HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մանրամասներ «Կապոյի» գործից

Այս տարվա ապրիլին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացավ Վանաձորում Կապո մականունով հայտնի նկարիչ 49-ամյա Կարեն Դավթյանը: Վանաձորի կենտրոնական հանրախանութի դիմաց իրար էր բախվել 6 ավտոմեքենա. «Ֆոլսվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենան «ՎԱԶ-2107»-ին, վերջինս` «Նիսան սանի» մակնիշի 2 մեքենայի, որոնք էլ` «Սամանդ» եւ «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներին:

Կարեն Դավթյանը «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայում էր եղել: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել էին Վանաձորի հիվանդանոց` վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել էր:

Մահվան ելքով վթարի փաստով հարուցված է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Գործը գտնվում է ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում:

Վթարի հետեւանքով տուժած ավտոմեքենաներից միայն «Նիսան սանի» մակնիշի մեքենաների սեփականատերն է փոխհատուցման պահանջ ներկայացնում: Դրանք Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հորեղբոր որդու` Վիկտոր Դարբինյանի «Էլիտար» տաքսի ծառայության մեքենաներն են: Վերջինս գործարար է եւ միաժամանակ պետական պաշտոնյա` Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետը:

Ինչպես Վ. Դարբինյանն է պատմում, Կապոյի թաղման արարողությունից հետո հաշվարկել է տվել վթարի հետեւանքով իր տաքսի մեքենաներին պատճառված վնասի չափը, որպեսզի փոխհատուցում ստանա: Դիմել է ապահովագրական ընկերություն, որտեղ պարզվել է, որ վթարն առաջացրած մեքենան` «Ֆոլսվագեն տուարեգը», վթարի ժամանակ ապահովագրված չի եղել:

(Նման դեպքում, համաձայն ԱՊՊԱ օրենսդրության, վնասը փոխհատուցվում է Ապահովագրական բյուրոյի կողմից: Բյուրոն այնուհետեւ հետադարձ պահանջի իրավունքով հատուցված գումարը հետ է ստանում ԱՊՊԱ չունեցող ավտոմեքենայի սեփականատիրոջից: Բայց քանի որ տվյալ դեպքում հարուցված է քրեական գործ, քրգործի ավարտից եւ քննիչի որոշումը ստանալուց հետո միայն տուժողը կարող է հատուցման պահանջով դիմել Բյուրո:

Բյուրոյից «Հետքին» տեղեկացրել են, որ նշված դեպքով վնասի հատուցում չի եղել, չէր կարող լինել, քանի որ հարուցված է քրեական գործ, դեպքի առիթով էլ Բյուրոն որեւէ դիմում չի ստացել):

Վիկտոր Դարբինյանի ասելով` ինքն այնուհետեւ վնասի վերականգնումը պահանջել է մեղավոր վարորդից: Վերջինս` 24-ամյա Վլադիմիր Իսպիրյանը, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի որդին է, ուստի` Վ. Դարբինյանը քննչականի պետին է ներկայացրել փոխհատուցման իր պահանջը:

«Ասեցի` էս մեքենաների վերականգնման հարցը ոնց պըտի ըլնի: Թե` գլուխս խառն ա, սենց, նենց: Ասի` լավ, սպասեմ, բայց իմը անձնական օգտագործման չի: Իմ վրա հարկ ա դրած: Վարկի տակ մեքենաներ են, մեքենան պըտի աշխատի, որ հատուցի: Դրան ավելացրած ինքնարժեքը, հարկը, աշխատավարձը: Կանգնելով, չաշխատելով` օրը 8 հազարի վնաս եմ տվել: Ասավ` հըմի հնարավորություն չունեմ: Ասի` ես կարող եմ ընդառաջ գնալ քեզ, 1000 դոլար իմ կողմից որպես օգնություն դնեմ, էն մնացածը որոշեք, տեսեք ոնց եք անում, որ շուտ էդ մեքենաները սարքվի»,- պատմում է Վ. Դարբինյանը:

Ըստ Վ. Դարբինյանի` 2600 դոլարի ավտոպահեստամաս է գնել, որից 1000 դոլարը` որպես խոստացված օգնություն, իր կողմից է վճարել, իսկ մնացած 1600-ը Գ. Իսպիրյանը հետո պիտի վերադարձներ իրեն, ինչը չի արել:

Գ. Իսպիրյանը նույնիսկ ժխտում է, որ Վ. Դարբինյանը դիմել է իրեն` տաքսի մեքենաներին պատճառված վնասը հատուցելու պահանջով: 

Վ. Դարբինյանը, սակայն, հետեւյալն է պատմում. «Էդ ընթացքում նույնիսկ դատախազը ինձ կանչեց էդ պահով, իր մոտ հրավիրեց: Գնացի, պարոն Իսպիրյանն էլ նստած էր մոտը: Դատախազը թե` մի քիչ ընդառաջ գնա, հիմի տեղը նեղ ա, սենց, նենց, իբր դու էլ քո կողմից դիր, ոչինչ, օգնի: Ասի` ես առանց էն էլ ընդառաջ գնըմ եմ: Էդ պահին արդեն մի քանի ապակին, դուռը, բանը ձեռք էի բերել: Ասի` որոշ պահեստամասերը ձեռք եմ բերել, որոնք որ պըտի փոխարինվի, եւ ասել էլ եմ իրան, բայց ես ամբողջությամբ հո չեմ կարալ իմ վրա վերցնեմ: Թե` մենք չենք ասում ամբողջությամբ, ինքն էլ կօգնի, բան: Վերջը Իսպիրյանը դուրս էկավ, մենք Իսպիրյանի հետ պայմանավորվեցինք, որ վարպետներ ճարենք, վարպետների գումարը ինքը կտա, պահեստամասերը, որ գնվիլ տի, ես կգնեմ, հետո ինքը էս գործը վերջացնելուց հետո ապահովագրությունը կստանա, իմ գումարը կվճարի: Բա ասի` քո ավտոն ապահովագրած չի: Ինքը ասեց, թե միանշանակ մեղավորը նա պըտի ըլնի` ով որ մահացել ա` նկարիչը: Եվ մենք նրա ապահովագրությունից կստանանք: Ինձ համար դա զարմանք էր: Բայց ասի` եթե տենց ա, ինձ հըմար մեկ ա»:

Վ. Դարբինյանի ասելով` Գ. Իսպիրյանը մինչեւ հիմա որոշ գումար տվել է իրեն` 150 հազար դրամ վերանորոգող վարպետների համար եւ եւս 500 դոլար: Այդքանով վնասը փոխհատուցելով` խոստացել է հետագայում ամբողջությամբ վերականգնել այն: Սակայն, ինչպես Վ. Դարբինյանն է նշում, իր եւ Գ. Իսպիրյանի միջեւ ֆինանսական վեճը մինչ օրս լուծված չէ:

«Ժամանակ առ ժամանակ զանգահարում եմ, ասում եմ` ինչ էղավ գործընթացը, ասում ա` հլա դեռ չի ավարտվել, երբ որ կավարտվի, ես քեզ կասեմ: Քննիչը պըտի որոշում տա, որ ապահովագրությանը դիմենք: Եվ իբր մեղավորը էն մեքենան ա, որի մեջ մահացել ա նկարիչը»,- Գ. Իսպիրյանի խոսքերն է փոխանցում Վ. Դարբինյանը:

Վ. Դարբինյանը «Կապոյի գործում» ոչ միայն շահագրգիռ անձ է, ըստ իր ներկայացրած ֆինանսական վեճի, այլեւ վկա: Ավտովթարի դեպքից րոպեներ անց իր վարորդների զանգով նա դեպքի վայրում է հայտնվել: Այդ պահին Կապոյին մեքենայից հանելիս են եղել: Եվ նա դեռ կենդանի է եղել:  

Ավտովթարի հետ կապված` Վ. Դարբինյանը իրեն հայտնի հետեւյալ մանրամասներն է պատմում. «Տուարեգը» 4-5 մեքենա ջարդելով, սենց ոնց որ վեր ունի տանի, մի 30 մետր էդպես տարել էր, ավտոներին տվել: Ասում ա` դուրս էկավ ու լկտիավարի ա, էս կայֆս կոտրեցիք: Ասին` մեղավորը Կապոն ա, իբր վթարային վիճակը նա ա ստեղծել, առաջն ա ընկել: Էլ չեն ասում, որ նա իրա աջից դուրս ա էկել երթեւեկելի մասը: Դե Կապոյի կինն էլ ա ընդեղ էղել: Ասում են` Կապոյի կինը իրա լռության համար փող ա վերցրել: Իսպիրյանը տվել ա, ուրիշից ա վերցրել, ինձ թվում ա` օգուտով էլ ա դուրս էկել: Գիտեք ինչ են արել. բժիշկներից փողերը վերցրել են, բժիշկներին կանչել են, սպառնալիքներ տվել, որ իմ հետ պըտի վերականգնեք էս բաները, դուք եք մարդասպանը, իմ երեխեն չի: Դուք եք սպանել, կարար ապրեր: Էն մարդիկ ահաբեկված` փողերը տվին: Գումարներն էլ գիտեմ: Բժիշկ Եդոյանը չի եղել, բայց Եդոյանից էլ են փող վերցրել` ուղիղ 20 հազար դոլար: Եդոյանին կանչել են, որ` խի չես գնացել, խի չես տեսել հիվանդին, պարտավոր էիր գնայիր: Խեղճ Եդոյանը` հայրը, դեռ Կարլոս Աբովյանը իրա կենդանության ժամանակ նկարներ ա նվիրած էղել, 2 նկար ծախել են, որ էդ փողերը տվել են: Բժիշկ Մելիքյանից էլ ուզած կըլնեն: Մելիքյանին հեռացրել էին, որ գործ չհարուցեն: Համ դատախազն ա ուզել, համ Իսպիրյանը: Ախր մարդիկ էլ տալիս են, վախըմ են, հաշվեհարդարից բանից են վախըմ: Իսպիրյանն էլ դատախազի կամակատարն ա: Որ եթե բան չի ըլնում, գործերով, բանով սարքում ա, բայց դե ասողը նա ա»:  

Մեկնաբանություններ (3)

Kamo
maladessss SNG
Artur
-i dzerqin krakn enq ynkel. De iravapah marmineri ashxatoxnery vor irenc edpes en pahum el inch asem? 20 tari arach aselov ankaxuthyany menq inch erkrum enq uzecel aprel? Demokratakan erkir enq mardavari aprenq che tenc el haitnenq ashxarhin asenq-Giteq inch ka mer mot kam asoxi barekam piti lines vor lav apres ev orenqic durs lines.Et dzer Unversal Human Rights-y Haiastanum chi ashxatum
Artur
Mafiozni qaxaq apastoren darnum. Dataxazy mi bani nman chi baic de taxineri tern el Astcu gar chi. Meky mahacac mardu apahovagruthun a pahandjum, mjusy asuma indz mek a?? 500 dollar tvel a esqan chi tvel??? Mnacacy erevi Erevani dataxazuthyan iravasuthyan harcer en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter