի մասին, պատասխանեցին, թե դա առայժմ չի լինի, շատ գումար է պետք` 400 մլն դրամ: Դրանից պրծա, սկսեցի գրել երկրաշարժից առաջ կառուցված մշակույթի պալատի մասին: Վարչապետին գրել էի, որ երկրաշարժից բացարձակապես չտուժած շենքն էսօր նմանվել է Անիի ավերակներին, մի հատ եկեք-տեսեք: Ասեմ, որ վարչապետն ինձ անձամբ դեռ չի պատասխանել, վերահասցեագրել է տարբեր գերատեսչությունների վրա: Սրանք էլ մի նորմալ պատասխան չէին տալիս: Վերջը, որոշեցի գրել անձամբ տիկին նախարար Հասմիկ Պողոսյանին, բայց ինքն էլ որոշակի կոնկրետ պատասխան չտվեց: Բոլորը գրում են, թե իրենք էլ են շահագրգռված խնդրով, բայց միջոցներ չունեն»: Պապը չհիշեց, թե այդ թեմայով քանի նամակ է գրել, ամենայն հավանականությամբ` շատ, քանի որ մեկ տարի առաջ, ի վերջո, ստացել է դրական պատասխան, որ 121 մլն դրամ է տրամադրվելու մշակույթի թալանված շենքի նորոգման համար: «Ինձ գրել էին, որ գնամ մանրամասները մարզպետարանից իմանամ: Գնացի շինարարության վարչության պետի` Ալբերտ Մարգարյանի մոտ: Մարգարյանն ասաց, որ, իրոք, իրենք արդեն տեղեկացված են, եւ շենքը 2010-2013 թթ. ընթացքում կնորոգվի,- ասում է Բաբկեն Թովմասյանը,- ես էլ իրան հլա հարցրեցի, թե դուք չէի՞ք կարող հետաքրքրվել, որ ես պիտի գրեի»:
Տիկին Ռոզան դժգոհում է, որ Ամասիայում ամուսնուն մականուն են կպցրել` «մատերիալիստ Բաբկեն»: «Համ անուն կկպցնեն, համ կվազեն մոտը, թե` Բաբկեն ջան, մի հատ էլ մեր անունից նամակ գրի: Հիմնականում մեր մոտի փախստականները կդիմեն»: Լսելով կնոջ դժգոհությունը` ամուսինը բարեհոգաբար ծիծաղում է. «Թող ասեն, ի՞նչ վնաս դրանից, կարեւորը, որ օգուտ լինի էդ գրելուց: Ես հո իմ համա՞ր չեմ գրում, ես հո մարդկանց չեմ զրպարտում, ես գրում եմ, որ վաղը մյուս օրը իրանք լավ ապրեն, հանրային նշանակության խնդիրների մասին եմ գրում, հասկանու՞մ ես»,- բացատրում է Բաբկեն պապը:
Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ մարտի 29-ին Բաբկեն Թովմասյանը մահացել է: Խմբագրությունը խորապես ցավակցում է նրա ընտանիքի անդամներին եւ հարազատներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել